«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Իսկական քիմքի տոն

Իսկական քիմքի տոն
27.04.2025 | 10:27

Էն ժամանակ տանն էլեկտրական մսաղացներ չունեինք, ձեռքի մսաղացով էինք աղում։ Չուգունից փայլուն մսաղացը լա՜վ ծանր էր։ Մետաղամշակման հաստոցի նման ամրացնում էինք սեղանի եզրին, հետո հավաքում՝ ցանցը, դանակները, բռնակը․․․ Մսաղացի ամենահետաքրքիր մասը շնեկն էր՝ էն միջի պարուրաձև պտտվող գլանը։ Որ դատարկ մսաղացի բռնակը պտտում էիր ու վերևից նայում, նենց տպավորություն էր, ասես էդ ամբողջ գլանն ա առաջ շարժվում՝ ինչ-որ տեղից գալիս ա ու ինչ-որ տեղ գնում՝ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ, ու մի քանի սանտիմետրի վրա իսկական անվերջություն էիր ստանում։ Կարելի էր անվերջ նայել էդ անվերջությանը։

Ես՝ որպես ապագա տղամարդ, սովորաբար, ինքս էի աղում միսը։ Վերևից լցնում էի, ձեռքով սեղմում ու բռնակը պտտում, բայց պետք էր զգույշ լինել, ձեռքը շատ խորը չմտցնել, թե չէ մատներն էլ հետը կաղար։ Իսկ աղացած միսը մյուս կողմից ոլոր-մոլոր դուրս էր սողում՝ զուգավորվող օձերի նման, որոնք գալարվելով փաթաթվում էին իրար ու հանդարտ պառկում ամանի հատակին։

Հետո մաման սեղանին էր դնում ֆարշը, կողքը՝ իրար վրա դարսած խաղողի տերևները, ու սկսում հանդարտ, ուշադիր փաթաթել՝ հավասար շարքերով դասավորելով կաթսայի մեջ՝ կողք-կողքի հանգստանալու պառկած զինվորների նման։ Ես շատ էի սիրում աղի-թթվաշ խաղողի տերևները, ոնց էլ լիներ, մի երկու հատ թռցնում, ուտում էի։ Իսկ պոչերն արդեն օրենքով իմն էին։

Թփով տոլման ամառայինից շատ ա տարբերվում. երկուսն էլ համով են, երկուսն էլ թթվաշ, բայց թփով տոլմայինը մուգ կանաչ թթվաշություն ա՝ զուսպ, թավշահամ, ձմեռային, իսկ ամառային տոլմայինն՝ ուրախ, արևոտ, կենդանի թթվաշություն։

Տոլմայի հյութը միշտ քիչ ա լինում, աչքդ մնում ա մեջը: Ինձ, որ թողնեն, մի տոննա տոլմա կսարքեմ, ամբողջ հյութը կլցնեմ մի մեծ գավաթի մեջ ու տաք-տաք կխմեմ: Չէ, իհարկե, տոլմայի հատիկներն էլ են շատ համով, հատկապես՝ սխտոր-մածունով, բայց ես երբեք տոլմայի հյութը մածունով չեմ փչացնում. գդալով տաք-տաք մինչև վերջին կաթիլը խմում եմ, հետո, նոր, մածուն եմ լցնում տոլմայի վրա։

Երբ տաք տոլմայի վրա լցնում ես սառը մածունը, հետո պատառաքաղով մեկը վերցնում ես ու կծում, նախ մածնի սխտորահամ սառնությունն ես զգում լեզվիդ, ու կիսված տաք տոլմայից բարձրացող թթվաշ գոլորշին քթիդ ա խփում, ու մինչ շնչում ես էդ գոլորշին, արդեն քիմքդ տաքանում ա խաղողի տերևի ու մսի միախառնված անկրկնելի թավշահամից։ Իսկական քիմքի տոն։

Թփով տոլման երբեք շատ չի լինում, ու երբեք չես կշտանում, միշտ աչքդ մեջն ա մնում․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3922

Մեկնաբանություններ