Լուսահոգի Պետրոս պապս հաճախ էր պատմում իրական պատմություններ, որտեղ հեքիաթի տրամաբանությամբ բարությունը և արդարությունը ոսկեզօծում էին մարդկային արարքը։ Եվ այնքան համով հոտով էր պատմում, որ կարծես լսածներս, իրոք, հեքիաթ լիներ։
Մի օր պապս պատմեց, որ հարևան գյուղերից Հասո անունով մի քուրդ, որը օրավարձով էր աշխատում մի ունևոր հայի տանը, նրա երկու կովը տանում է յայլա խառնելու ընդհանուր նախրին։ Մութը վրա է տալիս և Հասոն ստիպված է լինում գիշերել այն գյուղում, որտեղով անցնում էր։
Թակում է առաջին երևացող տան դարբասը։ Պարզվում է, որ տանեցիները բոլորը տան դուռը կողպել են ու սար են գնացել։ Մնում էր նրանց գոմում գիշերել։ Բացում է գոմի դուռը, կովերին քշում է գոմ և դուռը ներսից ծածկում։ Իսկ ինքը պառկում է գոմի մսուրում հավաքած ծղոտի մնացորդների վրա։
Հասոյի քունը չի տանում։ Նա ձեռքի փայտով ակամա պատերին է թխթխկացնում և հանկարծ զգում է, որ մի տեղ հարվածի ձայնը ուրիշ կերպ է լսվում։ Հետաքրքրությունը շարժվում է, հարվածում է տարբեր տեղերի, ամեն տեղ ձայնը նույնն է, բացի էդ մի փոքր հատվածից։ Սկսում է էդտեղի ծեփ պոկել, ստուգելու համար, թե ինչու է էդպես։
Պարզվում է, որ դա թաքստոց է։ Տանտերը գյուղի մեծահարուստներից էր և ռուսական ու տաճկական ոսկեդրամներ էր թաքցրել։ Հասոն վերցնում է ոսկիները, կովերը հաջորդ օրը հասցնում յայլա և վերադառնում իրենց գյուղ։
Տանտերը մի քանի օր անց վերադառնում է սարից, տեսնում է գոմի դուռը բաց և թաքստոցը թալանված։ Մտածում է, որ իր քրոջ տղաների գործը կլինի և անուղղակի հայտարարում է, որ իր հոտից երկու հարյուր ոչխար են գողացել, կեսը սպիտակ գույնի, կեսը՝ սև։ Հասկանելի ակնարկներով հասկացնում է, որ գիտի, որ իր քրոջ տղաներն են տարել և մի ամիս ժամանակ է տալիս, որ վերադարձնեն։ Չվերադարձնելու դեպքում երդվում է, որ նրանց կսպանի։ Այդ ժամանակներում երդումը աներկբա գործնական շարունակություն ուներ, այլապես երդվողը դառնում էր պատվազուրկ։
Պապս ասում էր, որ Հասոյին էլ է հասնում լուրը։ Նա կռահում է առաջիկա կատարվելիքը և գալիս է էդ մարդու տուն։ Տանեցիները սեղան են գցում, հյուրասիրում են և զրույցի ընթացքում Հասոն տանտիրոջն ասում է, որ նրա ոչ թե ոչխարները, այլ ոսկիներ են տարել: Տանտերը հրաժարվում է, ասում է, որ ինքը ոսկի չի ունեցել, ուղղակի իր ոչխարները քրոջ տղաներն են տարել, եթե չբերեն, երկուսին էլ կսպանի։
Հասոն հանում է ոսկիները, դնում սեղանին և պատմում եղելությունը։ Տանտերը զարմացած ու շփոթված անակնկալի է գալիս, մի պահ հասկանում է, որ քրոջ անմեղ որդիների, էդ անմեղ հոգիների արյունն էր թափելու։ Դու ինձ փրկեցիր, Հասո՛, Աստված քեզ ուղարկեց, թե չէ հոգիս դժոխքի բաժին էր դառնալու։ Էս ոսկիները էլ աչքիս չեն գալիս, քո արածը հազար անգամ թանկ արժի։
Հաշվում է հիսուն ոսկի և տալիս Հասոյին, ասելով՝ սա համարիր քո արդար վաստակը։ Հասոն հրաժարվում է վերցնել, բայց տեղի տալով տանտիրոջ թախանձանքներին, վերցնում է, ասելով, որ, եթե իր պատճառով սպանվեին նրա քրոջ որդիները, էդ ոսկիները չարիք էին դառնալու, հացի տեղակ թույն էին դառնալու իր համար։
Պապս ավարտեց պատմությունը, ծխախոտ կպցրեց, ու որոշ դադարից հետո ասաց՝ արդար վաստակը ու պատիվը Աստծուց են ու հավիտենական են։ Ամեն մեկը արածի համար պատասխան է տալու Աստծուն։ Չէ՞ որ, Աստված տեսնում է մարդու թե՛ լավ, թե՛ վատ գործերը։
Միայն արդար կյանքով ապրող մարդն է գիշերները հանգիստ խղճով գլուխը դնում բարձին,- խրատող տոնով ասաց նա։
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ․Գ․
Տարիների հեռվից զգում եմ պապիս խոսքերի ճշմարտացիությունը։
Իրոք, մարդու կյանքում Աստծու պատկերացումը հավիտենության շունչ է փոխանցում գիտակցությանը։ Մինչդեռ, առօրյայով անմնացորդ կլանված ներկայազգաց միտքը, տեղ չթողնելով Աստծո ներկայությանը, մարդու հոգում աղոտացնում կամ մարում է հավիտենության գույները։