Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` իբրև թալիսման

Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` իբրև թալիսման
25.04.2014 | 12:05

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Մենակատարը ամերիկահայ դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի անվանի կատարող և հանրահռչակող Դորա Սերվիարյան-Կյունն էր: Նա նաև Հոլիվուդի կինոփառատոնում «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին արժանացած «Խաչատրյան» (2003 թ.) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն ու ստեղծագործական աշխատանքների մասնակիցն է:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նա ապշեցուցիչ վարպետությամբ կատարեց Խաչատրյանի կոնցերտը, որից մեկ օր անց «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խաչատրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Կինոդահլիճում ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրվեց մեր հայրենակցուհին, լսեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանի ջերմ, արժևորող խոսքն իր արվեստի մասին: Նա նկատեց, որ եթե Խաչատրյանն այդ օրը դահլիճում լիներ, պիտի ժպտար:
Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը Դորա Սերվիարյան-Կյունին հաջողություն է բերել դեռ վաղ երիտասարդության շրջանում: Նյու Յորքի Eastman School Music-ի հայտարարած կոնցերտի մրցույթում նա արժանացել է առաջին մրցանակի` Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի կատարման համար: Դրան հետևել են բազում այլ կատարումներ և մրցանակներ: Կարելի է ասել, որ այդ ստեղծագործությունը թալիսմանի նման մի բան է նրա ստեղծագործական կյանքում:
1996-ին նա կոնցերտը կատարել է ՀՊՖՆ-ի հետ, երբ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր Լորիս Ճգնավորյանը:
Փաստորեն, տիկին Դորան երիտասարդ տարիներից է կատարում Խաչատրյանի կոնցերտը: Բնական է, որ երիտասարդներն ավելի էմոցիոնալ են, ավելի բռնկվող: Հասուն տարիքում գերիշխող է դառնում հավասարակշիռ մոտեցումը ցանկացած գործին, էմոցիաները զիջում են բանականությանը, գաղափարական կողմին: Բայց նա երևանյան համերգի ժամանակ էլ ստեղնաշարին դիպչում էր երիտասարդական ավյունով, եռուն էմոցիաներով:
Կոնցերտը նրա կատարմամբ ներառվել է 21-րդ դարի «Platinum Series»-ի հատուկ թողարկման շարքում: Աշխարհի տարբեր երկրներում, տարբեր բեմերում է նա ելույթներ ունենում` այդ ելույթներում, իբրև առանձնահատուկ երաժշտական իրողություն, ներկայացնելով մեր մեծ հայրենակցի կոնցերտը:
Հաջողությունները չեն շրջանցել նաև նրա «Խաչատրյան» ֆիլմը: Հոլիվուդի կինոփառատոնում ֆիլմի ստացած պարգևը, կարծում եմ, պայմանավորված է եղել թե՛ Արամ Խաչատրյանի անձով, կերպարով, թե՛ կինոֆիլմի պրոֆեսիոնալ որակներով:
Ֆիլմի կադրերում ժամանակի նշանավոր երաժիշտները, արվեստագետներն են` Մստիսլավ Ռոստրոպովիչը, Սոլոմոն Վոլկովը, Վլադիմիր Վասիլևը, Տիգրան Մանսուրյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, որոնք իրենց խոսքով փորձում են շտկել հետխորհրդային երաժշտագիտության մեջ Արամ Խաչատրյանին անտեսելու, նրա մեծությունը ստվերում թողնելու միտումը: Եվ շատ անսպասելի է, որ իր մասին ֆիլմում պատմում է հենց ինքը` Արամ Խաչատրյանը` սկսելով ինքնակենսագրական պատումը իր հուղարկավորության արարողակարգից ու այնտեղ ներկա անձնավորությունների բնութագրումներից, որոնց թվում կան և այնպիսիք, որ իրեն ցավ են պատճառել ժամանակին, կասեցրել իր հաղթական կոմպոզիտորական ընթացքը դաժան 1948-ին:
Ֆիլմի ռեժիսորը` Պիտեր Ռոզենը, և մյուս պրոդյուսերը` տիկին Դորայի ամուսինը` Ռոբերտ Լոուրենս-Կյունը, չլինելով ազգությամբ հայ, կարողացել են ընկալել ու ներկայացնել Խաչատրյանի մարդկային կերպարի և երաժշտության անպարփակ խորությունը` շեշտադրելով դրանում հայկականն ու հայեցին: Անձամբ ինձ համար մի բան կար, որ չբավարարվածության զգացողություն առաջացրեց ֆիլմի առնչությամբ. մանրամասն ու հուզիչ պատումաշարում բացակայում էր Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի թեման, անկրկնելի «Վալսը», երբ այն կարելի էր հրաշալիորեն համադրել կինոնկարի ասելիքին և ներկայացնել իբրև վերջաբան` տիտրերին հաջորդած կադրերում: Այս մասին կգերադասեի խոսել տիկին Դորայի հետ, բայց այդ հնարավորությունն ինձ չընձեռվեց, ցավոք:
Նշեմ, որ Դորա Սերվիարյան-Կյունը մտադիր է ֆիլմ նկարել նաև մեկ այլ աշխարհահռչակ հայի` Սերգեյ Փարաջանովի մասին: Հավանաբար մտածում է, որ մարդուն ճանաչելի դարձնելու լավագույն միջոցը կինոն է:
Նա ասում է, թե իրեն մեղավոր է զգում, որ իր երեխաները հայկական կրթություն չեն ստացել: Դատելով հայրիկի և մայրիկի նկարագրից, կարելի է հուսալ, որ ոչհայկական կրթությունը չի խանգարի նրանց՝ զգալու իրենց հայկական արմատները:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ