Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Որ ալիքը միացնում ես` պարում են ու երգում. հա՛յ ժողովուրդ, դու ե՞րբ ես մտածելու»

«Որ ալիքը միացնում ես` պարում են ու երգում. հա՛յ ժողովուրդ, դու ե՞րբ ես մտածելու»
19.02.2014 | 15:54

«Նոյյան տապանում» «Արեգ» գիտա-վերլուծական կենտրոնի կազմակերպած ավանդական` «Այսօրը և Հայաստանի մտավորականությունը» խորագիրը կրող հերթական ասուլիսը հրավիրվել էր Գիրք նվիրելու օրվա առիթով: Բանախոսներն էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ, Երևանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ և հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ասուլիսի հյուրերն անդրադարձան հայ հասարակության` գրքից հեռանալու և գրքի հանդեպ հետաքրքրության բացակայության պատճառներին: Ըստ Ե. Մանարյանի, այսօր ո՛չ գիրք են կարդում, ո՛չ նվիրում: Ըստ Կարինե Հակոբյանի, Հայաստանում բացակայում է գրաքննադատությունը: Տիկին Հակոբյանն անդրադարձավ նաև դպրոցական դասագրքերին, որոնք, ըստ բանախոսի, ցավոք, չեն ապահովում երեխաների առողջ դաստիարակություն։ «Պետք է շփվել հողի հետ, բնության հետ: Ես կտրականապես դեմ եմ համակարգչային աշխատանքին, որոնցով պարտադրում են երեխային դաս սովորել»,- ասաց նա:

Մայրենի լեզվի դասագրքերում եղած հերոսները, ըստ հրապարակախոսի, այն կերպարներն են, որոնցով երեխան պետք է դաստիարակվի: Երեխան պետք է նաև ճիշտ հաղորդումներ դիտի, որոնք չունենք: Տիկին Հակոբյանի մեկնաբանմամբ, այսօր անընդհատ խոսում են արժեհամակարգի փոխվելուց: «Եթե արժեհամակարգը փոխվել է, ապա ինչո՞ւ են հերոսները նույնը»,- հարցադրում արեց նա` նկատելով, որ ասօր կինոնկարներում հերոսներ են դառնում այն մարդիկ, ովքեր ճարպիկ են, խաբեբա, հարուստ։ Ով իսկապես հերոս է` ստվերում է մնում: Իսկ ընդհանրապես, ըստ հրապարակախոսի, պետք է նախ և առաջ կրթության հայեցակարգը փոխել: Երվանդ Մանարյանը ևս անդրադարձավ այս խնդրին` նշելով, որ հենց համակարգիչն է երեխային շեղում ճիշտ ճանապարհից, հեռացնում ընթերցանությունից. «Այդ համակարգիչ կոչված տուփը եկել է մեջտեղ և մենք չենք կարողանում ոչ մի բանի հետ լեզու գտնել` կոճակը սեղմում ես ու վերջ»:
ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանն էլ այն կարծիքին է, որ, ցանկություն լինելու դեպքում, ամեն ինչ կարելի է մեկ օրում շտկել: Պարզապես, նրա խոսքով, հարկավոր է կառավարության համակարգված ծրագիր: «Որ ալիքը միացնում ես՝ պարում են ու երգում… հա՛յ ժողովուրդ, դու ե՞րբ ես մտածելու»,- ասաց նա` ցավ հայտնելով, որ հայ հասարակությունը մեր պատմավիպասաններից շատերին չի ճանաչում, անուններն անգամ չգիտի։ «Ո՞վ է Վարդան Գրիգորյանը: Քանի՞սն է ճանաչում նրան, ո՞վ է կարդացել նրա գործերը: Ես համարձակորեն ասում եմ, որ նրան կարելի է դնել Րաֆֆու կողքին»,- շեշտեց Ափինյանը, ում խոսքով, որոշ մարդիկ սխալ տեղում են նստած և չեն ուզում շարժվել տեղներից: «Ընդամենը տասը հոգու պետք է փոխել և ամեն ինչ կընկնի իր տեղը: Արժեհամնակարգի փոփոխությունից ենք խոսում, ոչ մի անգամ նման փոփոխություն չի եղել, եթե լիներ՝ հիմա ամեն ինչ այլ կերպ կլիներ»,- եզրափակեց ԵԳՄ նախագահը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 30556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ