Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բարձր մասնակցություն` ԼՂՀ նախագահի ընտրություններում

Բարձր մասնակցություն` ԼՂՀ նախագահի ընտրություններում
19.07.2012 | 20:05

Ժամը 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կփակվեն 274 ընտրատեղամասերը, և կսկսվի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Արցախի համապետական այս ընտրություններն աչքի են ընկնում ընտրողների բարձր ակտիվությամբ, ինչը վկայում է, որ ԼՂՀ բնակչությունն ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական գործընթացներին: Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ժամը 17:00-ի դրությամբ Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել է 21 հազար 168 քաղաքացի, Ասկերանի շրջանում` 8 հազար 377, Հադրութում` 6 հազար 392, Մարտակերտում` 8 հազար 968, Մարտունու շրջանում` 9 հազար 899, Շահումյանում` 1408, Շուշիում` 2 հազար 352, Քաշաթաղում` 3 հազար 803, Երևանում` 398 քաղաքացի:

Նշենք, որ ԼՂՀ-ում ընտրելու իրավունք ունի 98 հազար 909 քաղաքացի: Տպագրվել է շուրջ 102 հազար քվեաթերթիկ:
Նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում 21 դիտորդ` հինգ տեղական հասարակական կազմակերպություններից և շուրջ 100 դիտորդ` այլ երկրներից:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին Արցախ է մեկնել նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Միջազգային դիտորդներ են մասնակցում, մասնավորապես, ՌԴ Պետդումայից, Կանադայի խորհրդարանից:
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցն Արցախից, քվեարկությունն անցնում է շատ հանդարտ մթնոլորտում: Ընդդիմության թեկնածուներն ընդամենը 1-2 թերությունների մասին են բարձրաձայնել, որոնց առնչությամբ, սակայն, չեն դիմել ԿԸՀ:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը և անկուսակցական Արկադի Սողոմոնյանը: Որպես նախագահի թեկնածու առաջադրվել էր նաև թոշակառու Վալերի Խաչատրյանը, սակայն նա հուլիսի 10-ին ինքնաբացարկ է հայտնել` ասելով, որ ինքը քվեարկելու է գործող նախագահի օգտին:

Դիտվել է՝ 3803

Մեկնաբանություններ