ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Իսրայելի հաղթական հայտարարությունների առթիվ

Իսրայելի հաղթական հայտարարությունների առթիվ
20.10.2024 | 08:32

Արդեն որերորդ անգամ Իսրայելն ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարում է, որ իրեն հաջողվել է ոչնչացնել «Համմասի» կամ «Հըզբոլլահի» այսուայն ղեկավարներին, հետո էլ՝ նրանց փոխարինողներին։ Իհարկե, որևէ հիմք չունենք այդ հայտարարություններին չհավատալու, երբ դրանց հեղինակը «ամենազոր» Իրայելն է՝ իր համազորը չունեցող Մոսադով։ Մանավանդ որ որոշ ժամանակ անց «Համմասն» ու «Հըզբոլլահը» հաստատում են այդ լուրերը։

Այնուամենայնիվ, ամեն այդպիսի հայտարարությունից հետո միտքս է գալիս մի գրեթե չլուսաբանված իրողություն հայ իրականությունից։

1982-ից ի վեր ՀԱՀԳԲ տարածած պաշտոնական հաղորդագրությունների ու հայտարարությունների մեջ կազմակերպության հիմնադիր-ղեկավար

Հակոբ Հակոբյանը ներկայացված է որպես «նահատակ ընկեր» կամ «նահատակ ղեկավար»: Անտեղյակ ընթերցողն անշուշտ պիտի զարմանա՝ մտածելով, թե ի՞նչ «նահատակության» մասին է խոսքը, երբ վաղուց հաստատված է, որ Հակոբյանը սպանվել է 1988 թվականին:

Բանն այն է, որ 1982-ին, երբ ՀԱՀԳԲ-ն գտնվում էր գործողությունների անընդհատության ու արդյունավետության գագաթնակետին, նրա ղեկավարի շուրջ օղակը շատ էր սեղմվել. թուրքական, իսրայելական, լիբանանյան և այլ երկրների գործակալական ցանցերն ու նաև հայ հետադիմական շրջանակները ամենուր նրան էին որոնում:

Այդ տարվա ամռանը, երբ իսրայելական օդուժը ներխուժեց Լիբանան և կործանարար ռմբակոծության ենթարկեց երկիրը, Հակոբյանը հերթական արտառոց միտքն հղացավ: Կազմակերպությունը պաշտոնապես հայտարարեց, որ ռմբակոծության ժամանակ իր ղեկավարներից Հակոբ Հակոբյանը և մի մարտիկ (Սարգիս Գյուլխանջյան) զոհվել են: «Հայաստան» պաշտոնաթերթի 1982 թ. 31-32 միացյալ համարի երկրորդ էջում կարդում ենք.

«Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ղեկավարությունը հայ ժողովուրդին կը գուժե նահատակությունը հայ հեղափոխության և Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ղեկավարներեն Հակոբ Հակոբյանի ու անոր ընկերակից ֆետայի Սարգիսի, որոնք նահատակվեցան 31 հուլիս, 1982-ին՝ Բեյրութի մեր կեդրոնին վրա իսրայելյան բանակին կողմե բարբարոս ռմբակոծման հետևանքով, 30 հուլիս 1982-ի իրիկունը ծանր կերպով վիրավորվելե ետք:

Նահատակ ղեկավար Հակոբյան հեռաձայնային վերջին զրույց մը ունեցավ ֆրանսական «Լը Մաթեն» թերթին հետ և հակառակ իսրայելյան վայրագ ռմբակոծումեն ծանր կերպով վիրավորված ըլլալուն, պատասխանեց անոր բոլոր հարցումներուն:

Մինչ կը գուժենք նահատակությունը ղեկավար Հակոբ Հակոբյանի և անոր ընկերակից ֆետայի Սարգիսի, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը և մասնավորաբար ֆրանսահայությունը կը հրավիրենք ոգեկոչելու հիշատակը ղեկավար Հակոբյանին, աղոթք մատուցանելով անոր սրբազան հոգվույն, կիրակի, 8 օգոստոս, 1982-ին՝ աշխարհի բոլոր եկեղեցիներեն ներս:

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդին կուխտենք, թե պիտի շարունակենք մեր պայքարը մինչև Հայաստանի ազատագրությունը:

Հավե՜րժ հիշատակ նահատակ ղեկավար Հակոբ Հակոբյանի և անոր ընկերակիցին:

Հավե՜րժ հիշատակ հայ հեղափոխության բոլոր նահատակներուն»:

Նույնպիսի մի հաղորդագրության ենք հանդիպում «Հայաստան» ամսաթերթի հաջորդ՝ 33-34 համարի 17-րդ էջում. «․․․Աշխարհասփյուռ հայ ազգի զանգվածները կը հրավիրենք աղոթք մատուցանելու Հակոբ Հակոբյանի նահատակման քառասունքին: Ղեկավար Հակոբ Հակոբյան ծանր կերպով վիրավորվելե ետք նահատակվեցավ Բեյրութի մեջ, ամերիկյան մահասփյուռ զենքերու միջոցավ, իսրայելյան նացի բանակի բարբարոս ռմբակոծման հետևանքով:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը երբեք լուռ պիտի չմնա Ամերիկայի գլխավորությամբ սիոնիզմի ու կայսերապաշտության այս արարքին դիմաց, և մեր պատասխանը մոտ է…»:

Պատկերացրեք, այս հնարանքը աշխատել է: Գոնե մի որոշ ժամանակ։ Լրտեսական կազմակերպությունները կարծում էին, թե լեգենդար ղեկավարին կորցնելով՝ ՀԱՀԳԲ-ն պիտի անկում ապրի, սակայն հետագա օրերին թշնամական թիրախների դեմ հարվածներն ավելի սաստկացան՝ բոլորի մոտ համոզմունք ձևավորելով, թե ՀԱՀԳԲ-ի ներսում գործում է հզոր ղեկավար մարմին:

Ինչ խոսք, ժամանակակից աշխարհում դժվար թե նման բաներով հնարավոր լինի երկար ժամանակ մոլորեցնել աշխարհի «հզորներին», բայց ժամանակին մի խենթ հայորդի դա արել է ու տևական ժամանակ հաջողել․․․

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4777

Մեկնաբանություններ