«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ծաղկասարը

Ծաղկասարը
15.11.2024 | 07:29

Հաճախ եմ հիշում մեր մանկության ծաղկասարը` երկնամերձ, երկնքի կապույտ փեշի տակ։

ՈՒ մեր ուրցակոլոլ օրը Ծաղկասարում, մեր գլխներին բազմած` սարաբույր, ծաղկեհյուս պսակներով զարդարուն օրը։

Այն ո'չ սար էր։ Ոչ` դաշտ։

Այն ծաղկասար էր` շրջապատված լանջաբաց սարերով և ուրցաթփերի` մրջնաշատ (մորմոնջաշատ) փոքրիկ բլրակներով։

«Գոռեր» էին ասում մեր Ծաղկասարին, որ ստուգաբանվում է որպես ուժգին, զորավոր, սաստիկ ձայն։

Գուցե՞ ծաղիկների միախառնված ձայնից կամ քամու օրոր-ձայնից է ծագել սարի անվանումը։

Ո՜վ իմանա Աստծո գաղտնիքները։

Ծաղկասարում դեղի՜ն-դեղի՜ն, օրորից կարմրին տվող` դեղնակարմիր, կրակավարս նարգիզ էր։

Նարգիզածաղկի ծփուն շորորապար էր այնտեղ, որից հայացքդ էլ էր փայլում, ժպտուն շողարձակում։

Բարկ արևն ասես իջել ու իր ոսկեգույն վարսերն էր արձակել, շաղ տվել լայնարձակ տախտերին։

Փայլփլուն փոքրիկ թերթիկներով յուղածաղիկն էր մեր ծաղկասարում` պոչը` բարակ, երկա՜ր-բոյո՜վ, սլացիկ օրիորդի պես։

Մի քիչ նազանքով էր անգամ սյուքից ու հովիկից օրոր-շորոր յուղածաղիկը։

Մի փոքր խոնարհ էր վարդագույնի մուգ ու բաց երանգներով շքեղ աստղածաղիկը, մի քիչ ամոթխած իր գեղեցկությունից` մանր ծաղկափնջիկները բարուրած իր սրածայր, կլոր գրկանոցում։

Ախր, շա՜տ սիրուն էր. գրկել էր վարդագույն մանր ծաղկագլխիկներին` վարդագույն ամեն ծաղկից մի շքեղ, արտաքուստ աննկատելի «բորդո» առնելով, որ վարդագույնի աչք շոյող փունջ սարքի սարվորներիս համար` շորո՜ր-շորո՜ր` շիկնանքի գույները փոխփոխելով։

Մեր Ծաղկասարում արև-արեգակն ասես փարվել էր հազարաթերթ, ծփուն ծաղիկներին ու թեթև շվաք արել, որ հովիկն անցնի նրանց միջով, որ կեսօրին շնչակտուր չլինեն շոգից։

Մեր ծովասարում` նարգիզածաղիկների հարևանությամբ, երիցուկի ծովածավալ դաշտերն ասես շղարշե, ճերմակազգեստ հարսիկներ լինեին` սևուկ, խատուտիկ աչուկներով, ճե՜փ-ճերմա՜կ, իրար թևանցուկ, խոնարհ թերթիկներով։ Նրանց սպիտակ փնջիկներում` մտքում պահած թանկ, թաքուն, հազիվ շշնջացող անուններ էին` «Սիրու՞մ է, չի՞ սիրում»։

Հողին մոտիկ թփերում` բարակիրան ծեղ-ծղոտների գրկում թաքնված արծաթազօծ, արծաթաշուրթ սիրի-սիրի էր` հիշողության թաքուն, խոր գաղտարաններում` չբարձրաձայնված, «շիկնանքի պատճառ» անուններով։

Մեկ-մեկ այլ սարերից «փախս տված» բաց երկնագույն-ամպագույն երիցուկներ էլ կային։

Ինձ երբեմն թվում էր, թե նրանք հսկում են ճերմակ երիցուկներին ու սիրի-սիրիներին ու նրանց անդորրը, որ սերը շատ լինի, չպակասի Ծաղկասարում։

Կակաչների ալեծուփ ծով էր ծովասարում` հարս ու փեսա` թավշե

կոկոն-պուտպուտիկների մեջ թաքնված, որ ափի մեջ ճտտալով` հարսիկ էին դառնում ու փեսա, իսկ երբեմն` շփոթված, կոկոն-կոկոն` քամուց գրկախառնվում։

Ծաղկասարի վեր բարձրացող լանջերին վարդագույն խնձորածաղիկների թալա էր` գլուխները միշտ վեր, միշտ ժպտուն։

Նրանց հարևանությամբ` գետնամերձ կապուտաչ անմոռուկն էր` միշտ լուռ, շաղ-արցունքը` թերթիկներից կախ։

Տարիները սահում, բայց մեր Ծաղկասարի կարոտը չի անցնում։

Այդ վայրի, դաշտային ծաղիկների մեջ այնքա՜ն սեր կար ամբարված, այնքա՜ն քնքշություն, այնքա՜ն գաղտնիք։

Աստված ասես գույները լիաբուռն էր արել ու նրանց ծաղկասերմերը երկնքից բուռ-բուռ շաղ տվել երկնքի փեշի տակ ծվարած մեր ծովածավալ դաշտերում, որ այն դառնա մեր մանկության անանց կարոտն ու հիշողությունը ու չվերջանա՜, չվերջանա՜...

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3494

Մեկնաբանություններ