Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Փամուկի, Շաֆաքի նման գրողները նախընտրում են չբնակվել Թուրքիայում»

«Փամուկի, Շաֆաքի նման գրողները նախընտրում են  չբնակվել Թուրքիայում»
15.03.2013 | 13:11

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ` «Արարատից այն կողմ. ապակոդավորելով Թուրքիան» գիրքն ուղղված է հիմնականում լրագրողներին:
Հեղինակի խոսքով` պարզ, ոչ խրթին լեզվով բացատրվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, ինչ քաղաքականություն է հետապնդում տարածաշրջանում, ինչպե՞ս պետք է հասկանալ Թուրքիայի այս կամ այն քայլը: «Այն ուղղակիորեն չի վերաբերում հայ-թուրքական հարաբերություններին, շատ ավելի լայն է, ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, Դավութօղլուի հինգ սկզբունքները, և ամեն սկզբունքը բացատրվում է օրինակով, որևէ երկրի հետ հարաբերություններով»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Շաքարյանը: Գրքի վերջում կա հետգրություն հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Գիրքը չի վաճառվում: Այն տրամադրվել է գրադարաններին, վերոնշյալ խնդրով հետաքրքրվող կառույցներին ու լրագրողներին:

-Արտակ, որպես թուրքագետ, կարողանո՞ւմ եք պահպանել չեզոքություն:
-Որքան էլ փորձեմ չեզոք լինել, պատմությունը, հուշերը, ցեղասպանության զոհերի հիշատակը թողնում են իրենց հոգեբանական ազդեցությունը: Թեև հնարավորինս չեզոքությունը անհրաժեշտ է գիտականության համար:
-Գրքի հրատարակությանը որևէ կերպ Թուրքիան արձագանքե՞լ է:
-Թուրքիային հետաքրքիր է, թե հարևան երկիրն ինչ է մտածում իր մասին: Նրանք ասել են, որ պատրաստ են թուրքերեն հրատարակելու գիրքը, եթե այն թարգմանվի անգլերեն: Ընդհանուր առմամբ, չեզոք է գրված, Թուրքիայի վերաբերյալ գովեստի խոսքեր չկան, անհիմն մեղադրանքներ` նույնպես: Նշվում է նաև Ցեղասպանության մասին և բացատրվում է, թե ինչո՛ւ Թուրքիան չի ընդունում այն, այսինքն, կարելի է ասել, բացահայտվում է Դավութօղլուի գործելաոճը:
-Թուրքական մամուլն ինչպե՞ս է արձագանքում հայաստանյան իրադարձություններին:
-Թուրքիան իրեն զգում է տարածաշրջանային գլոբալ խաղացող, ավելի շատ գլոբալ հարցերի վրա է ուշադրություն դարձնում: Օրինակ, Պարույր Հայրիկյանի մահափորձի վերաբերյալ չոր լրատվություն տրվեց, առանց մեկնաբանությունների: Միայն, այսպես ասած, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ էին շատ լինում հոդվածները: Փորձը ցույց է տալիս, որ հոդվածներն ավելանում են մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: Հիմնականում հրատարակվում են Ցեղասպանությանն առնչվող, հակահայկական բնույթի հոդվածներ:
-Մենք, կարծես, ավելի ուշի ուշով ենք հետևում թուրքական մամուլում տեղ գտած նյութերին: Ի՞նչ խորհուրդ կտայիք լրագրողներին, ովքեր թարգմանում և տարածում են թուրքական մամուլում տեղ գտած նյութերը:
-Պետք է օգտվել թուրքական աղբյուրներից: Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ռուսերենով են մատուցում այդ նյութերը` թարգմանելիս բառեր են ավելացնում կամ պակասեցնում: Բացի այդ, օրինակ, թուրքական «Սաբահ» թերթը սովորություն ունի դեզինֆորմացիա տարածելու, փորձելու համար հասարակական (այդ թվում` հայ հասարակության) տրամադրությունները: ՈՒստի ցանկալի չէ միայն մեկ աղբյուրին վստահելով լուր տարածել: Հատկապես եթե լուրը վերաբերում է Հայաստանին, խորհուրդ եմ տալիս նաև ճշտել համապատասխան մարմինների հետ: Երբ Սիրիա օգնություն տանող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Էրզրումում, թուրքերը տարածել էին, որ հարկադրաբար է եղել վայրէջքը: Հայկական մամուլը նույնությամբ տարածեց այդ լուրը, այնինչ, եթե ՀՀ արտգործնախարարության հետ ճշտեին, պարզ կդառնար, որ ոչ թե ստիպել էին, այլ մենք պլանավորված էինք վայրէջք կատարել Էրզրումում:
-Վերջերս հայերեն հրատարակվեց Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»: Գիրքն արգելված է Թուրքիայում, քանի որ Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրները, այդ թվում` Հայոց մեծ եղեռնը` իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Գրաքննությամբ, արգելքներով հիմնականում ի՞նչն են փորձում կոծկել այդ երկրում: Որո՞նք են արգելված թեմաները:
-Տաբուներ Թուրքիայում շատ կան, բայց Էրդողանի իշխանության ժամանակ կամաց-կամաց կոտրվում են: Քրդերի մասին խոսելն էր արգելված թեմա, հիմա ազատ խոսում են, Աթաթուրքին քննադատելու արգելքը, որ այսօր դեռ պահպանվում է: Այսօր արդեն կան գրողներ, լրագրողներ, ովքեր ազատորեն խոսում են Ցեղասպանության մասին: Առավել թարմ օրինակի մասին կուզեի խոսել: Ջեմալ փաշայի թոռը` լրագրող Հասան Ջեմալը, վերջերս հրատարակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որ վաճառվում է Թուրքիայի բոլոր գրախանութներում: Զարաքոլուն հրատարակում է, չասենք` արգելված, խնդրահարույց գրականություն: Նրան հաճախ ձերբակալում են տարբեր պատրվակներով: Բոլոր դեպքերում, հրատարակչատունն աշխատում է, և գրքերը վաճառվում են:
Այս գրքերը լավ են վաճառվում, որովհետև դրանք գնում են թե՛ Ցեղասպանության ճանաչման կողմնակիցները, թե՛ ընդդիմախոսները:
Բիզնես մոտեցումից բացի, կա նաև ազատատենչության խնդիր, անհատն ունի ասելիք ու համոզված է, որ այսօր կարող է ասել, արտահայտել իր մտածածը: Մի շատ թյուրընկալում կա, որ նման գրողները հայասեր են, ճանաչում են Ցեղասպանությունը և եթե, օրինակ, մեր հողերը վերադարձնելու խնդիր լինի, նրանք հաստատ կողմ կքվեարկեն: Ո՛չ, ճանաչելով դեպքերը, ճանաչելով ողբերգությունը, մեկ-մեկ «ցեղասպանություն» բառն օգտագործելով, մեկ-մեկ չօգտագործելով, ցավակցելով հայ ժողովրդին, ամեն դեպքում, նրանք Թուրքիային նվիրված քաղաքացիներ են: Եթե միջազգային հարթակներում քննարկվի Ցեղասպանության ընդունման հարցը` իր բոլոր հետևանքներով` հողերի վերադարձով և այլն, նրանց ճնշող մեծամասնությունը դեմ կլինի դրան: Նրանք քաղաքականությունը և հույզերը տարբերում են: Որպես գրող` ճանաչում են իրականությունը, ջարդերը, բայց քաղաքական հետևանքներ կրելու առումով համաձայն չեն: Նրանք մտածում են, որպեսզի թուրք ժողովուրդը իրապես զարգանա, պիտի ճանաչի իր պատմությունը, որը ներառում է նաև Ցեղասպանությունը: Դա ավելի շատ անում են ինքնամաքրման համար:
-Հետապնդումներից խուսափո՞ւմ են ազատամիտ, Թուրքիային նվիրված գրողները:
-Ժամանակին արգելված գրողների ձեռքից անձնագիրը վերցնում էին ու արգելում էին արտասահման մեկնել: Այսօր կա համացանց, խոսքը արտասահման հասցնելու տարբեր եղանակներ: Արգելքի այդ մեթոդն այլևս նպատակահարմար չէ: Փամուկի, Շաֆաքի նման գրողները նախընտրում են չբնակվել Թուրքիայում: Ամեն դեպքում, Հրանտ Դինքին սպանողները շատ են այդ երկրում, և պատահական մեկը կարող է կրակել Փամուկի վրա:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ