«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Աղաղակ առ ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Աղաղակ առ ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ
17.04.2025 | 12:01
ՏԷ՜Ր մեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ողորմյա ՔՈ փոքր հոտի, ՔՈ արոտի ոչխարների, ՔՈ հայ ժողովրդի այս վերջին մնացորդներին ու բեկորներին:
Մենք՝ նվաստներս ու մեղավորներս այնքան ենք հեռացել մեր սուրբ նախնիների սկզբնական ճշմարիտ հավատից, որ այժմ հայտնվել ենք մութ ու խոր անդունդների հատակում, փշերով ու տատասկներով բռնված, գիշատիչներով ու նենգ թշնամիներով շրջապատված, մի ահավոր ու գարշահոտ ճահճի մեջտեղում, որը հենց մերմեղքերից է գոյացել։ Եվ մեր ամեն շարժում ու թափահարում, ամեն մի փրկության փորձ, մեզ ավելի է խորասուզում այդ ճահճի խորքերը, քանի որ անհնար է մեր փրկությունն ու ազատագրումն այս վիճակից՝ առանց ՔՈ զորավոր օգնության ու միջամտության։ Ուստի աղերսում ենք ՏԷՐ մեր, ՓՐԿԻՉ մեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, նետիր ՔՈ փրկության օղակը, մեկնիր ՔՈ Զորավոր Աջը, հանիր մեզ այս ճահճի միջից, մի թող, որ հավերժ թփրտանք և անվերջ սուզվենք տիղմի խորքերը։
Թեկուզ անիրավ, թեկուզ մեղավոր, թեկուզ նվաստ ու անարժան, մոլորյալ ու մոռացող, ուրացող ու մուրացող, բայց միևնույն է՝ ՏԷ՜Ր, ՔՈ Տէրության, ՔՈ Պետության, ՔՈ Իշխանության հպատակներն ենք ու ՔՈ քաղաքացիները։ ՏԷ՜Ր, Երեսդ մեզնից մի՛ շրջիր, Հայացքդ մեզնից մի՛ թեքիր, մեզ մի՛ քշիր, մի՛ հեռացրու, մի՛ վտարիր, ՔՈ հովանավորությունից ու աջակցությունից մեզ մի՛ զրկիր, այծերի դասին մեզ մի՛ դասիր, հիմար կույսերի հետ միասին մի՛ թող մեզ դրսի խավարում, որպես գաղջ, գոլ ու անհամ մի բան դուրս մի՛ նետիր, մեր վրա Ձեռքդ հիասթափված թափ մի՛ տուր և մեզ մի՛ ասա «հեռո՛ւ գնացեք, ձեզ չե՛մ ճանաչում» ահավոր խոսքերը:
Փրկի՛ր մեզ, ՏԷՐ ԱՍՏՎԱԾ մեր, չէ որ ԴՈՒ չեկար արդարների փրկության համար, այլ հենց մեր նման մեղավորների, չէ որ ԴՈՒ ես մեր Բարի ՏԷՐԸ և Հոգտար Հովիվը և մենք էլ ՔՈ հոտի մոլորյալ ոչխարներն ենք։ Մի՛ թող մեզ ՏԷՐ, որ տրվելով մեր մոլորություններին, գայթակղություններին, բնազդներին ու կամքին հեռանանք ՔԵԶՆԻՑ, կտրվենք ՔՈ հովանավորությունից ու պահպանությունից, դառնանք գիշատիչների ոհմակների ու ավազակների բաժին, կորստյան մատնվենք ցրտից, խավարից, սովից, գահավիժենք անհատակ անդունդները։
Մի՞թե մեր պատմական առաքելությունը կայանալու է նրանում, որ դրացի ազգերը երբևէ մատնացույց անեն մեր թափուր մնացած տեղը և գլուխները ճոճելով զարմացած ասեն, թե ահա մի ժողովուրդ, որն Արարչագործությունից մինչև ՔՈ Երկրորդ Գալուստը իր խաչը կրելով՝ գոյատևեց երկրի վրա, միայն թե այդ Գալուստի նախաշեմին այլևս չդիմացավ գայթակղություննրին՝ մոլորվեց, ընկավ և նույնիսկ ՔՈ Աստվածային Անսահման Զորությունը բախվելով մեր հաստակողությանը, պնդաճակատությանը, համառությանն ու հիմարությանը ի զորու չեղավ մեզ հավաքել, համախմբել ՔՈ շուրջը և արդյունքում մենք կործանվեցինք։ Մինչև ե՞րբ չհասկանանք և ՔԵԶ չդիմենք, միայն ՔԵԶ ապավինելով՝ օգնության չկանչենք: Չէ՞ որ Զորությունը ՔՈ չի՛ կարող պարտվել ու մեզանից հրաժարվել, չէ՞ որ ԴՈՒ ես մեր Հոգատար Հայրը, ԴՈՒ ես մեզ Սիրող, Խրատող ԱՐԱՐԻՉ Ծնողը: Մեղա՜ ՔԵԶ, ՏԷ՛Ր, մեղա՜:
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ գայթակղությունների ու մոլորությունների արդյունքում մնացել ենք ՔԵԶԱՆԻՑ հեռու, զատված, կտրված, ցաք ու ցրիվ եղած, անտեր, անպաշտպան, անօգնական, զարկված, խոցված, խաբված, խոշտանգված ու գերված, չարի, գազանի, գիշատիչների ու ավազակների կողմից ի սպառ հոշոտված հոտի վիճակում… Մինչև ե՞րբ ՏԷՐ։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ ոչխարի հոտից վեր ենք ածվել դիվահարված խոզերի երամակի: ՏԷՐ, մի՛ թող մեզ կորուսյալ վիճակում, ԴՈՒ փրկի՛ր մեզ կործանումից: Չէ՞ որ միայն ԴՈՒ ես ՏԷ՛Ր, մեր ճշմարիտ հովիվը, ՈՎ ԻՐ մոլորյալ ոչխարին գտնելով չզայրացավ, այլ ուրախությամբ նրան գրկելով տարավ, խառնեց ԻՐ հիմնական հոտին: Իսկ առայժմ դեգերում ենք խավարում՝ առանց ՔԵԶ... Մինչև ե՞րբ ՏԷՐ։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ մեզ՝ մեղավոր, անմիտ, կամակոր, հիվանդ ՔՈ որդիներին մեր սեփական տան բակում փողոցի ստահակը ծեծում է, ջարդում, նսեմացնում ու նվաստացնում... Մինչև ե՞րբ ՏԷՐ:
Չէ՞ որ ՏԷ՛Ր, ՔՈ փոքր հոտն ենք, ՔՈ արոտի մոլորյալ ոչխարներն ենք, և այժմ վարձու հովիվները ցրել, հեռացրել են պահապան գամփռներին, իրենք իրենց համար են կթում, խուզում, մորթում, ուտում ու վաճառում ՔՈ ոչխարներին և ոչ ոքի հաշիվ չեն տալիս: Չէ՞ որ ոչխարները չեն կարող իրենք իրենցով կազմակերպվել ու պաշտպանվել և ի՞նչ դիմադրություն կարող են իրականացնել հարձակվող գայլերի ոհմակների, ավազակների դեմ, երբ վարձկան հովիվները վախից փախել են, գամփռները խեղճացել, տկարացել են կամ էլ իսպառ չկան: Մեղա՜ ՔԵԶ, ՏԷ՛Ր, մեղա՜:
Չէ՞ որ ՏԷ՛Ր, ՔՈ հարսն է ՔՈ հիմնած ու կառուցած հայոց եկեղեցին: Մինչև ե՞րբ ՔՈ եկեղեցում, ՔՈ հարսի սրտի գահը զավթի չարը ու տանի գայթակղության, մոլորության ճանապարհներով և հարսն էլ այդ՝ անառակության ախտի մեջ ներքաշված, խուժանի կողմից շարունակ անարգվի ու պղծվի: Եվ ի՞նչ հավատարմություն այդպիսի հարսից: ՏԷ՛Ր, ԴՈՒ մեզ՝ անարժաններիս պաշտպանի՛ր նսեմացումից, նվաստացումից, փրկի՜ր քարկոծումից, ինչպես պոռնիկ կնոջը փրկեցիր: Մեղա՜ ՔԵԶ, ՏԷ՛Ր, մեղա՜:
Չէ՞ որ ՏԷ՛Ր, ԴՈՒ ես Գլուխը մարմնի, որ Եկեղեցին է ՔՈ և ԴՈՒ՛ ես այդ մարմինն ԱՍՏԾՈՒ առաջ սուրբ, անբիծ և անարատ ներկայացնողը: Չէ՞ որ գլուխն անտարբեր, անհաղորդ չի՛ մնա ու հարատև չի՛ հանդուրժի ներսից ու դրսից իր մարմինն ախտահարող, կրծող, քայքայող, թունավոր որդերի գոյությունը: Չէ՞ որ մե՛նք ենք ՔՈ այդ մարմինը, ՔՈ եկեղեցին և դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն և ԴՈՒ՛ ես մեր ՏԷՐՆ ու մեր ՓՐԿԻՉԸ: Մեղա՜ ՔԵԶ, ՏԷ՛Ր, մեղա՜:
Չէ՞ որ ՏԷ՛Ր, երբ կորած դրամը գտնվեց, եղավ ուրախություն ու հրճվանք: Չէ՞ որ մենք ենք այդ կորած դրամը, որն ավա՜ղ, երկու երես ունի՝ կեսարի և ԱՍՏԾՈՒ: Մեղա՜ ՔԵԶ, ՏԷ՛Ր, մեղա՜:
Չէ՞ որ ՏԷ՛Ր, երբ ՔՈ սիրելի այգին, որ ԻՆՔԴ ցանկապատեցիր, մշակեցիր, որթատունկ տնկեցիր, հնձան փորեցիր, բայց խաղող բերելու փոխարեն փուշ տվեց, ԴՈՒ զայրանալով այն կործանել ուզեցիր: ՏԷ՛Ր մենք ենք ՔՈ այդ անպտուղ այգին, աղաչում ենք մի՛ քանդիր մեր շուրջը պատած ՔՈ պահպանիչ ցանկապատը, մի՛ կործանիր պարիսպներն այգուդ, մի՛ լքիր, թշնամիների ոտքերի կոխան, անասունների արոտավայր, անտեր ու անխնամ մի՛ թող ՔՈ այգին, այլ բարի, հոգատար այգեպանների վստահի՛ր, որ խնամեն, պարարտացնեն, գուցե հաջորդ գալուցդ առաջ բերքով կլինի: Մեղա՜ ՔԵԶ, ՏԷ՛Ր, մեղա՜:
Չէ՞ որ ՏԷ՛Ր, երբ մոտեցար Երուսաղեմից Երիքով իջած, ավազակների կողմից խոշտանգված, մերկ, վիրավոր ու կիսամեռ այն մարդուն, կանխավ չճշտեցիր, թե արդյո՞ք արդար էր նա, թե՞ մեղավոր կամ, թե՞ բարի, թե՞ չար էր նա, իր նվաղուն ձայնով նա ՔԵԶ օգնության չեր կանչել, իր դողդոջուն ու անզոր ձեռքերը դեպի ՔԵԶ չեր կարկառել։ ԴՈՒ էիր, որ գթացիր նրան, սպեղանի դրեցիր նրա վերքերին, բժշկեցիր ու հոգատար մարդկանց ձեռքը հանձնելով՝ երկու դահեկան տալով պատվիրեցիր խնամել մինչև ՔՈ հաջորդ գալը։ ՏԷ՛Ր, մենք ենք այդ՝ թե՛ օտար և թե՛ յուրային ավազակների կողմից խոշտանգվածը, ՏԷ՛Ր աղերսում ենք, բժշկի՛ր մեր վերքերը, մեր Բարի Սամարացի, մեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, հոգատար մարդկանց խնամքին մեզ հանձնի՛ր, մինչև ՔՈ Երկրորդ Գալուստը։ Արի՛ ՏԷ՜Ր, արի՛։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ գերված ենք մեր հավերժական թշնամու՝ չարի, գազանի, գիշատչի կողմից, նրա ձեռքերում ենք, որպես խաղալիք ու գործիք, նրա հպատակ ու կամակատար ազգերի, ժողովուրդների, նրանց առաջնորդների առջև ենք, որպես ոտքերի կոխան, անարգանքի թիրախ, ծաղրուծանակի առարկա… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ Հայոց Առաքելական Եկեղեցու առաջնորդական և Հայոց պետության արքայական ՔՈ գահերին, մեր սուրբ Լուսավորչի ու սուրբ Տրդատ արքայի փոխարեն բազմում են անարժան ժառանգները, անիրավ տնտեսները, անօրեն դատավորներն ու իրենք իսկ չարի կողմից բռնված, գերված լինելով, նրա կամքը կատարելով, մեր հանդեպ թշնամություն անելով ու մեզ՝ ՔՈ փոքր հոտի այս վերջին մնացորդներին էլ գայթակղության ու մոլորության մեջ գցելով, չարիք կամենալով տանում են կորստի ու կործանման ճանապարհով… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ ՔՈ զայրույթի գավազանը մեր հավերժական թշնամու, գազանի, գիշատիչի ու չարի, նրա կամակատարների ձեռքերում է հայտնվել և իրենք էլ դա դարձրել են որպես մեզ անարգելու, պղծելու, նսեմացնելու, նվաստացնելու և ստորացնելու ահավոր մի միջոց, որպես մեզ կոտորելու, կործանելու, կորստյան մատնելու և իսպառ վերացնելու, մահացու մի զենք… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ մեր սուրբ ու նահատակ նախնիների թափած սուրբ արյունը ՔՈ առջև հատուցում է ակնկալում, սպասում և դեռևս անպատասխան մնում… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ չարը կանգնելով իր հպատակ ու կամակատար ազգերի, ժողովուրդների, նրանց առաջնորդների առջև, շփում է մեր արյան մեջ թաթախված իր անարգ ու պիղծ ձեռքերը և իր լպիրշությամբ, լկտիությամբ, գոռոզությամբ, ատելությամբ, հայհոյանքով, ծաղրուծանակով, քրքիջով գլուխ է գովում, հայտարարում, թե ինքն առավել ճարպիկ, առավել հնարամիտ, առավել խորամանկ ու առավել զոռբա է գտնվել, խլել է ՔՈ ստեղծած եկեղեցին ու դարձրել իր համար դիվական մեհյան, ՔՈ ստեղծած տաղավարներն ու տաճարները դարձրել է իր ծնած մեղքերի, ախտերի, ապականությունների, թույների, հիվանդությունների կուտակման ախոռներ ու գոմեր, ՔՈ փոքր հոտի այս մնացորդներին, ՔՈ ժողովրդի այս վերջին բեկորներին ինքը զավթել է, գողացել, հեռացրել ՔԵԶԱՆԻՑ, դարձրել է իր այդ մեհյաններում զոհելու ենթակա անտեր, անպաշտպան, անօգնական, զարկված, խոցված, խաբված, խուճապի մատնված, աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած, անհույս թափառական դարձած խառնիճաղանջ մի հոտ… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ չարը լափում է մեր արյունը, խժռում մեր մարմինը, փշրտում մեր ոսկորները, հոշոտում մեզ ամբողջովին և իր հաջողությունները, հաղթանակներն ու նվաճումներն է շարունակ գրանցում ու հրճվում… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ մեր արյունակից ու ցեղակից եղբայրներն ու քույրերը ՔՈ Անսահման Զորությանը չհավատալով, չվստահելով ու կասկածելով, իրենց վախից դրդված լքում են հայրենիքը, հեռանում, օտար ափերում են իրենց համար ապաստան ու հանգրվան փնտրում: Թո՛ղ ամոթահար ու խայտառակ լինենք այս ամենի համար և թո՛ղ այդ ամոթն ու խայտառակությունը մեր բոլորի դարձի գալու համար առիթ հանդիսանա… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ ՔՈ Անունով քրիստոնյա կոչված, մեզ եղբայրակից համարվող ազգերն ու ժողովուրդները, նրանց առաջնորդներն ու նաև մեզ արյունակից ցեղակիցները մեր թշնամիների հետ դաշնակցած, մեզ ոչնչացնելու, կործանելու ծրագրեր են մտածում և իրականացնում… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մեր մեղքերի պատճառով է ՏԷ՛Ր, որ թույլ ես տվել մեր թշնամիներն օրը ցերեկով, համայն աշխարհի, ՔՈ ողջ արարչագործության ու ՔՈ առջև ոչնչացնեն, պղծեն, ավերեն, հողին հավասարեցնեն մեր բոլոր սրբությունները, եկեղեցիները, վանքերը, խաչերն ու խաչքարերը, անարգեն մեր սուրբ նախնիների գերեզմաններն ու մասունքները, հայհոյեն մեր սուրբ հավատը և հայացքները վեր հառելով` Հռափսակի նման հայտարարեն, թե իրենք են ՔՈ պատվիրաններն իրագործողները, թե իրենք են ՔՈ ընտրյալ ազգն ու ժողովուրդը, իրենք են մեր սահմանները որոշողներն ու հենց իրենք են մինչև հավերժություն այդ տարածքներին իշխողները… Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր։
Մինչև ե՞րբ ՏԷ՛Ր, ՔՈ Զորավոր Աջը պահես ՔՈ Ծոցում …
ՏԷ՛Ր, աղաչում ենք լսի՛ր ձայնը մեր, առանց ՔԵԶ փուչ, անիմաստ, դատակ մի ունայնություն ենք և միայն, երբ ԴՈՒ մեր կողքին ու մեր մեջ լինես, մենք էլ լինենք ՔԵԶ հետ, միայն այդ ժամանակ ՔԵԶԱՆՈՎ կդառնանք իմաստավոր, զորավոր և անպարտելի մի արժեք: Եվ ուրեմն համարձակվում ենք ՔՈ առջև մեր սուրբ Եփրեմ Ասորու նման կանչել. «Կամենանք թե ոչ, ըմբռնենք թե ոչ, հասկանանք թե ոչ, բռնավորի՛ր, մի՛ թող մեզ, պահի՛ր ՔՈ մոտ և տա՛ր մեզ ՔՈ օթևանները, քանի որ միայն դա է մեզ համար կարևորն ու օգտակարը»:
ՏԷ՛Ր, ԴՈՒ ես կանխավ զգուշացրել, որ ՔՈ Անունը սիրելու համար մեզ ատելու են, մատնելու և հալածելու, աղերսում ենք, զորավիգ եղի՛ր ՔՈ մշակներին, հովիվներին ու տնտեսներին, որ չվախենան նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, որ ըստ ՔՈ Կամքի հովվեն ու հոգ տանեն ՔՈ բանավոր հոտին:
ՏԷ՛Ր, սովորեցրո՛ւ մեզ հավատալ, հավատալ միայն ՔՈ Ամենասուրբ Հարությանը, զորացրո՛ւ մեր հավատը, օգնի՛ր մեր անհավատությանը:
ՏԷ՛Ր, սովորեցրո՛ւ մեզ հուսալ, հուսալ միայն ՔՈ Ամենասուրբ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ Զորությանը, քանզի ԴՈՒ ես մեր՝ ոչ թե վերջին, այլ միակ Հույսը:
ՏԷ՛Ր, սովորեցրո՛ւ մեզ համբերել, համբերել այնպես, ինչպես միայն ԴՈՒ՛ ես համբերել բոլոր հալածանքներին:
ՏԷ՛Ր, սովորեցրո՛ւ մեզ ներել, ներել այնպես, ինչպես միայն ԴՈՒ՛ ես ներել բոլոր ՔԵԶ հալածողներին:
ՏԷ՛Ր, սովորեցրո՛ւ մեզ սիրել, սիրել այնպես, ինչպես միայն ԴՈՒ՛ ես սիրում բոլոր ՔՈ արարածներին:
ՏԷ՛Ր, սովորեցրո՛ւ մեզ աղոթել, աղոթել այնպես, ինչպես այրի կինն էր աղոթում, ԻՆՔԴ մեր մեջ աղոթի՛ր:
ՏԷ՛Ր, սովորեցրո՛ւ մեզ ՔՈ Արդարության, Ճշմարտության ու Սիրո ճանապարհով ՔՈ Կամքին համահունչ քայլել ու ապրել:
ՏԷ՛Ր, ողորմյա՛, ՏԷ՛Ր, ողորմյա՛, ՏԷ՛Ր, ողորմյա՛, ՏԷ՛Ր, ողորմյա՛:
Որպես մեծագույն ողորմություն՝ բաշխի՛ր մեզ ապաշխարության հոգի: Ապաշխարության հոգի դի՛ր ամեն հայի, ամեն քրիստոնյայի, ամեն հավատացյալի ու ամեն անհավատի հոգում, մտքում, սրտում, որ ազգովի ապաշախարենք ու ազգովի դարձի գանք, որ երկիրը մեր նորից ճանաչվի որպես Քրիստոնյա Հայաստան, որ ժողովուրդը ՔՈ նորից հռչակվի որպես Քրիստոնյա հայ ժողովուրդ, որ ՔՈ արարած համայն աշխարհը, համայն մարդկությունը, համայն տիեզերքը տեսնեն ու հասկանան, որ ԴՈՒ ես մեր ՏԷՐՆ ու ՓՐԿԻՉԸ, մեր Հույսը, Հավատն ու Սերը, մեր Կյանքը, Ճանապարհն ու Ճշմարտությունը, մեր Փրկության Դուռը, մեր Իղձն ու Բաղձանքը, մեր Երազանքը, մեր կյանքի, գոյության միակ Ճշմարիտ Իմաստը, մեր երկնային ու երկրային միակ Գանձն ու Հարստությունը, մեր ՈՒրախությունն ու Խնդությունը, մեր Երանությունն ու Երջանկությունը, մեր Փառքն ու Պատիվը, Պսակն ու Պարծանքը, մեր Աղն ու Հացը, Օդն ու Ջուրը, Լույսն ու Փարոսը, մեր Զենքն ու Զրահը, Բերդն ու Պատվարը, մեր Դեղն ու Բալասանը, մեր Հայրն ու Եղբայրը, Ընկերն ու Բարեկամը, մեր Օգնականն ու Պահապանը, Բժիշկն ու Ուսուցիչը, մեր Թագավորն ու Իշխանը, Հայրապետն ու Վեհապետը, մեր Դատավորն ու Պաշտպանը, Սպարապետն ու Զորապետը, մեր խաղաղ, ապահով Նավահանգիստն ու Հանգրվանը, մեր բարի, ճշմարիտ, հոգատար, հավատարիմ ու քաջ Հովիվը, մեր Ապավենն ու Ապաստանը, մեր միակ Արարիչ ԱՍՏՎԱԾԸ և մենք էլ ՔՈ սեփական ժողովուրդն ենք:
ՏԷ՜Ր մեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ԴՈՒ քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը պատած երիքովյան պարիսպները, օգնի՛ր ազատվելու չարի կապանքներից, շղթաներից, աղերսում ենք ՏԷ՜Ր, տապալի՛ր ու քանդի՛ր մեր երկրի հոգևոր և աշխարիկ իշխանությունները գերության մեջ պահող նույն այդ պարիսպները, Օգնի՛ր մեզ ՏԷ՛Ր, հաղթահարելու դարձի ու ապաշխարության ուղով մեր ընթացքի առջև ընկած ամեն մարմնավոր ու հոգևոր խոչընդոտ, որ անխափան ընթանանք դեպի ՔՈ Կենարար Հավերժի Լույսը:
Մարդկային ցեղից, միս ու արյունից չկա ոչ մի ուժ, զորություն, պետություն, որ մեզ աջակցի, զորակցի, բոլորի կողմից լքված ենք, հալածված, միայնակ, մերկ ու անզեն կանգնած ենք գողիաթների դիմաց: Մեր թշնամիներն իրենց հույսը դրել են իրենց քանակի, զենքի, հարստության վրա, որոնք ՔԵԶԱՆԻՑ են ստացել, իսկ մենք միայն ՔՈ Զորությանն ենք ապավինում և միայն ԴՈՒ ես մեր հույսը: Հասի՛ր ՏԷ՜Ր, հասի՛ր։
Եվ ՔԵԶ, ՍՈՒՐԲ ՀՈՐ ու ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒԴ հետ միասին հավերժ Փառք, Օրհնություն ու Երկրպագություն, հավիտյանս հավիտենից: Ամեն:
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ