ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

«Երգող հոգի»

«Երգող հոգի»
16.12.2016 | 11:04

Կանադացի ջութակահար ՌՈՒԲԵՆ ԿՈՍԵՄՅԱՆԸ տոհմիկ երաժիշտ է: Նրա ծնողները տարիներ շարունակ եղել են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար ջութակահարներ: Հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը, Կոմիտասի անվան քառյակի ալտահարն է: Ռուբենը ծնվել է Հայաստանում: Չորս տարեկանում ջութակ նվագել է սովորել հոր ղեկավարությամբ, կոնսերվատորիայում ուսանել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի դասարանում: Ինը տարեկանում այդ հրաշամանուկը կատարել է Մենդելսոնի և Մոցարտի ջութակի կոնցերտները՝ նվագախմբի հետ:

Ռուբենը մասնակցել է Իգոր Օյստրախի, Տիբոր Վարգանի, Ռուբեն Ահարոնյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Իվան Մոնիգետիի և Դոմինիկ դե Վիլենկուրտի վարպետության դասերին: 1997-ին Ռուբենին շնորհվել է Վլադիմիր Սպիվակովի հեղինակավոր կրթաթոշակ:
1988-ին նա դասավանդել է ջութակ և կամերային անսամբլ Երևանի պետական կոնսերվատորիայում, իսկ 2000-ին ընտրվել է Քիշ կղզու երաժշտության և մշակույթի տան դասական երաժշտության բաժնի ղեկավար: Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Թայվանում, Մալայզիայում, Ռուսաստանում և Վրաստանում, կատարել է Խաչատրյանի, Սարյանի, Չայկովսկու, Գլազունովի, Բրուխի, Բրամսի, Բախի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների կոնցերտները:


2005-ին Ռուբեն Կոսեմյանը հիմնադրել է դաշնամուրային տրիո:
2007 թ. հոկտեմբերի 31-ին նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արամ Խաչատրյանի հարյուրամյակ»-ի ոսկե մեդալի՝ ՀՀ կոմպոզիտորների միության կողմից:
2009-ին Ռուբենը հրավիրվել է միանալու «Խաչատրյան» պետական քառյակին որպես առաջին ջութակ, որտեղ նա աշխատել է մինչև 2010 թ.: 2010-ից Ռուբենը բնակվում է Կանադայում. իր կանադական դեբյուտը նա կատարել է Sinfonia Toronto նվագախմբի հետ ¥դիրիժոր՝ Նուրհան Արման¤ «Գլեն Գուլդ ստուդիայում» և «Koerner Hall»-ում:
Օրերս Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի համերգասրահում տեղի ունեցավ Ռուբեն Կոսեմյանի համերգը՝ դաշնակահարուհի Նատալյա Մնացականյանի ընկերակցությամբ։ Այս շրջագայությունը և համերգը հովանավորել էր «Canada Council for the Arts» կազմակերպությունը։
Ինչ լավ է, որ մեր ագրեսիվ ժամանակներում դեռ հանդիպում ենք արվեստագետների, ովքեր չեն մրցակցում, չեն տենչում գերազանցելու ոչ մեկին, այլ պարզապես փարվում են երաժշտությանը, իրենց հոգու տեսիլքների և պայծառացումների առատությունից բաժին են հասցնում նաև ունկնդիրներին։ Ռուբենը ռոմանտիկ հոգեկերտվածքով երաժիշտ է։ Այս հանգամանքով էր նաև պայմանավորված համերգի «սոլ-մինորային» ծրագրի ընտրությունը (գերիշխող տոնայնությունն է)։ Այն բաղկացած էր բավական բարդ ստեղծագործություններից, որոնք ջութակահարը և դաշնակահարը, կարելի է ասել, հեշտությամբ հաղթահարեցին։
Այստեղ չենք խոսի ջութակահարի հիանալի տեխնիկայի մասին՝ խրոխտ ստակկատո, ճախրող սպիկկատո, հզոր ակորդներ, կայուն հնչյուն, մաքուր ինտոնացիա և այլն։
Չէ՞ որ այս ամենը ծառայում է գեղարվեստական խնդիրներին, կերպարաստեղծությանը։ Այս հարցում ևս նա հասել է բարձր մակարդակի. ոճի նուրբ զգացողություն, կերպարանափոխվելու ճկունություն և այլն։ Եվ այս բարեմասնությունները վառ կերպով դրսևորվեցին հիշյալ համերգում։


Երեկոն բացվեց Կարեն Խաչատրյանի Ջութակի և դաշնամուրի համար գրված սոլ-մինոր սոնատով։
Ձևով դասական, բովանդակությամբ ռոմանտիկ այս եռամաս սոնատում երաժիշտները հանդես եկան որպես զգայուն, «իրավահավասար» պարտնյորներ, որոնք միմյանց հասկանում են, ինչպես ասում են, կես խոսքից։ (Համերգից հետո, մեր զրույցում, ջութակահարը խոստովանեց, որ ժամանակին նա Մոսկվայում այցելել է Կ. Խաչատրյանին, միասին լսել են Յաշա Հայֆեցի ձայնագրությունը, արծարծել տեմպերի, դինամիկայի և այլ կատարողական հարցեր։ Ահա թե ինչու այդքան համոզիչ էր հնչում Սոնատի «հեղինակային» մեկնաբանությունը)։
Կ. Խաչատրյանն ուսանել է Դ. Շոստակովիչի դասարանում, բարերար ազդեցություն է կրել նաև Պրոկոֆևից և Ա. Խաչատրյանից։ Մեծ ֆիզիկոս Անրի Պուանկարեն ասում էր. «Տարրերն ինքնին ոչինչ են, կարևորը նրանց միջև կապն է»։ Արվեստում տարրերը մեծ նշանակություն ունեն, բայց ավելի կարևոր են դրանց տրանսֆորմացիան, օրգանական միաձույլը։ Մասնավորենք Կ. Խաչատրյանի Սոնատում նկատված ազդեցություններից մի քանիսը: 1-ին մասի գլխավոր թեման իր բնույթով հիշեցնում է Ս. Պրոկոֆևի ջութակի 2-րդ կոնցերտի 1-ին թեման (ի դեպ, նույնպես սոլ-մինոր)։ Բացի այդ, Պրոկոֆևի ազդեցությունը զգացվում է նաև երկաթե ռիթմիկայի մեջ, լայնաշունչ, անվերջանալի մեղեդիներում, որոնք ծավալվում են ջութակի գրեթե ամբողջ դիապազոնով։ Սոնատի 1-ին մասի թիվ 6 հատվածում ջութակի և դաշնամուրի աջ ձեռքի նյութը նմանվում է Սեզար Ֆրանկի Ջութակի սոնատի ֆինալի կանոնիկ շարադրանքին։ Նույնը զգացվում է նաև 2-րդ մասի թիվ 7-ի հատվածում։ Սոնատի 2-րդ մասի թիվ 5 վալսանման դրվագն իր ազնիվ, անարատ բնույթով հիշեցնում է Պրոկոֆևի բալետում Ռոմեոյի և Ջուլիետի կերպարները, նրանց սիրառատ «երկխոսությունը», որը հրաշալի վերստեղծեցին Ա. Կոսեմյանը և Ն. Մնացականյանը։ Սոնատի 3-րդ մասը սկսվում է շոստակովիչյան իրոնիայով համակված երաժշտությամբ։ 3-րդ մասի թիվ 4-ում ակնհայտ է Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ազդեցությունը, նույնը և թիվ 16-ում։ Ահա այս բոլոր տարրերն իր սրտի քուրայում օրգանապես միաձուլելով, գումարելով նաև իր ասելիքը` Կ. Խաչատրյանը ստեղծել է իր Սոնատը։ (Ինչպես մեղուն, որ տարբեր ծաղիկների նեկտարը, շաղախելով իր «ֆերմենտներով», վերածում է մեղրի)։ Նշված աղերսները վկայում են, որ Կ. Խաչատրյանը հիշյալ կոմպոզիտորների «հոգևոր ընտանիքի» (Թ. Էլիոթ) արժանի անդամն է։ Այս ամենը միևնույն ժամանակաշրջանի կոմպոզիտորների եղբայրության փոխկանչն է, որը Ռ. Կոսեմյանը փոքր-ինչ ընդգծելով, ասես երաժշտական չակերտներով, զգալ էր տալիս ունկնդիրներին։ Նույն կերպ ջութակահարն ընդգծում էր Յան Սիբելիուսի արվեստի նրբերանգները Մարժան Մոզետիչի պիեսում (որին կանդրադառնանք ստորև)։
Հատկանշական է, որ ծրագրի գործերից չորսը, կարելի է ասել, մարմնավորում են կանացի տարբեր կերպարներ, Մորիս Ռավելի «Գնչուհին», Կլոդ Դեբյուսիի «Վուշագույն մազերով աղջիկը», Կամիլ Սեն-Սանսի «Հավանեզը» (որը նշանակում է Հավանա քաղաքի բնակչուհի, նույնն է՝ հաբաներա) և Պ. Չայկովսկու Ջութակի կոնցերտի «Կանցոնետան» (կրկին սոլ-մինոր)։ Թեպետ վերջինս որևէ հուշող վերնագիր չի կրում, սակայն, եթե հիշենք Շոպենի 2-րդ և Բրամսի 1-ին դաշնամուրային կոնցերտների 2-րդ մասերը, ապա սխալված չենք լինի, եթե նման կերպարներ, հույզեր նկատենք նաև «Կանցոնետայում»։ Նրանում մեծ կարոտ կա, անցած-գնացած օրերի վերհուշ, հայրենի բնության պատկերներ, օրինակ՝ Կուինջիի «Ճերմակ կեչիների անտառը». այս ամենից անբաժան է սերը։ Ակամա հիշում ես պարմանուհի Տատյանային Պուշկինի տված հետևյալ բնութագիրը՝ «Երկչոտ, ինչպես եղնիկ անտառի»։ Անշուշտ, սա շեղում չէ նյութից, քանզի այս տպավորությունները ներշնչվել են հենց Ռ. Կոսեմյանի նվագից։ Իսկ սրա հակապատկերն է «Գնչուհին»՝ կրքոտ և պոռթկուն, ինչպես Սենս-Սանսի հավանուհին։ Եթե «Գնչուհին» զուգահեռն է Բիզեի «Կարմենի», ապա վուշագույն մազերով աղջիկը՝ անբիծ գեղջկուհին, նման է Կարմենի հակապատկեր հեզահամբույր Միքայելային։

Այս չնաշխարհիկ գործերի շարքը համալրեցին Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» օպերայի հերոս Սպորտինգ-Լայֆի «մեֆիստոֆելյան» կուպլետների հայտնի փոխադրությունը, որն իրականացրել է Հայֆեցը, և կանադացի ժամանակակից կոմպոզիտոր Մարժան Մոզետիչի «Երգող ոգի» երկը, որը լսում էինք առաջին անգամ։ Ի դեպ, Մոզետիչի պիեսը, որն արտահայտում է հոգու բուռն հրճվանք և ճախրանք, Ռ. Կոսեմյանի նվագացանկում տեղ է գտել դեռ 2010-ից` հեղինակի առաջարկությամբ։ Իսկ Արամ Խաչատրյանի «Պարը» վաղուց է թրծվել-բյուրեղացել, քանի որ Ռուբենն այն փայլուն կերպով կատարել էր ուսանողական տարիներին Ա. Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթում և արժանացել դափնեկրի կոչման։


Դժվար է նախապատվություն տալ համերգում հնչած որևէ գործի կատարմանը, սակայն չենք կարող չառանձնացնել Հ. Վենյավսկու «Լեգենդի» սրտառուչ մեկնաբանությունը, որը հոգուս խորքում կապվեց Շոպենի 1-ին բալլադի հետ (դարձյալ սոլ-մինորում), որտեղ կան և՛ սեր, և՛ կարոտ, և՛ հայրենյաց վաղեմի փառքի արձագանքներ:
Նշենք նաև Կ. Խաչատրյանի Սոնատի 1-ին մասը, որի պոռթկուն թեման պայքարի բովից դուրս է գալիս հոգնաբեկ և ծաղկի պես թառամում: Դեպի երկինք, դեպի իդեալը բարձրացող մեղեդին չի հասնում իր «երազանքին»: Նախավերջին «ֆա-դիեզ» ձգտող հնչյունը «չի կարողանում» լուծվել «սոլ» հիմնահնչյունի մեջ, այլ նվաղելով, հալվելով «ընկնում» է «ֆա» անկայուն հնչյունի գիրկը: Նմանապես հալվեցին նաև Իկարուսի մոմե թևերը, երբ նա մոտեցավ արևին, բայց, չհասնելով իր բաղձալի նպատակին, ընկավ ցած:
Ահա այսպիսի խոհեր ներշնչեց Ռ. Կոսեմյանն իր պատկերավոր ու ազդեցիկ նվագով:
Համերգի վերջում երաժիշտները նվագեցին Անտոնիո Բացցինիի «Թզուկների պարը», որի կատարման համար պահանջվում են մեծ հմտություն և վիրտուոզություն։
ՈՒնկնդիրները սրտաբաց ընդունեցին Ռ. Կոսեմյանի և Ն. Մնացականյանի բովանդակալից և բարձրարվեստ ելույթը։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Դիտվել է՝ 4301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ