«Ուր որ հայրենի երգեր կլսվեն՝ հոն հայրենիքը ողջ է»։
Ղևոնդ Ալիշան
Մխիթարյան միաբաններից Հայր Ղևոնդ Ալիշանն է այս պատգամը սերունդներին հղողը. մեծանուն հայագետ, եկեղեցական գործիչ, ով մեր ազգային ժառանգությունը վեր հանողն ու պահպանողներից էր։ Մեծանուն հայ, ով մեր ազգի մշակույթի ու ինքնության ժառանգականության կրողն էր ու մեզ դա փոխանցող Նահապետը, ինչպես իրեն կոչում էին ժամանակակիցները:
Արդյո՞ք այսօր լսում ենք մեր մեծերի ձայնը։
Արդյո՞ք ունենք այն հասարակությունը, որ կենդանի է պահում մեր մեծերի ժառանգությունը, որը նրանք պահեցին -պահպանեցին պատմության այնպիսի շրջափուլերում, երբ չունեինք պետականություն, և նրանք իրենց ազգապահպան գործունեության համար հաճախ ստիպված էին երկրե-երկիր դեգերել` հասնել Մադրաս, Վենետիկ, Ամստերդամ...ո՞րը թվենք:
Մինչդեռ մեր ժամանակներում մշտապես առաջին պլանում ներկայացել են նրանք , ովքեր տարածել են հակամշակույթը։
Հետո էլ զարմանում ենք , թե ինչպե՞ս է պատահում, որ նման կերպարները կարող են հենց Սուրբ Հարության տոնի Ճրագալույցի Սուրբ Պատարագի ժամերին հսկայական համերգային դահլիճներ լցնել, բայց միևնույն պահին որևէ հարթակում ներկայանալու հնարավորություն չկա այն իսկապես ազգընտիր արվեստագետների համար , ովքեր մի ամբողջ կյանք նվիրված են ազգային ժառանգության պահպանմանն ու տարածմանը, չի հնչում նրանց անունը:
Ես կարող եմ նշել այդ խոնարհ նվիրյալներից շատերի անունները մեկ առ մեկ, որոնց հետ անձամբ զրույցներ վարելու երջանիկ առիթն եմ ունեցել` ճանաչելու իրենց։ Նրանք մարդիկ են, որոնց անունները, եթե տաք դրսում հարցումներ անելիս, քիչ մարդ կճանաչի, ինչը բնավ իրենց արժանիքների առհավատչյան կամ գնահատանքը չէ։ Դա մեր հասարակության ազգային ինքնաճանաչողության պակասի վկայությունն է, որովհետև տարիներ ի վեր երկրորդական պլան են մղվել ազգայինն ու դասականը` մեր իրական արժեքները։
Լուսանկարը Սարգիս Մուրադյանի հայտնի կտավն է` Կոմիտասը։
Ստեղծագործությունը կոչվում է «Վերջին գիշերը», որը Կոմիտասի կերպարը սերունդներին փոխանցող փառահեղ գործերից է` մեծ նկարչի վրձնով...
Չէ, ես չեմ տեղադրի երեկվա `վերոնշյալ համերգից որևէ լուսանկար, տեսանյութ:
Միայն կուզենայի հիշեցնել պատմության դասերը. ինչի՞ց է, որ պետականությունից զրկված ժամանակներում անգամ կարողացել է հարատևել ազգը:
Պատմությունը տալիս է հարցի պատասխանը...
որովհետև ազգն ապրել է` իր ժառանգությունը հոգում կրելով` որպես ամուր վահան։ Եվ երբ վեր ենք հանում այս հարցերը, զարմացած ասում են.
-Ի՞նչ է Կոմիտասի երգերի ներքո՞ պիտի հարսանիք անենք...
Ասում են ու չեն էլ հասկանում, որ Կոմիտասը, ինչպես մեկ ուրիշ Մեծ` Պարույր Սևակն է բնորոշել` «Հայ երգի Մեսրոպ Մաշտոցը» Հայոց գավառներով մեկ շրջելով կարողացավ ազգին վերադարձնել իր հոգևոր ժառանգությունը, որոնց թվում նաև այո, մեր ազգային այն ոգեղեն երգերը, որոնց ներքո մեր պապերն իրենց հարսանյաց հանդիսություններն են արել, որոնցից միայն մեր նախնիների օրհնության լույսն է ճառագում, նախնյաց ուժն ու զորությունն է մեզ փոխանցվում:
Մինչդեռ մեր օրերում գրեթե բոլոր դռները փակ են Ճշմարիտ արվեստին ծառայող, ազգային ժառանգությունը պահպանող մշակույթի գործիչների առաջ, ովքեր մնում են ստվերում կամ նրանց ճանաչում են միայն կրթյալ մարդիկ... մինչդեռ նրանք պետք է լինեին լայն զանգվածներին ճանաչելի, քանզի ազգի արմատը պահպանողներն են։
Եվ չզարմանաք, անգամ հայագիտության ու մշակույթի ոլորտը լուսաբանող մասնագետների համար են գրեթե բոլոր դռները փակ։ Սա էլ իմ ոլորտն է, դա էլ կարող եմ վկայել, թե որքան մեծ դժվարությունների գնով ենք մեր բաժին առաքելությունն իրականացնում:
Եվ ուրեմն, չզարմանանք մեր այսօրվա իրականության վրա։ Պարզապես մի բան ընդմիշտ հիշենք. ազգերը պետականության են ձգտում, որ կարողանան պահպանել իրենց ինքնությունը։
Դրա համար է ժողովուրդների անկախության ձգտումը։ Վատ, ցածր «արվեստ» բոլոր երկրներում էլ կա, խնդիրը իրական արժեքները քարոզելու մեջ է։ Պահպանենք մեր իրական ժառանգությունը, ինձ համար նույնն է ասել` Հայրենիքը... որ մեր Հայրենիքը չկորցնենք հոգևոր դաշտում։ Մեր Հայրենիքը ամենից առաջ մշակույթն է` իր հարուստ ու բազմաճյուղ ոլորտներով, ազգայինն է, հայագիտությունն է, որոնք մի օր պիտի հռչակվեն ազգային ռազմավարական գերակա ուղղություն ու դրվեն Հայոց պետականության հիմքում, երբ կունենանք ազգային իշխանություններ։ Ինձ համար մեր գոյատևման ճանապարհներից մեկը դա է լինելու...
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ