«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հավերժական անուն` ձուլված դարերին ու հայոց հողին

Հավերժական անուն` ձուլված դարերին ու հայոց հողին
25.11.2024 | 20:44

Շնորհավոր Ձեր տարեդարձը, լեգենդար Հերոս:

Նա ծնվել էր Սփյուռքում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում:

Եվ եթե չլինեին պատերազմի համազարկերը, Արցախը նրան Հայրենիք չկանչեր, մենք մեծ հայորդու անունը լսելու էինք աշխարհի հռչակավոր հնագետների շարքում: Եվ այստեղ նա ևս լինելու էր իր ազգի զինվորը, ով կպայքարեր ու կհաղթեր այն ուժերին, ովքեր տասնամյակներով շարունակում են խեղաթյուրել Հին աշխարհի պատմությունը՝ ջնջելով այնտեղից հայ ժողովրդի անցյալի հետքերը:

Նա ընդունվեց աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկը, բայց նախընտրեց գնալ Արևմտյան Հայաստան և նվիրվել Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որին նվիրված գիտական թեզ պաշտպանեց: ՈՒսումնասիրում և չափագրում էր Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։ Եվ նա արդե՛ն գիտության զինվոր էր, բայց նրան կանչեց Արցախը...

Նա եկավ Հայրենիք ու մեկնեց առաջին գիծ:

Եկավ որպես գաղափարի զինվոր: Եվ իր օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին է լինում իսկական հրամանատարը, որ ազգերը կարողանում են հաղթել պարտադրված պատերազմում:

Ինքը լինելով հրամանատար՝ զինվորին սիրեց , նրան դիտելով իրեն հավասար, զինվորի հետ ոչ թե կիսում էր, այլ զինվորի՛ն էր թողնում վերջին կտորը հացի, որովհետև գիտեր՝ ամենահանճարեղ զորավարն անգամ չի կարող հաղթել պատերազմը, եթե չլինի զինվորի սերն ու հավատն առ Հայրենիք, հավատը հենց հրամանատարի հանդեպ:

Իսկ ինքը գաղափարի մարտիկ ու հրամանատար լինելով՝ ամենից առաջ ոգի էր:

-Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են,- սա էր զորավարի կյանքի բանաձևերից մեկը:

Ազգային հերոսը քաջածանոթ էր իր ազգի պատմությանը. Պատմություն, որի սկիզբը կորչում է հազարամյակների խորքում… որ Ք.ա. 6-5-րդ դդ. թվագրվող մարդկությանը հայտնի առաջին հնագույն քարտեզի վրա հստակ նշված է՝ Արմենիա:

Եվ այստեղ մեր թշնամի պետությունների անունների մասին խոսք լինել չէր կարող: Հիշենք նաև շումերների թողած հնագույն քարտեզը՝ մոտ 3500-ամյա կավե սալիկը, որտեղ հիշատակվում են ընդամենը երեք ժողովուրդներ՝ իրենք, ասորիները և հայերը: Զորավարը շատ լավ գիտեր այս ամենը, և Սփյուռքում ապրելով՝ որպես հնագետ գիտնական մարդկությանն հիշեցնելու էր այս ամենը:

Բայց եկավ Հայաստան, եկավ Արցախ ու առաջին հերթին մեզ իր կերպարով հիշեցրեց, որ զավակն ենք այն ժողովրդի , ում պատմական հնագույն սկզբանաղբյուրներում հիշատակում են՝ «Սրբազան օրենքների երկիր»…

Այսօր նրա ծննդյան օրն է: Իսկ Հերոսի անունն այստեղ գրելն արգելված է: Սակայն ոչ թշնամին , և ոչ էլ Հերոսի ծննդյան օրը՝ չորս տարի առաջ ճիշտ այս օրը Բերձորը հանձնած հայրենադավները չգիտեն, որ Հրամանատարի էպիկական կերպարը ծնելու է հաջորդ հայրենապաշտ սերունդներին և Արցախը նորից է ազատագրվելու: Այո, այստեղ արգելված է գրել Հրամանատարի անունը, բայց ո՛չ մեր սրտում:

Հրամանատարի էպիկական կերպարը շարունակելու է ապրել սերունդների մեջ, ինչպես որ դարերի հոլովույթում չեն մոռացվել Սպարապետ Մանվել Մամիկոնյանը, Մխիթար Սպարապետը, Դավիթ-Բեկը և բոլորը:

Զորավարի կերպարը չեն կարողանալու հանել սերունդների սրտից:

Նայենք այս լուսանկարին. Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամ եկեղեցին է, որ գտնվում էր Շուշի քաղաքում՝ սարահարթի բարձրադիր՝ արևմտյան հատվածում, որտեղից տեսանելի էր քաղաքի ամբողջ համայնապատկերը:

Այսօր չկա եկեղեցին, չկան մի ամբողջ ` անվերջանալի ցանկ կազմող պատմական ու հայրենական հուշարձաններ, ամբողջական գյուղեր:

Թշնամու վանդալիզմի թիրախում է հայտնվել Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը։ Չկա մի շաբաթ, որ մեր գիտնականների ու հայագիտական կենտրոնների մասնագետների խմբերը թշնամու հերթական վանդալիզմի դեպքը չարձանագրեն։ Եվ այս իրականության մեջ ապազգային խմբակը երկրի ամենաբարձր ամբիոնից պատմական հիշողությունն է ուրանում` մերժելով Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան:

Այսօր զորավարի ծննդյան օրն է, և մենք Ազգային հերոսին պիտի երդվենք, որ ոչ մի ազգադավ ու հակահայ կերպար անպատիժ չի մնալու, որ հաջորդ սերունդները չեն տեսնելու հայրենիք հանձնող իշխանություններ:

Ժամանակն է հոգենորոգման ուղին բռնելու , որ նորից հառնի Արարչական հայը, ում երկիրը պատմության թատերաբեմից անցած-գնացած քաղաքակիրթ ազգերը իրենց թողած հնագույն պատմական սկզբնաղբյուրներում կոչել են «Սրբազան օրենքների երկիր»: Սա պիտի լինի մեր ուղին, այլապես Զորավարը չի ների մեզ:

Եվ ճիշտ եմ համարում հիշել Պարույր Սևակի այս տողերը. թող դրանք դառնան սթափության և արթնացումի կոչ ամենքիս.

…Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,

Ինչպես չի քերվում արյունը սրտից

Կամ գույնը վարդից:

Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում

Ինչպես դրացուն,

Այնպես էլ համայն մի ժողովրդի:

Չի ներվում և այն,

Ինչը կոչվում է առավելություն...

-Եվ այդ ահռելի հանցանքի դիմաց

Դեռ պահանջում եք ներման վեհությո՞ւն...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2932

Մեկնաբանություններ