ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
30.07.2013 | 11:21

Մեծարգո պարոն Հովսեփյան, ես լիովին համաձայն եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ ամեն ձևով պետք է պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ և այն արմատախիլ անել մեր կյանքից: Խոշոր կոռուպցիոն գործարքները շատ վտանգավոր են պատերազմող Հայաստան երկրի համար, սակայն պակաս վտանգավոր չեն մեր կյանքում առկա բազմաթիվ կենցաղային կոռուպցիոն ռիսկերը, որոնց հետ իրենց առօրյա կյանքում հաճախ են շփվում մեր շարքային քաղաքացիները: Կաթիլ առ կաթիլ գումարվելով, այդ միկրոռիսկերը, ի վերջո, կարող են այնպիսի որակների հանգեցնել, որոնք կստվերեն ՀՀ Վերահսկիչ պալատի վերջերս կատարած աղմկահարույց բացահայտումները: Դրանք վտանգավոր են իրենց տարածվածության աստիճանով և շարքային քաղաքացիների շահերի կոպիտ ոտնահարման պատճառով: Փաստերի համար հեռու չեմ գնա: Բերեմ մեկ կոնկրետ օրինակ իմ անձնական կյանքից:
Ստացվեց այնպես, որը ժամանակին դեպի բակ դուրս եկող մեր խոհանոցի պատուհանը ամբողջությամբ լուսազրկվեց, կարելի է ասել` զմռսվեց, հարևանների առաջ քաշած պատշգամբների պատճառով: Օրվա բոլոր ժամերին իմ ընտանիքի անդամները ստիպված են լինում ավելորդ էներգիա ծախսել, օգտվել միայն արհեստական լուսավորությունից` վտանգելով իրենց առողջությունը: Ինչպե՞ս են կառուցվում այդ արտանախագծային ապօրինի պատշգամբները բակի կողմից: Պայմաններից ամենակարևորը կաշառք տալն է: Որքան շատ են խանգարում մարդկանց այդ շինությունները, որքան շատ են քաղաքացիների բողոքները, այնքան մեծ է անհրաժեշտ կաշառքի չափը: Ո՞վ և ինչո՞ւ է թույլատրել մեր բնակարանի հարևանությամբ կառուցապատել` կոպտորեն խախտելով տարրական շինարարական նորմերը (լուսանկար 1), թողնում եմ Երևանի քաղաքապետարանի և մեր Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուների խղճին:
Մեր ոդիսականը սկսվեց այն պահից, երբ կինս` Լյուդմիլա Չալաբյանը, որոշեց փոխել մեր խոհանոցի խարխուլ պատուհանը, տեղադրել նորը, ավելի լուսավորը: Տարբեր պատասխանատուների դռները մեկ տարուց ավելի թակելուց հետո նրան վերջապես հաջողվեց ստանալ Կենտրոնի թաղապետ Գյանջումյանի պաշտոնական թույլտվությունը պատուհանի վերանորոգման համար, որի կարիքը, իհարկե, չկար: Համաձայն ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 2-ի թիվ 91 որոշման 6-րդ մասի (Լուսամուտներ, դռներ ու դարպասներ) ժ) կետի` բազմաբնակարան շենքերի արտաքին պատերի դռների և պատուհանների բացվածքների սահմաններում կարելի է փոխել, փոխարինել առանց թույլտվության: Դա օրենքով սահմանված կարգ է: Կա, սակայն, մի չգրված օրենք. բոլոր դեպքերում պետք է կաշառք տալ: Հերքել կամ հաստատել այդ դրույթը տիկին Լյուդմիլան չէր կարող, նա միայն լսել էր այդ մասին, և խնդրեմ, դուռը հրմշտելով մեր բնակարան են մտնում Կենտրոն վարչական տարածքի երեք տեսուչ, որոնք եկել էին խոսելու մեր բնակարանում սկսված ինչ-որ անօրինական շինարարության մասին և եթե մենք ընդհանուր հայտարարի չգանք իրենց հետ, ապա «փաստի» առիթով արձանագրություն կկազմվի և մենք ավելի կտուժենք։ Նշեմ, որ մեր համատիրությունում կա ընդամենը 2 բնակարան, 210-ից, որտեղ արտանախագծային որևիցե շինություն չկա: Դրանցից մեկը մերն է: Մենք միշտ ենք եղել օրինապաշտ, բավարարվել ենք մեր ունեցածով: Այդ խոսակցությունը, իհարկե, ինտելիգենտ տիկին Լյուդմիլայի համար չէր: Լավ էր, որ այդ պահին ես տանն էի: Լսելով նրանց զրույցը, ես նրանց իմ բնակարանից ուղղակի դուրս վռնդեցի: Այդ դեպքը ես նկարագրել եմ «Իրատես de facto» թերթի 25. 09. 2012 թ. համարում տպագրված իմ հոդվածում: Այս պատմությունն ունեցավ իր շարունակությունը: Կազմվեց թիվ 006632 արձանագրությունը առ այն, որ Մոսկովյան 21 շենքի թիվ 9 բնակարանում ինքնակամ կատարվել է պատուհանի ֆիզիկական չափսերի փոփոխություն: Այդ արձանագրության հիման վրա ընդունվեց Երևանի քաղաքապետի 13.09.2012 թ. թիվ Վ-29/9 որոշումը` 200 հազար դրամի վարչական տուգանք սահմանելու մասին, որին կգումարվի ևս 2,5 միլիոն դրամը` «շինարարությունը շարունակելու դեպքում»: Մեր հարցով կատարված քաղաքապետարանի բոլոր որոշումները հիմնված են առաջին կարգի մասնագետ Արա Պողոսյանի կազմած թիվ 006632 արձանագրության վրա: Այդ արձանագրությունը այնքան թերություններ ունի և այնպիսի կոպիտ սխալներ է պարունակում, որ այն պետք է ուղղակի անվավեր ճանաչվեր քաղաքապետարանի համապատասխան բաժինների և, առաջ անցնելով ասեմ, նաև վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի կողմից:
1. Տվյալ բնակարանում նախաձեռնված բարեկարգման և ներքին հարդարման տվյալ աշխատանքները չէին կարող որակվել որպես ինքնակամ, որովհետև բնակարանի սեփականատեր Լ. Չալաբյանը վաղօրոք ստացել էր դրա թույլտվությունը` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանի ստորագրությամբ. թիվ 23/33-Չ40, 11.11.2011թ.։
2. Կոպտորեն խախտվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու կարգը: Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255 հոդվածի, արձանագրությունը ստորագրում է… վարչական իրավախախտում կատարած անձը, եթե անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում նշում է կատարվում, իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Թիվ 006632 արձանագրության երեք օրինակից մեկը ես ստորագրեցի` իմ հատուկ կարծիքով, մյուսների վրա ստորագրել ինձ թույլ չտվեցին` ասելով, որ նրանք պետք է մաքուր լինեն, առանց հատուկ կարծիքների, որովհետև դրանք դրվելու են Տարոնի սեղանին, Ձեր հատուկ կարծիքը կարող եք գրել Ձեր օրինակի վրա, որքան կուզեք: Ահա թե ինչ: Ի՞նչ է սա, եթե ոչ երիտասարդ պաշտոնատար անձի կողմից ցինիզմի մի վառ դրսևորում: Իմ բոլոր հորդորները, որ արձանագրությունները կազմվում են մի քանի օրինակով, բայց ոչ երբեք մի քանի տարբերակով, որ արձանագրության տակ հատուկ կարծիքով ստորագրելը քաղաքացու ինքնանպատակ իրավունքը չէ, այլ դա արվում է հատուկ նպատակով, որպեսզի բացառվեն արձանագրությունները կազմող պետական պաշտոնյաների հնարավոր սխալները և նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, հատուկ կարծիքները գրվում են վերադասների համար և այլն, և այլն: Այսպես ստեղծված թիվ 006632 արձանագրությունը ունեցավ երկու տարբերակ. մեկը` իմ հատուկ կարծիքով և իմ ստորագրությամբ, մյուսը` առանց իմ ստորագրության: Ոչ մեկին հետագայում չհետաքրքրեց, թե թիվ 006632 արձանագրության վրա ինչո՞ւ չկա քաղաքացու ստորագրությունը, ինչո՞ւ են անտեսվել օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջները և այլն:
3. Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ Երևանի քաղաքապետի սեպտեմբերի 13-ի թիվ Վ-29/9 ընդունած որոշման մեջ գրված է. «Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի աշխատակից Ա. Պողոսյանի կազմած վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 006632 արձանագրության Մոսկովյան փողոցի հ. 21 շենքի հ. 9 բնակարանում ինքնակամ իրականացվել է պատուհանի բացվածքի ֆիզիկական չափսերի փոփոխության շինարարական աշխատանքներ»: Թիվ 006632 արձանագրության մեջ կարդում ենք` Մոսկովյան փողոցի հ. 21 շենքի հ. 9 բնակարանում կատարվել է պատուհանի ֆիզիկական չափսերի փոփոխություն: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել հ. 9 բնակարանում: Փոփոխվել են պատուհանի՞ ֆիզիկական չափսերը, թե՞ փոփոխվել են պատուհանի բացվածքի ֆիզիկական չափսերը: Սա պատահական վրիպո՞ւմ է արդյոք: Կարծում եմ` ոչ: Թիվ 006632 արձանագրության մեջ տրված ձևակերպումը թույլ է: Համաձայն ՀՀ կառավարության թիվ 91 որոշման 6-րդ մասի ժ) կետի` արտաքին պատերի բացվածքներում կարելի է կատարել արտաքին լուսամուտների և արտաքին դռների փոխում, փոխարինում` առանց շինարարության թույլտվության: Այստեղ պատուհանների ձևը և չափսերը կարող են փոխվել, փոփոխվել, դառնալ խուլ, ունենալ մեկ, երկու կամ երեք փեղկ և այլն, և այլն: Այստեղ վարչական իրավախախտում չկա: Պատուհանի ֆիզիկական չափսերի փոխարեն մտցնելով պատուհանի բացվածքի ֆիզիկական չափսեր տերմինը, քաղաքապետարանը լուրջ մեղադրանքի համար հիմքեր է ստեղծում: Պատուհանի բացվածքի ֆիզիկական չափսերը փոխելու համար անհրաժեշտ է քանդել շենքի կապիտալ (կրող) պատերը: Դա չի կարելի անել: Դրանք մտնում են շինարարական այն աշխատանքների ցանկի մեջ, որոնց համար պահանջվում են շինարարության կամ քանդման թույլտվություն, նաև շենքերի սեյսմակայունության հատուկ հաշվարկներ, ամրացնող կոնստրուկցիաների միջոցով քանդված պատերի ուժեղացում և այլն: Պատուհանների բացվածքի ֆիզիկական չափսերի փոփոխության երևույթը բացատրելու համար կարող եմ բերել մեկ կոնկրետ օրինակ: Նույն Մոսկովյան 21 շենքի 2-րդ հարկում (Տերյան փողոցի կողմից) բոլորովին վերջերս կատարվեցին պատուհանների բացվածքների ֆիզիկական չափսերի փոփոխման շինարարական աշխատանքներ, և մեծ խախտումներով: Պատուհանների բացվածքները երկու ուղղությամբ մեծացված են, շենքի կապիտալ (կրող) պատի այդ հատվածում պատերի ուժեղացման ոչ մի աշխատանք չի կատարվել: Շենքի հաշվարկային սեյսմակայունությունը պահպանելու համար այստեղ պարտադիր կարգով պետք է դրվեր ամրացնող երկաթբետոնյա հատուկ շրջանակ: Դա չի արվել: Ամեն ինչ մնացել է սվաղի տակ և միայն մեր լուսանկարներում: Քաղաքապետարանի հսկիչները այստեղ «թերացել» են, հնարավոր է, կոռուպցիոն ռիսկերի պատճառով: Արժե ճշտել. սա տիպիկ օրինակ է Երևան քաղաքի համար: Իսկ տիկին Չալաբյանի կապիտալ պատերից մեկ ավազահատիկ անգամ չի հեռացվել, պատուհանի բացվածքի ֆիզիկական չափսերը չեն փոփոխել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկար: Բնակարանի այդ հատվածում, ըստ շենքի ճարտարապետական նախագծի, միշտ եղել է և այժմ էլ գոյություն ունի միայն դռան բացվածք` իր նախագծային չափսերի սահմաններում: Այստեղ նախատեսված էր դեպի բակ դուրս եկող ֆրանսիական տիպի պատշգամբ: Պատշգամբի դուռը ժամանակին փոխարինվել էր պատուհանով, որի տակ սնամեջ միջնապատ էր դրվել` սննդամթերք պահելու համար: Այդ սնամեջ պատի արտաքին շերտը փլուզվել, իսկ ներսի կողմը ճաքեր էր տվել: Պատուհանը նորոգելու ժամանակ այդ միջնապատը պետք է հեռացվեր և նորը դրվեր: Ըստ ՀՀ կառավարության 91 որոշման 3-րդ մասի բ) և գ) կետի նման աշխատանքների համար ևս թույլտվություն պետք չէ:
Թիվ 006632 արձանագրության երկու տարբերակները ստանալուց հետո տիկին Չալաբյանը 8 անգամ նամակով դիմել է պատկան մարմիններին` խնդրելով հանձնաժողովներ ուղարկել, խնդիրը ամբողջությամբ քննարկել, հարցը լուծել, առջևում ձմեռ է և այլն, և այլն: Ոչ մի արդյունք: Ավելին, հետագայում ընտանիքի դեմ կիրառվեցին այնպիսի պատժիչ գործողություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պետական պաշտոնյաներին, այլև շարքային հայ մարդուն: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները շատ լավ գիտակցում էին, որ Մոսկովյան 21 շենքի հ. 9 բնակարանում ոչ մի վարչական իրավախախտում չկա, բնակիչները օրենքներին քաջ ծանոթ են, հսկիչների երեքհոգանոց խմբից չվախեցան, նրանց հետ կոռուպցիոն գործարքի մեջ չմտան և նրանց իրենց բնակարանից ուղղակի դուրս վռնդեցին և այդ ամենը մանրամասն նկարագրեցին «Իրատես de facto» թերթի 2012 թ. 25.09-ի համարում: Ի՞նչ անել: Իմ կարծիքով` լավագույն տարբերակը զիջելը և բնակիչներից ներողություն խնդրելն էր` իրենց թույլ տված սխալների և ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի համար: Նրանց գործողությունների (անգործության) պատճառով մեր բնակարանի մի մասը շրջափակվել է բազմաթիվ ապօրինի շինություններով: Հ. 9 բնակարանի խոհանոցում չկա բնական լույս, օրվա բոլոր ժամերին մեր ընտանիքի անդամները ստիպված են լինում օգտվել միայն արհեստական լուսավորությունից` կատարելով հավելյալ վճարումներ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց, վատթարացել է օդափոխությունը, բնակարանը զրկվել է դեպի բակ դուրս գալու հնարավորությունից (լուսանկար 3), մեզ պատճառվել է մինչև 15 միլիոն դրամի հասնող նյութական վնաս (մութ խոհանոցի և բակ դուրս գալու հնարավորությունից զրկված լինելու պատճառով մեր բնակարանի շուկայական գինը 30 տոկոսով ընկել է հարևան բնակարանների համեմատ): Այս ամենը մեզ համար ունի խիստ կենսական նշանակություն: Բայց ինչպե՞ս են փորձում մեր խնդիրը լուծել: Անհավանական է, բայց փաստ է, որ կաշառք չտվող քաղաքացու դեմ պետական պաշտոնյաները պատրաստ են գնալու անհավանական գործողությունների:
Գործողություն 1: Իմ ընտանիքի դեմ այս տարի մի սադրանք էր կազմակերպվել` հարևանների մասնակցությամբ: 8-րդ բնակարանի հարևանուհին մագլցելով անցել էր պատը և իր պահվածքով ու վիրավորական խոսքերով փորձում էր կոնֆլիկտ հրահրել: Մյուսը` տեսախցիկը ձեռքին, սպասում էր, որ տեսագրի սպասվող կոնֆլիկտի ընթացքը: Սադրանքը չանցավ, տիկին Լյուդմիլան դուստրերի խորհրդով դիմեց ոստիկանության օգնությանը: Այս ամենը կարող էր դիտարկվել մի սովորական կենցաղային պատմություն, եթե չլիներ մեկ շատ կարևոր հանգամանք: Իսկ ո՞վ էր այդ սադրանքի գաղափարախոսը, չզարմանաք: Սադրանքի կազմակերպիչը թիվ 006632 արձանագրության հեղինակ Ա. Պողոսյանն էր: Պարոն Պողոսյանը այդ ժամանակ գտնվում էր հ. 8 բնակարանում և, լսելով ոստիկան հրավիրելու լուրը, փախուստի դիմեց:
-Ի՞նչ կլիներ, եթե ես տեղի տայի այդ սադրանքին,- հարցնում եմ Երևանի քաղաքապետարանի իրավաբան պարոն Հրանտ Մարգարյանին` նրա աշխատասենյակում կայացած մեր հանդիպման ժամանակ:
-Տարբեր քրեական հոդվածներով Ձեզ դատի կտային,- առանց հապաղելու ասաց նա:
Այ թե ինչ խնդիր են փորձում լուծել քաղաքապետարանի աշխատակիցները: Պետք է քրեական գործերով տանջամահ անել և լռեցնել կամակոր և կաշառք չտվող քաղաքացիներին: Ամեն ինչ պարզ է: Մեկնաբանությունները այստեղ ավելորդ են:
Գործողություն 2: Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման վերաբերյալ Վ-29-9 որոշման մեջ առանձին կետով գրված է. «Նախազգուշացնել քաղաքացի Լ. Հ. Չալաբյանին, որ շինարարական աշխատանքները շարունակելու դեպքում այն կառաջացնի վարչական տուգանք 2500000 ՀՀ դրամի չափով»: Նախազգուշացումը նախազգուշացում, բայց քաղաքապետարանի գործողություններն անհայտ են: Կարո՞ղ է, արդյոք, քաղաքացի Լ. Չալաբյանը փակել դռան բացվածքը, թե դա քաղաքապետարանի կողմից դիտարկվելու է որպես շինարարական աշխատանքների շարունակություն` իր 2500000 ՀՀ դրամի տուգանքով: Այս հարցը ևս դարձավ քաղաքապետարանի մեկ պատուհանով անցնող նամակագրության թեմա` իր անորոշ և միաբնույթ պատասխաններով: Ես ստիպված եղա բաց նամակով դիմելու Երևանի քաղաքապետին («Ազգ» 12 դեկտեմբերի, 2012 թ.): Դիմացը ձմեռ է, իմ բնակարանը չի ջեռուցվում, ի՞նչ անենք, սպասենք, բայց ինչքա՞ն։ Ի՞նչ է լինելու, ենթադրենք, այդ վարչական տուգանքը մեզնից կորզելուց հետո: Քանդվելո՞ւ են արդյոք մեր պատուհանը փակող հարևանների ապօրինի պատշգամբները, թե՞ ոչ: Պահպանվելո՞ւ են շինարարական տարրական նորմերը մեր բնակարանի հարակից տարածքում, թե՞ ոչ: Քաղաքապետարանում այդ մասին գերադասում են լռել: Ինչևիցե, 2012-2013 թ. ձմեռը մեր ընտանիքը անցկացրեց բաց պատուհանով` ցուրտ բնակարանում, ընտանիքիս անդամներից շատերը հիվանդացան: Դա մեր բողոքական կեցվածքը փշրելու և պատժելու մի յուրօրինակ ձև է, որը, առայժմ, հաջողությամբ գործում է: Շատ հավանական է, որ 2013-2014 թթ. ձմեռը ևս մեր ընտանիքը կանցկացնի բաց պատուհանով, եթե, իհարկե, մեզ չհաջողվի օր առաջ լքել Հայաստանը:
Գործողություն 3: Մեր հայցով դիմում ենք վարչական դատարան, փորձում ենք մեր ճշմարտությունը դատարանով հաստատել: Խոստովանեմ. կյանքումս առաջին անգամ եմ կանգնել դատարանի առաջ, այն էլ ողջ ընտանիքով: Դատական առաջին նիստում դատավոր Կարեն Ավետիսյանը հանձնարարեց, որ պատասխանող կողմը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի իրավաբան Հրանտ Մարգարյանի, արխիվից դատարան բերի Մոսկովյան 21 շենքի ճարտարապետական նախագծերը: Պետք էր պարզել մի շատ կարևոր հանգամանք, թե շենքի այդ հատվածում ինչ է նախատեսվել և կառուցվել. դռան բացվա՞ծք, թե՞ պատուհանի բացվածք: Հրանտ Մարգարյանը գնաց և հաջորդ երեք դատական նիստերին չներկայացավ` իմանալով, որ հարցի ձգձգումը մեզ համար նշանակում է ձմեռել ցուրտ բնակարանում, բաց պատուհանով: Դատավոր Կարեն Ավետիսյանը 2013 թ. հունիսի 20-ին նշանակում է դատաքննություն: Դատաքննության ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բարեհաճեց ներկայանալ և իր ստահոդ «փաստերով» զարմացրեց ներկաներին` նշելով, օրինակ, որ հայցվոր Լ. Չալաբյանը խոստովանել է, որ պատուհանի տակից քարեր է հանել: Որտեղի՞ց էր նա կարդում այդ «ինքնախոստովանությունը», ինչո՞ւ էր նա առանց վախենալու ստում: Իսկ ինչո՞ւ դատարան չբերվեցին պահանջված ճարտարապետական նախագծերը, ոչ մի խոսք: Իսկ ինչո՞ւ դատավորը Հրանտ Մարգարյանի «փաստերը» առանց վարանելու ընդունեց, որպես իր վճռի համար հարմար հիմք, ինձ համար գաղտնիք մնաց: Իսկ վարչական դատարանի վճի՞ռը: Այդ մասին չեմ էլ ուզում որևէ խոսք ասել, միայն խոր հիասթափություն ապրեցի: Մտածում եմ, թե ինչու պետք է մեր դատավորը մեր գիտնականից 10 անգամ ավելի աշխատավարձ ստանա, եթե նա մեկ տարվա ընթացքում չի կարողանում պարզել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գործով անցնող օբյեկտը. դռան բացվա՞ծք է այն, թե՞ պատուհանի:
Հարգելի պարոն Հովսեփյան, առաջարկում եմ նախաձեռնել դատախազական հետաքննություն «Կոռուպցիոն ռիսկերը Երևան քաղաքում, Մոսկովյան 21 շենքի օրինակով» թեմայով: Սա շատ լավ թեմա կլինի նաև գիտական ատենախոսությունների համար: Համոզված եմ, որ լայնամասշտաբ քննության ժամանակ շատ նոր բաներ կբացահայտվեն:


Հարգանքով`
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
ՀՀ քաղաքացի, Երևան, Մոսկովյան 21, բն. 9 Հեռ. 56-44-69, 093-35-95-53

Հ. Գ.- 20 տարուց ավելի ես զբաղվում եմ Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիայի խնդիրներով, փորձում եմ գործարկել երկրաշարժի գոտու գործարանների մեծ մասը, պատրաստ եմ Հայաստանում ստեղծելու 400-800 հազար աշխատատեղ: Տեխնիկապես դա հնարավոր է, բայց իմ պատուհանի պատմությունը ցույց տվեց, որ Հայաստանում այսօր, այս պայմաններում աշխատել չի լինի: Մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Առանձնակի վտանգ են ներկայացնում մեր սկսնակ և երիտասարդ կոռուպցիոներները, որոնք գործում են անկաշկանդ, համարձակ, առանց վախի և ամոթի զգացումի: Նրանցից շատերին թվում է, որ կաշառք վերցնելու մեջ ոչ մի վատ բան չկա, դա հանցագործություն չէ, այլ աշխատանքային պայմանագրի մեջ չգրված կարևոր պայման: Կոռուպցիայի դեմ պայքարը ստորին օղակներում շատ կարևոր է: Կոռուպցիայի գոյությունը մեր երկրում ինձ նման պրոֆեսիոնալ մասնագետներին դնում է երկընտրանքի առաջ: Ի՞նչ անել` գիտաարտադրական գործունեություն ծավալել Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում: Ես, օրինակ, երբեք չեմ համարձակվի իմ պատասխանատվությամբ օտարերկրյա լուրջ ներդրումներ բերել Հայաստան, որովհետև վստահ չեմ, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ ապավինել մեր դատական համակարգի պաշտպանությանը: Օտարերկրյա խոշոր ներդրողների հետ բանակցելիս ես, առայժմ, բավարարվում եմ մեր աշխատանքները իրենց երկրներում կազմակերպելու հարցերը քննարկելով: Դա ես սրտի խոր կսկիծով եմ ասում, որովհետև իմ բոլոր աշխատանքներն արել եմ մայր Հայաստանի համար, որտեղ, սակայն, քաղաքացիների շահերը պաշտպանված չեն: Քաղաքացիների և պետության շահերը այստեղ ավարտվում են, և նույն տեղից սկիզբ են առնում կոռումպացված պաշտոնյաների կորպորատիվ շահերը: Դա երկրի կործանում է նշանակում: Պայքարենք կոռուպցիայի դեմ միասին, մենք Ձեզ օգնական:

*Լուսանկար 1. Ո՞վ և ինչո՞ւ է թույլատրել կառուցապատել այս երկնաքեր պատշգամբները, որոնք խաթարում են Մոսկովյան 21 շենքի 9-րդ բնակարանին վերաբերող բոլոր շինարարական նորմերը. բնական լույսի անբավարար մակարդակ, բնական օդափոխության սահմանափակ հնարավորություն, դեպի բակ նախատեսված ելքի արգելափակում: Խոհանոցի պատուհանը դրսից չի երևում, ցույց է տրված սլաքով:

*Լուսանկար 2. Պատուհանների բացվածքները դռան բացվածքների վերածելու մի թարմ դեպք Մոսկովյան 21 շենքում: Պատուհանի (վերևի լուսանկար) ֆիզիկական չափսերի մեծացման համար հատուկ գծագրեր պետք չեն: Այդ չափսերը որոշում է բանվորը իր մուրճի հարվածներով, ինչպես կստացվի և, իհարկե, ի վնաս մեր շենքի սեյսմակայունության: Երկու պատուհանի փոխարեն արդեն ունենք կապիտալ պատի երկու ընդարձակված բացվածք. շատ արագ գաջած, ներկված, աստիճանները գրավել են մայթի մի մասը: Ոչինչ, դա կարելի է, Կենտրոնի հսկիչները տեղյակ են:

Լուսանկարներ

. .
  • Լուսանկար   1
  • Լուսանկար   2
Դիտվել է՝ 2047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ