Խեղդվելու պայմաններում փրկվելու հույսով ձեռքը դարմանին գցելը բնական և բացատրելի է, քանի որ մարդը հույսը վերջինն է կորցնում:
Ներկա անելանելի ու հուսահատական պայմաններում մեր վարքի բազմաթիվ դրսևորումները հենց բացատրվոմ են միայն որպես ձեռքը դարմանին գցելու փորձեր և պարզ տրամաբանության տեսնկյունից նույնքան անհիմն են, ինպես խեղդվողի՝ ձեռքը դարմանին գցելը:
Ձեռքը դարմնին գցելն էլ կարող է ունենալ տարբեր կոնկրետ դրսևորումներ, որոնք բոլորն էլ պտտվում են մեկ հիմնական գաղափարի շուրջը, այն է, որ փոքր ուժով և մեծ ոգով թույլը կարող է հաղթել ուժեղին, մի պնդում, որը կարող է ճիշտ լինել միայն որոշակի պայմաններում, այն էլ՝ դեպքերի շատ փոքր մասում:
Այն հանգամանքը, որ բարձր մակարդակի գոյապայքարը, այդ թվում էթնոսների ու ժողովուրդների միջև, ունի բացառապես ուժային բնույթ, և, որպես կանոն, դրանում հաղթում է ուժեղը, բազմիցս հաստատված է մարդկային հասարակության պատմությամբ:
Նույն պատմությամբ բազմիցս հաստատված է նաև այն հանգամանքը, որ մարդկային ոգին նրա ուժի բազմապատկիչն է, և, իսկապես, հայտնի են մեծ քանակությամբ դեպքեր, երբ ոգով ուժեղ թույլը, տարբեր հանգամանքներից ելնելով, երբեմն ավելի ուժեղի նկատմամբ հաղթանակի է հասել՝ անսպասելիության, հանկարծակիության, ծուղակի, կռվի տեղանքի առանձնահատկությունների ու այլ գործոնների հաշվին:
Բայց, բոլոր դեպքերում, մարդկային պատմության գլխավոր տենդենցն այն է, որ տևական գոյապայքարի պայմաններում միշտ էլ հաղթող է եղել հատկապես անհամեմատ ուժեղը:
Եվ այստեղ գոյապայքարի ոչ այնքան լուրջ գավառական ստրատեգիան բախվում է հասարակ թվաբանության հետ:
Եթե թշնամին ունի 100-ից ավելի միավոր ուժ, իսկ դու ունես, ասենք, 5 միավոր ուժ, և եթե ոգին, որպես ուժի բազմապատկիչ, թույլ տա մեր ուժը բազմապատկել 2-ով, ապա, լավագույն դեպքում, կունենանք 10 միավոր ուժ՝ հակառակորդի 100-ից ավելի ուժի դիմաց:
Այսինքն, ակնհայտորեն, մեր գոյության կռիվը այլ լուծում է պահանջում, քանի որ մեր ուժը բավարար չէ որևէ ցանկալի լուծման հասելու համար:
Չէ՞ որ լինում են պայմաններ, երբ գոյության պահպանումը դառնում է միակ նպատակը, որը մեզ ծանոթ իրավիճակ է, իսկ գոյության որակը, թեկուզև ժամանակավորապես, մղվում է երկրորդ պլան:
Իսկ թուրքի կողմից կործանվելու հեռանկարը գերադասելը ռուսի կողմից առնվազն չկործանվելու հեռանկարի նկատմամբ, որը վերջին ժամանակների մեզնում ուժեղացող տենդենցներից մեկն է, դեպի ինքնաոչնչացում մեր առեղծվածային հակման մի զարմանալի դրսևորում է:
Պավել Բարսեղյան