Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Ես ձգտում ունեի իմ ինքնությունը նաև հողիս միջոցով լվանալու, մաքրելու»

«Ես ձգտում ունեի իմ ինքնությունը նաև  հողիս միջոցով լվանալու, մաքրելու»
20.03.2015 | 00:48

«Իրատես de facto»-ի հյուրն է «Շարական» համույթի մեներգիչ, Կոմիտասի և հայ հնագույն երգերի մեկնաբան, «100-ամյակ - 100 համերգ» նախագծի մասնակից ԳԵՎՈՐԳ ՀԱՃԵԱՆԸ:

«100-ԱՄՅԱԿ - 100 ՀԱՄԵՐԳ»


-Գևորգ, պատմեք, խնդրեմ, «100-ամյակ - 100 համերգ» նախագծի մասին:
-Նախագծի մեկնարկը եղել է այստեղ՝ Հայաստանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, և մինչ օրս աշխարհի մի քանի տասնյակ նշանավոր բեմերում են կայացել «100-ամյակ - 100 համերգ» նախագծի համերգները: Հեղինակը Վարդան Մամիկոնյանն է՝ ծնունդով հայաստանցի, Մոսկվայում ուսանած, Ֆրանսիայում ապրած, այժմ՝ Գերմանիայում՝ Բավարիայում ապրող-ստեղծագործող հայ, որը համաշխարհային բեմերի վրա է հանդես գալիս՝ որպես դաշնակահար: Ես երգում եմ նրա նվագակցությամբ այս նախագծի շրջանակներում: Համատեղ ելույթներ ենք ունեցել Գերմանիայի չորս քաղաքում, Ֆրանսիայում, Կանադայում: Սա պետական ծրագիր է, որը հովանավորում է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Փյունիկ» համահայկական հիմնադրամն է ֆինանսավորում նախագիծը, հոգում արտիստների բոլոր ծախսերը, ուղևորության, կեցության հարցերը: Ծրագիրը պիտի ավարտվի 2015-ին: Վարդանի գլխավոր նպատակը հետևյալն է. որպես հայ ստեղծագործող, միջազգային համբավ ունեցող դաշնակահար՝ իր ներդրումը բերել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նրա 100-ամյակի հիշատակմանը: Որպես ճանաչման ճանապարհ նա ընտրել է արվեստը: Եվ այդ ճանապարհը պիտի ընդգրկի ողջ աշխարհի նշանավոր բեմերը: Նա նպատակ ունի հնչեցնելու ոչ միայն հայ դասական արվեստը, հնչեցնելու ոչ միայն հայերի կողմից, այլև այս գործում ներգրավելու օտարներին: Աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ կայացել են «100-ամյակ - 100 համերգ» նախագծի համերգները, ցուցադրվել են ՀՀ մշակույթի նախարարության, «Փյունիկ» հիմնադրամի լոգոները, ինչպես և այն միջազգային, արտասահմանյան կազմակերպությունների լոգոները, որոնք մասնակցել են համերգների կայացման աշխատանքներին: «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հիմնադիր Գաբրիել Ջեմբերջյանի դերը շատ մեծ է, իհարկե՝ մեր դատին, մեր պահանջատիրությանը նաև մշակութային լումա ներդնելու այս նպատակն իրագործելու հարցում: Եվ շատ կարևոր է, որ այն դարձավ Հայաստանի Հանրապետության պետական ծրագիր, ընդգրկվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի ցանկում:

«ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՍՐՏԻՆ ՀԱՍՆՈՂ ԱՐՎԵՍՏ Է, ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ
ՀԱՅԻ ՍՐՏԻՆ ՀԱՍՆՈՂ»


-Ինչպե՞ս են ընդունվում այդ խորագրի ներքո կազմակերպված համերգները հայ և օտար հանդիսատեսի կողմից:
-Այս խորագիրը մեզ իրար հետ միացնող, նույնացնող ամենակարևոր գործոններից է: Ճիշտ է, ցեղասպանությունը կատարվել է Արևմտյան Հայաստանում, այնտեղից է, որ հայը տեղահանվել, աքսորվել է, բայց և Արևելյան Հայաստանում է հայը տառապել, կրել դժվարություններ հատկապես այն տարիներին, երբ գոյություն չուներ Հայաստանի Հանրապետություն: Հայն իր մեջ կրում է այդ պատմական հիշողությունը, և դրա արտացոլումը կարելի է լավագույնս տեսնել մեր երգի, մեր արվեստի մեջ: Ե՛վ Հայաստանում, և՛ արտասահմանում հանդիսատեսն այդ հիշատակումով, այդ պահանջատիրական ոգով է գալիս մեր համերգներին: Եվ երբ երգելու ընթացքում ես նաև որոշակի բացատրություններ, մենաբանություններ եմ անում կատարված երգերի վերաբերյալ, դահլիճի հետ փոխադարձ ըմբռնում է տեղի ունենում: Այդ երգերի մի մասը նոր է գրվել՝ Ցեղասպանության 100-ամյակի առիթով: Դրանք այսօրվա մեր պատասխանն են թուրքին: Դրանք գալիս են հաստատելու, որ մենք, թեև ցեղասպանվել ենք, բայց չենք մեռել, ողջ ենք: Վկան մեր այս ստեղծագործություններն են, մեր 100 տարիների ստեղծագործ կյանքը: Այս գաղափարը մեզ միավորում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում:
-Այսինքն՝ արտասահմանյան համերգների հանդիսատեսը և՞ս բաղկացած է հայերից:
-Լինում են նաև օտարազգի ունկնդիրներ: Մեր համերգները ոչ թե հայկական դահլիճներում, հայկական ակումբներում են կայանում, այլ տվյալ երկրի, տվյալ քաղաքի նշանավոր համերգասրահներում: Եվ համերգների տոմսերն ամբողջությամբ սպառված են լինում, որ, անշուշտ, հայ կազմակերպիչների ջանքերի շնորհիվ է լինում: Թե՛ հայ, թե՛ օտարազգի ունկնդիրը գալիս է ունկնդրելու Կոմիտաս, Վարդան Մամիկոնյանի կատարմամբ հնչող Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, ինչպես նաև օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մեզ համար հատկապես ուրախալի է այն, որ օտար երկրում օտար հանդիսատեսը նույնքան բուռն ծափահարում է հայկական երաժշտության կատարումների դեպքում, ինչպես, ասենք, Շոպենի ստեղծագործությունների ժամանակ: Սա վկայությունն է այն բանի, որ հայերը միջազգային մակարդակի արվեստ ունեն, որը ոչնչով պակաս չէ աշխարհի կողմից ընդունված ու սիրված որևէ օտար հեղինակի ստեղծածից: Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը մարդու սրտին հասնող արվեստ է, ոչ թե միայն հայի սրտին հասնող:

«ԱՍՏՈՒԾՈՎ ՀՈՒՍԱՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԿԱՅՔԸ, ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՏՈՒՆԸ»


-Դուք մշտակա՞ն բնակություն եք հաստատել Հայաստանում:
-Այո՛: Արդեն տասը տարուց ավելի է, որ տեղափոխվել եմ և մշտական բնակություն հաստատել Երևանում՝ տիկնոջս և որդուս հետ: Մուսալեռցի ծնողների զավակ եմ, ծնվել եմ Լիբանանում՝ Անջարում: Կինս Բեյրութում է ծնվել: Տասը տարի Քուվեյթի ազգային վարժարանում ուսուցիչներ ենք եղել, այնուհետև տեղափոխվել Հայաստան վերջնականապես: Աստուծով հուսամ, որ Հայաստանն է մեր վերջին կայքը, մեր վերջին տունը:
-Ի՞նչ շարժառիթ Ձեզ բերեց Հայաստան, անկախ պետականություն հռչակվելու հանգամա՞նքը:
-Մանկուց ի վեր՝ դեռևս չանկախացած Հայաստանը, հայրենիքը մեր դաստիարակության ծիրի մեջ էր: Մենք մեծացել ենք հայրենասիրական երգերի, Մուսա լեռան պատմությունների ոգով, փայփայել Հայաստան գալու, այստեղ մեր տունը վերաշինելու նպատակը: Դաստիարակությունից բացի, շատ հզոր էր հայրենի հողի կանչը, մի բան, որ ամենից կարևորն էր ինձ համար: Ես ձգտում ունեի իմ ինքնությունը նաև հողիս միջոցով լվանալու, մաքրելու: Արտասահմանում կարող ես պահել-պահպանել հայեցիությունդ, հայկականությունդ: Ազգային տեսակիդ համար պայքարդ միշտ գտնվում է առաջնային գծի վրա, բայց այն ուժը, այն ավյունը, որը կարող ես առնել հողից, արտասահմանում գոյություն չունի: Դու մնում ես գրքերի, հայրենիքից եկող լրատվության հույսին, բայց դա բավարար չէ: Հողիդ վրա է, որ պիտի ամրանաս, լիարժեք դառնաս: Հողն ուրիշ ակունք է, ուրիշ էություն է:
-Հայտնի ճշմարտություն է, որ հատկապես Ձեզ նման՝ դասական արվեստին ծառայող մարդիկ Հայաստանում, մեղմ ասած, դժվար են ապրում: Խոսքս վերաբերում է նախ և առաջ սոցիալական դժվարություններին: Ինչպե՞ս եք դրանց դիմակայում:
-Երբ կյանքից ունեցած պահանջներդ կարողանում ես չափավորել, դրանք հարմարեցնել քո անմիջական կենցաղին, քո կյանքի տարրական պայմանների ապահովմանը, կարողանում ես դիմակայել: Ամեն մարդ ծախսում է ըստ իր պահանջի: Ամեն ինչ օգտակար է մարդու համար, բայց կարելի է հրաժարվել շռայլություններից: Ամեն ինչը պայմանավորված է մարդու գրպանի չափով: Ժողովուրդն ասում է. «Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր»: Մենք այդպես ենք մտածում, թեև մեր վիճակից դժգոհ չենք. ես չեմ սիրում դժգոհել առհասարակ, փնովելն իմը չէ: Պետք է ստեղծել այն վիճակը, որը քեզ կբերի և՛ ընտանեկան, և՛ սոցիալական հանգստություն:


«ԵՐԳԵԼ ԵՄ ԱՆԳԱՄ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ ՈՒ ՏԵՍԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ»


-Հայաստանից հիմնականում գնում են ոչ թե աղքատները (աղքատը փող էլ չունի, որ ճանապարհի համար վճարի ու գնա), այլ միջին և ապահովված խավի մարդիկ: Եվ նրանց գլխավոր փաստարկն այն է, թե Հայաստանում չեն տեսնում իրենց երեխաների ապագան: Դուք Ձեր որդու ապագան տեսնո՞ւմ եք այսպիսի Հայաստանում: Կամ հենց ինքը տեսնո՞ւմ է:
-Ես զարմանում եմ, երբ մարդիկ այդպիսի բան են ասում: Իմ երեխայի ապագան իմ Հայաստանի ապագան է, իմ երկրի ապագան է: Այստեղ պետք է շատ նրբորեն մոտենալ հարցին. մենք բոլորս, որ եկել ենք աշխարհ, ինքներս մեզ չենք պատկանում, պատկանում ենք մեր ինքնությանը: Եթե ես այս գիտակցությունը չունենայի, դեռևս 1999 թվին մեկնած կլինեի Կանադա՝ մշտական բնակության: Բայց մենք՝ տեր և տիկին, որոշեցինք, որ մարդը Արևմուտքում առավել ևս ենթակա է ուծացման վտանգին: Եթե ոչ մենք, ապա մեր զավակն անպայման կենթարկվեր այդ վտանգին: Երբ այս մոտեցումով ես նայում հայրենիքիդ, ընտանիքիդ, զավակիդ, ճիշտ գնահատականի ես հանգում: Եթե մենք գնանք, ո՞վ է պաշտպանելու հողը: Հողը մարդով է հող: Որտեղ մարդն է, այնտեղ է հողը շեն: Որտեղ մարդ չկա, հողը առանց հարձակումի, առանց պաշտպանության արդեն իսկ քոնը չէ: Այսպես մտածում է նաև իմ զավակը: Նա սովորում է կոնսերվատորիայի կիթառի բաժնի երրորդ կուրսում: Դասավանդում է երաժշտական երկու դպրոցում: Նրա համար շատ կարևոր են փորձառությունը և այդ փորձառության մեջ՝ ինքնակայացումը: Ինքն իրեն որպես կատարող, որպես դասախոս տեսնելու համար նա շատ է աշխատում: Կայանալու տարբեր հնարավորություններ ունի նա և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Հայաստանից դուրս կարող է կատարելագործվել, համերգներ ունենալ, դա չի բացառվում, բայց հետո անպայման պիտի վերադառնա Հայաստան: Այն երջանկությունը, որ մենք մեր հողի վրա ենք, մեր տունը մեր հողի վրա է, արդեն անչափելի է: Որդիս նպատակ ունի, որպես հայ երաժիշտ, աշխարհի բեմերի վրա հայորեն ներկայացնելու կիթառը և հաղթանակած տուն վերադառնալու: Շատ է աշխատում այս ուղղությամբ, ուզում է մեծ հեղինակների գործեր հայեցիորեն կատարել կիթառով, ցույց տալ իր անհատականությունն այդ գործում: Յուրաքանչյուր արվեստագետ ունի այդ ձգտումը: Օրինակ՝ ես, ինչպես «Շարական» համույթի կազմում հանդես գալիս, այնպես էլ իմ անհատական ելույթներում հետամուտ եմ այդ նպատակին: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության գործուղումով համերգներ եմ ունեցել Ավստրալիայում՝ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առիթով: Ինձ հետ էր նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: Ես ներկայացրի երգեր, որոնք առաջին անգամ էին կատարվում համաշխարհային բեմում: Երգերի երաժշտության հեղինակը Դանիել Երաժիշտն է: Խոսքերի հեղինակներն են մեր արևմտահայ գրողները: Դանիել Վարուժանի «Անդաստան», Ռուբեն Սևակի «Վրեժին սերմնացանը», Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ» (վերջինս Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի օրհներգն է) ստեղծագործությունների հիման վրա են գրվել այդ երգերը: Շատ հետաքրքրական մի բան կար՝ Դանիել Վարուժանի բանաստեղծության հետ կապված: Այն սկսվում է «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա» տողով: Շատ հատկանշական էր, որ երգի առաջին համաշխարհային կատարումը տեղի ունեցավ հենց աշխարհի արևելյան կողմի ներկայացուցչի կողմից:
-Եվ ոչ պակաս հատկանշական է, որ արևելյան կողմի ներկայացուցչի այդ պատգամը հնչել է Արևմուտքում, որը բացասականորեն վճռական դերակատարություն է ունեցել և ունի արևելյան կողմում չդադարող անհանգիստ, պատերազմական իրավիճակների հարցում:
-Ես բեմից նաև իմ խոսքն ասացի այն մասին, որ հարյուր տարի առաջ ցեղասպանվել է Դանիել Վարուժանը այն պատճառով, որ աշխարհի արևելյան կողմում խաղաղություն չի եղել, և նրա խոսքն այսօր էլ շատ տեղին է հնչում: Հետաքրքիր երգ է նաև Սիամանթոյի «Հույսին համար» և «Արցունքներս» բանաստեղծությունների հիման վրա Դանիել Երաժշտի գրած «Թախծոտ սրինգը և հաղթական շեփորը» երգը: Այնքան գեղեցիկ է ավարտվում այս երգը. երգի վերջում սրինգը դառնում է հայ զինվորի շեփորը. կարելի է ասել, որ Խրիմյան Հայրիկի թղթե շերեփն է այդպիսով վերածվում հայոց բանակի պղնձյա զենքերի: Համերգի ժամանակ հնչեց նաև Դանիել Երաժշտի «Լա մինորը»՝ Մեժելայտիսի խոսքերով, ինչպես նաև Կոմիտասի, այլ կոմպոզիտորների գործեր: Ես հպարտ եմ, որ համերգներով շրջել եմ Հայաստանի բոլոր սահմանամերձ գյուղերում, Արցախում, աշխարհի բոլոր հինգ մայր ցամաքներում, հնչեցրել Կոմիտաս, հայ դասական և հոգևոր երաժշտություն: Երգել եմ անգամ մեր բանակի խրամատներում ու տեսել հայ զինվորի խանդավառությունը: Ես սա իմ հայրենիքի հանդեպ ունեցած պարտքն եմ համարում: ՈՒ այն կատարելու հնարավորությունն ունենալու համար միշտ փառք եմ տալիս Աստծուն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ