Ավելի քան երեք հազար տարի է, ինչ Դավիթ թագավորի սաղմոսներն ապրում են և ապրեցնում, սնում մարդկանց հոգևոր կյանքը, նորոգում հոգիները։ Սաղմոսների միջոցով անձը փառաբանում է Արարչին, գովերգում, հայցում Նրա ողորմածությունն իր գործած մեղքերի, անօրենությունների հանդեպ, ակնկալում բժշկություն, այլ ոչ դատապարտություն։ Մարդը Տիրոջը խնդրում է ազատել իր նեղիչների հալածանքներից, ամրացնել իր հավատն առ Աստված։ Ընդ որում` խնդրում է ոչ միայն իր, այլև մերձավորների, ինչպես նաև իր ժողովրդի համար։ Սաղմոսները մեծ ազդեցություն են թողել տարբեր ժողովուրդների հոգևոր երաժշտության վրա։
Անդրադառնալով հայ հոգևոր երգարվեստին` երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը գրում է. «Գրերի գյուտից հետո կանոնացված հոգևոր երգարանի` Սաղմոսարան-ժամագրքի հիմքը թեև կազմել է Սաղմոսարանը, սակայն աղոթամատույցս ներփակել է ոչ միայն սաղմոսներ, այլև ուրիշ նյութեր» (Ն. Կ. Թահմիզյան, Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը V-XV դդ., Ե., 1985, էջ 119)։
32-րդ սաղմոսում ասվում է. «Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ»։ Ըստ մեկնիչների, սաղմոսերգուն նկատի ունի այն, որ մինչ այդ նա երգել է ողբեր, իսկ այստեղ կոչ է անում փառաբանել, գովերգել Տիրոջը որպես Արարչի, օրենսդրի։ Նույնը և 39-րդ սաղմոսում։ Կարելի է ասել, որ Հայ առաքելական եկեղեցին ազգայնացնելու առաջին քայլերը կատարելիս եկեղեցու հայրերն անսացել են «նոր երգեր երգելու այդ կոչին, ու սկսել են ստեղծել շարականներ և այլ երգեր։ Շարականներն ի սկզբանե «բողբոջել» են հենց սաղմոսներից, որպես նույնաբնույթ «կցուրդներ», որից հետո դարձել ինքնուրույն երգեր։ Այս մասին Մանուկ Աբեղյանը գրել է. «Դրանք էլ մի նոր կազմված երգեր են եղել, սաղմոսից տներ միայն, երբեմն տան կեսն առած, և տները հետ ու առաջ շուռ տված, և դարձյալ իբրև հավելված ասվել են ուրիշ երգերից հետո։ Այս կցուրդ-սաղմոսների և մյուս կցուրդների, այսինքն` նոր հոգևոր երգերի տարբերությունն սկզբնապես մեծ չի եղել, ուստի նույն անունով են կոչվել» (Հ. Բախչինյան, Շարականի գրապատմական ուղին (5-14-րդ դարեր), Ե., 2012, էջ 16)։
Այժմ մեջբերենք մի քանի հատված 50-րդ սաղմոսից, որոնք յուրովի արձագանքվում են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներում։
ԴԱՎԻԹ
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ,
ըստ քո մեծ ողորմութեան,
ըստ քո բազում գթութեան
քաւի՛ր անօրէնութիւններն իմ։
ՄԱՇՏՈՑ
Բազում են քո գթութիւնքդ բազմամեղ անձին իմոյ,
Ողորմեա՛ Աստուած, քաւիչ իմ։
Զի Քեզ, անյիշաչար Տէր,
մեղայ չարին խաբմամբ,
Ողորմեա՛ Աստուած, քաւիչ իմ։
Ի Քո ի մյուս անգամ գալստեանն,
Յորժամ գաս դատել զերկիր,
Ողորմեա՛ Աստուած, քաւիչ իմ։
ԴԱՎԻԹ
Առաւել եւս լուա՛ ինձ իմ անօրէնութիւնից
եւ իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։
Իմ անօրէնութիւններն ես ինքս գիտեմ,
եւ մեղքերն իմ միշտ առջեւս են։
Քո դէմ միայն մեղանչեցի, Տէ՛ր,
եւ չարիք գործեցի Քո առջեւ։
Այնպես որ արդար կը լինես Քո խօսքերում,
եւ յաղթող` Քո դատաստանի մէջ։
ՄԱՇՏՈՑ
Ողորմեա՛ ինձ, Աստուած
Զի Քեզ միայնոյ մեղայ։
Առաւել լուա՛ զիս ի տղմոյ
յանցանաց իմոյ,
Աղբիւ՛ր բժշկութեան, եւ ողորմեա՛։
Յարենէ փրկեա՛ զիս,
որ հոգւոց եւ մարմնոց
ՈՒնիս իշխանութիւն,
եւ ողորմեա՛։
ԴԱՎԻԹ
Փրկի՛ր ինձ արիւնից, Աստուա՛ծ, իմ փրկութեա՛ն Աստուած.
Լեզուս կը ցնծայ Քո արդարութեամբ։
ՄԱՇՏՈՑ
Բազումողորմ Աստուած,
Խնայիր արարածներին քո, Հայր ամենակալ,
Եւ ողորմեա։
Արեգակդ արդարության,
Ծագեցրու մեր հոգիներում լոյսը ճշմարտութեան
Եւ ողորմեա։
Տուր մեզ, Տէր, խաղաղութիւն,
Եւ փրկիր մեր նեղիչներից,
Հոգիդ ճշմարտութեան,
Եւ ողորմեա։
Կան սաղմոսներ, որոնք այնքան լայն տարածում են գտել արևմտաեվրոպական երաժշտության մեջ, որ, կարելի է ասել, ձևավորել են ժանրեր։ Սրանք վերնագրված են տվյալ սաղմոսի լատիներեն տեքստից առանձնացված առաջին բառերով։ Օրինակ, «De profundis», «Miserere»։ Առաջինը` «De profundis»-ը, 129-րդ սաղմոսն է («Խորութիւններից Քեզ կանչեցի, Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը»)։ Այս սաղմոսը, որպես միաձայն երգ, առաջին անգամ հնչեց Հռոմի կաթոլիկ եկեղեցում, իբրև գրիգորյան խորալ (նկատի ունենք արևմտյան Եվրոպայում)։ Իսկ կոմպոզիտորներից Ժոսկեն դը Պրեն (15-16-րդ դդ.) առաջինն էր, որ սաղմոսի խոսքերով կերտեց բազմաձայն խմբերգ-մոտետ։
Սաղմոսը երգի են վերածել նաև Օռլանդո Լասսոն, Անդրեա Գաբրիելին, Հայնրիխ Շյուտցը, հետագայում` Յոհան Սեբաստիան Բախը (131-րդ կանտատում), Առնոլդ Շյոնբերգը, Արվո Պյարտը և այլք։ «Miserere» սաղմոսը նույնպես հայտնի է նախ որպես միաձայն գրիգորյան խորալ։ Ինչ վերաբերում է կոմպոզիտորական արվեստին, ապա, ըստ երաժշտական հանրագիտարանի, 50-րդ սաղմոսն առաջինը խմբերգի է վերածել Կոստանցո Ֆեստան 1517 թվականին։ Սաղմոսին դիմել են նաև Ջովաննի Պալեստրինան, Ժան Բատիստ Լյուլլին, Հանս Լեո Հասլերը։ Հայտնի են նաև Անտոնիո Լոտտի երկու «Miserere»-ները։ Յոհան Հասսեն նույնպես երկու կանտատ ունի` գրված նույն 50-րդ սաղմոսի հիման վրա։
Ավելացնենք նաև Ալեսսանդրո Սկառլատտիի և Գաետանո Դոնիձետտիի համանուն ստեղծագործությունները։ Սակայն ամենահայտնին Գրեգորիո Ալլեգրիի «Miserere»-ն է։
Ալլեգրին ծնվել է 1582 թ., Հռոմում։ Մանկուց երգել է Հռոմի Սան Լուիջի եկեղեցու երգչախմբում։ Աշակերտել է Ջովաննի Նանինոյին։ Նրա արվեստի վրա մեծ ազդեցություն է գործել Պալեստրինայի երաժշտությունը։ Բարձր գնահատելով Ալլեգրիի նվաճումները` Հռոմի պապ ՈՒրբանոսը 1629 թ. նրան նշանակել է Հռոմի Սիքստինյան կապելլայի խմբավար, որտեղ էլ նա` որպես հոգևորական և երաժշտապետ, ծառայել է մինչև կյանքի վերջը` 1652 թ.։ Ալլեգրին ստեղծել է հնգաձայն կոնցերտներ, վեցաձայն խմբերգեր, հինգ մեսսա և այլ երկեր։ Սակայն նրա գլուխգործոցը համարվում է հիշյալ «Miserere»-ն։ Այն գրված է երկու երգչախմբերի համար` հնգաձայն և քառաձայն, որոնք վերջում միավորվում են և կազմում իննաձայն միաձույլ։ Այս ստեղծագործության հետ կապված է մի հայտնի պատմություն։ Իտալիայում ճամփորդելիս հայր և որդի Մոցարտները 1770 թ. հասան Հռոմ։ Հափշտակված Իտալիայի բնությամբ և մշակույթով` նրանք փափագում էին լսել նաև Ալլեգրիի հայտնի մոտետը։ Մոցարտին նվիրված մենագրությունում երաժշտագետ Հերման Աբերտը պատմում է. «Ապրիլի 11-ի կեսօրին, Ավագ չորեքշաբթի, Մոցարտները ժամանեցին Հռոմ... Նրանք դեռ բավական ժամանակ ունեին, որ հասցնեին Սիքստինյան կապելլայում ունկնդրել Ալլեգրիի «Miserere»-ն։ Եվ այստեղ Մոցարտը բռնում է լսողության նրբության և հիշողության ճշգրտության իր հայտնի «քննությունը»։ Նա հիշողությամբ գրի առավ իր լսած` Ալլեգրիի «Miserere»-ն (50-րդ սաղմոսը)... Ամենուր այն համարվում էր իր ժանրի թագն ու պսակը... Պատահական չէ, որ, ինչպես հաղորդում է Լեոպոլդ Մոցարտը, կապելլան ջանք չէր խնայում, որ այդ ստեղծագործությունը չընկնի անկոչ արտագրողների ձեռքը։
Այն, ինչ հաջողվեց անել Մոցարտին, բնականաբար, մեծ սենսացիա առաջացրեց, մանավանդ այն բանից հետո, երբ նա իր գրի առածը կատարեց պապի երգիչ Քրիստոֆորիի ներկայությամբ, և նա հաստատեց բնօրինակի և Մոցարտի գրառածի նույնականությունը։ Հայրը կարողացավ հանգստացնել Զալցբուրգում գտնվող նրա մորը և քրոջը, որոնք վախենում էին, որ գրի առնելով «Miserere»-ն, Վոլֆգանգը մեղք է գործել և կարող է ընկնել վատ դրության մեջ»։
Անշուշտ, այս դեպքն անհետևանք չմնաց ստեղծագործական առումով։ Ժամանակ անց Միլանում, երբ Մոցարտները հյուրընկալվում էին մեծ կոմպոզիտոր պադրե Մարտինիին, Վոլֆգանգը, որպես բազմաձայն վարժության նմուշ, ներկայացրել է իր հորինած «Miserere»-ն` ալտի, տենորի, բասի և նվագակցության համար։ Ըստ Աբերտի, այն գրված է Ալլեգրիի և առավելապես պադրե Մարտինիի ազդեցությամբ և գերազանցում է Մոցարտի մինչ այդ գրած հոգևոր ստեղծագործությունները։ Թեպետ սաղմոսի պարտիտուրի վերջին երեք դրվագները գրված են ուրիշ ձեռագրով, Մարտինին հավանության է արժանացրել Մոցարտի այդ սաղմոսը։
Ալլեգրիի «Miserere»-ն բարոկկո շրջանի արգասիք է։ Այդ շրջանի արվեստագետների նվաճումներից մեկը տարածականության գիտակցումն է և դրա արտահայտումը, որը տեղի է ունեցել և՛ երաժշտության մեջ, և՛ կերպարվեստում։ Օսվալդ Շպենգլերը նշում է. «Բարոկկո շրջանի գեղանկարչությունն ունի մեկ խնդիր` գույների միջոցով ստեղծել անսահման տարածություն»։ Ահա այս նույն խնդիրը երաժշտության մեջ կոմպոզիտորներն իրականացրել են հնչյունների միջոցով։
Անդրադառնալով Հայնրիխ Շյուտցի արվեստին, երաժշտագետ Մարինա Լոբանովան գրել է. «Տարածությունը դարձավ երաժշտության կոմպոզիցիայի բարձրագույն գործոնը... Բազմախմբերգայնությանը դիմելը նշանակում էր, որ կոմպոզիտորը հաշվի է առնում տարածության առանձնահատկությունները... Հենց բարոկկոն կարողացավ երաժշտության մեջ լսել տարածությունը և տարածության մեջ լսել երաժշտությունը, կարողացավ երաժշտորեն գիտակցել և զարդարել այդ տարածությունը»։
Այդպիսին է և Գրեգորիո Ալլեգրիի «Miserere»-ն, որն իր հրեշտակաձայն ղողանջներով ու փոխկանչերով զարդարում էր Սիքստինյան կապելլայի «երկնակամարը» և շարունակում է զարդարել մարդկանց հոգիները ցայսօր։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ