Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պրագմատիկ հաշվա՞րկ, թե՞ ինքնաոչնչացում

Պրագմատիկ հաշվա՞րկ,  թե՞ ինքնաոչնչացում
09.11.2018 | 01:42

Այս օրերին` ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, քաղաքական հիմնական և թեժ քննարկվող թեմաներից մեկն առնչվում է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ այդ ընտրություններին մասնակցությանը։ Սա, թերևս, օրինաչափ է, քանի որ ՀՀԿ-ն այսօր պաշտոնապես միակ ուժն է, որ իրեն դիրքավորում է որպես ընդդիմադիր, ու նաև հենց այս համատեքստում հնչում են բազում հարցադրումներ՝ արդյոք հանրապետականը առհասարակ կմասնակցի՞ ընտրություններին, արդյոք կարո՞ղ է լիարժեքորեն կատարել ընդդիմադիրի դերը, և ընդհանրապես արժե՞ որ ՀՀԿ-ն ստանձնի այդ դերը և այլն։


Այս հարցերի մասին արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ խոսվում է, այս համատեքստում տարբեր ինֆորմացիաներ և վարկածներ են շրջանառվում, ՀՀԿ-ն ինքն էլ որոշակի արտահոսքեր է կազմակերպում լրատվական դաշտում՝ կարծես նպատակ ունենալով մշտապես հիշեցնելու իր մասին։ Հստակ է նաև, որ ՀՀԿ-ի շարքերում այս թեմայի շուրջ ընթանում է երկխոսություն։
Եվ այսպես,՝ ինչի՞ մասին կարող է լինել քննարկումը ՀՀԿ-ի ներսում։ Հիմնական խոսակցությունն ամենայն հավանականությամբ ընթանում է հեռահար ռազմավարական քաղաքական ծրագրերի և իհարկե դրանցից բխող պրագմատիկ այժմեական մարտավարական խնդիրների շուրջ։


ՀՀԿ-ի՝ ապագա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու կողմնակիցները հիմնականում բերում են մի շարք փաստարկներ։ Ըստ այդմ, նախ և առաջ իրավիճակն այսօր այնպիսին է, որ «հանրապետական» բրենդի ներքո հանդես գալը պարզապես բավականին ռիսկային է։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ականները կարող են հոգեբանական և այլ կարգի ճնշման տակ ընկնել թե՛ մամուլի, թե՛ հասարակության կողմից, այսինքն տեղի կունենա այն, ինչ վերջին վեց ամսվա ընթացքում արդեն իսկ բազմիցս տեղի է ունեցել ու մեծ դիսկոմֆորտ է առաջացրել նրանց շրջանում։ Գուցե քիչ մարդ կգտնվի, ովքեր կցանկանան բացեիբաց հանդես գալ որպես հանրապետական՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, առավել ևս ռեյտինգային ընտրակարգով։ Եվ եթե հանրային ճնշումը շատ բարձր լինի, այն կարող է հանգեցնել նրան, որ նույնիսկ այն գործիչները, ովքեր իրոք կցանկանան ՀՀԿ-ի դրոշի ներքո հանդես գալ, կարող են վերջնականապես կոտրվել։


Ակնհայտ է, որ ամեն դեպքում հանրապետական կուսակցությունը, մասնակցելով ընտրություններին, ստանալու է իր համար բավականին համեստ տոկոս, եթե չասենք, որ նույնիսկ հարցականի տակ է դրված ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիրը։ Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն անգամ կարողանա նվազագույն՝ 5 տոկոս քվե հավաքելու խնդիրը լուծել, հերթական անգամ կարձանագրի իր ցածր վարկանիշը, և պարզ կդառնա, թե վերջին մի քանի տարիներին որն է եղել իր իրական ռեյտինգը։ Իսկ ցածր տոկոսի արձանագրումը կարող է բազմաթիվ շահարկումների առիթ դառնալ։


Ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու փաստարկներում, որոշ վերլուծաբանների համոզմամբ, շատ կարևոր է հասկանալ, թե իշխանությունն ինչ մարտավարություն կընտրի քաղաքական դաշտի նկատմամբ։ Եթե իշխանությունը շարունակի աշխատել «սև-սպիտակ», հեղափոխություն-հակահեղափոխություն և կոնֆրոնտացիոն այլ ռեժիմներով, օգտագործելով քարոզչական և հակաքարոզչական համապատասխան մամլիչ մեխանիզմները, այս պարագայում թիրախ կդառնա և, այսպես կոչված սև ուժի կվերածվի ՀՀԿ-ն, որի վրա կծանրանա ահռելի ճնշումը։ Այս պայմաններում ՀՀԿ-ն շատ հնարավոր է չկարողանա լուծել նաև նվազագույն՝ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիրը։ Բայց եթե իշխանությունն աշխատի ավելի փափուկ՝ բարիկադները քանդելու ռեժիմով, ապա ՀՀԿ-ի հնարավորությունները, մանավանդ ռեյտինգային համակարգում, էականորեն կաճեն։
ՀՀԿ-ի ներկայիս նոմենկլատուրային թիմը՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վահրամ Բաղդասարյան և այլն, պարզ է, որ շատ հստակ հասկանում է առկա ռիսկերը, սակայն պնդում է ԱԺ ընտրություններին մասնակցության մասին, ընդ որում, հասկանալի է, ոչ առանց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության։ Ընդ որում, ՀՀԿ-ն մայիսից ի վեր խորհրդարանական գործունեության ընթացքում անընդհատ ընդգծված արմատական ընդդիմության դեր է խաղում՝ ըստ էության ակնհայտորեն մտածված կերպով կուսակցության դեմ գրգռելով նաև հեղափոխական և ոչ այնքան հեղափոխական հանրությանը։
Եթե հանրապետական կուսակցությունն այս իրավիճակում այնուամենայնիվ նշում է, որ հակված է անպայման մասնակցելու ընտրություններին, ապա, ամենայն հավանականությամբ, ունի իշխանության ապագա մարտավարության վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա, որի մասին հանրությունը տեղեկացված չէ։ Գուցե կան երաշխիքներ, որ իշխանությունը փափուկ ռեժիմով է ընտրապայքարը վարելու, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունն էլ առանձնապես դեմ չէ, որպեսզի հանրապետական կուսակցությունը հայտնվի խորհրդարանում։ Բացի այդ, գուցե ՀՀԿ-ն համապատասխան ազդակներ է ստանում իշխանությունից, որ կառավարությունում սկսել են հասկանալ, որ թե ներքին, թե արտաքին ապագա քաղաքական զարգացումներում և մարտահրավերներում իշխանությանը պետք է լինելու իսկապես արմատական բառապաշար, արմատական քայլեր կատարող պրոֆեսիոնալ ընդդիմություն, ինչը թույլ կտա իշխանությանը շատ ավելի ճկուն և մանևրելով հանդես գալ արտաքին քաղաքական ապարեզում։ Առավել ևս, որ գերտերությունների բարձրաստիճան և ազդեցիկ պաշտոնյաների վերջին այցերը Հայաստան, նրանց հայտարարությունները ցույց են տալիս, որ վերջիններս հակված են ընտրություններից հետո ՀՀ իշխանություններից (որն ակնկալվում է, որ գերլեգիտիմ է լինելու) պահանջելու կտրուկ, ոչ պոպուլիստական քայլեր։
Այս վարկածների ներքո այն հանգամանքը, որ նոր ընտրական օրենսգիրքը համառորեն այդպես էլ չընդունվեց, շատերին թույլ է տալիս այսօր եզրակացնել, որ դա արվել է ուժեղ ընդդիմություն ունենալու հեռանկարով։ Իսկ ռեյտինգային համակարգը ՀՀԿ-ին թույլ կտա երաշխավորված տեղեր ունենալ ԱԺ-ում, քանի որ այդ ընտրակարգը հանրապետական կուսակցության հաղթաթուղթն է։


Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ պետք է եզրակացնել, որ նախընտրական պայքարը չի ընթանալու «սև-սպիտակի» տրամաբանությամբ։ Եվ եթե նման երաշխիքներ չկան, ու ՀՀԿ-ն, այնուհանդերձ, փորձելու է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա նման է ինքնասպանության։ Իսկ սա իր հերթին կարող է հանգեցնել այն տեսակետին, թե ՀՀԿ-ի վերնախավում կա ազդեցիկ ինչ-որ մի օղակ, որը պարզապես որոշել է կուսակցությունը վերջնականապես հեռացնել քաղաքական դաշտից։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ