ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Գոյություն քարշ տալով՝ հնարավոր չէ ապրել անկախ կյանքով

Գոյություն քարշ տալով՝ հնարավոր չէ ապրել անկախ կյանքով
04.01.2025 | 10:49

Եթե շարունակաբար փորձում ենք խորանալ այսօրվա մեր աննախանձելի վիճակի բուն պատճառների մեջ և, վերջապես, հասկանալ վերջին 30, ըստ էության, աննպատակ տարիներին մեր ընթացքը որոշող հիմնական ուժերն ու մոտիվները, ապա բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք պետք է ուղղել երկրի ճակատագիրը մեկը մյուսին պաս տվող ղեկավարներին։

Ինչու ղեկավարներին և ոչ թե ժողովրդին, քանի որ մեր նման ստրկամիտ ու ավտորիտար մենթալիտետի պայմաններում ամեն ինչ որոշում է մեկ անձ, որը նշանակում է, որ հետևանքների պատասխանատվությունն էլ է ընկած այդ մեկ անձի վրա։

Սա վաղուց հայտնի դրույթ է, որով լրիվ բացատրվում է ոչ միայն մարդկանց բռնատիրական ու ավտորիտար վարքը, այլ նաև կամայական հստակ իշխանական վերտիկալի վարքը, ներառյալ երկու հերթական ընտրությունների արանքում դեմոկրատական կառավարությունների վարքի էական մասը։

Մեզնում, տեղին թե անտեղի, անճարակ վերնախավը փորձում է ամեն ինչ բարդել խեղճուկրակ ժողովրդի վրա, իբր՝ ինչու՞ չի ելնում ու հարցերին տալիս ճիշտ լուծում։

Դրա տակ էլ ընկած է այն ակնհայտ միտքը, որ եթե ժողովուրդը իշխանությունը վերցնի ու տա մեզ, ապա և՛ հայրենիքը կպաշտպանենք, և՛ մարդկանց կյանքը կլավացնենք։

Այդ դեպքում ստիպված եք պատասխանել մի շատ պարզ հարցի՝ բա ինչո՞վ էիք զբաղված մինչև Նիկոլի գալը։

Մնում մնում եք ու հազարերորդ անգամ ոգևորված պնդում, որ Նիկոլը զրո է ու չի կարող երկիր ղեկավարել։

Այդ դեպքում մտածե՞լ եք, թե զրոյին պարտվողներն իրենք որտեղ են, զրոյից ներքև՞, թե վերև, այն դեպքում, որ դրանից մի քիչ առաջ ձեր դեմ խաղ չկար։

Բնականաբար, ես որևէ հիմք չունեմ Նիկոլի քաղաքականությունը ո՛չ հավանելու, և ո՛չ էլ պաշտպանելու՝ ո՞նց կարող ես քո երկրի պարտվելն ու քանդվելը հավանել ու պաշտպանել, իդր՝ ի՞նչ անի խեղճ Նիկոլը, ուրիշ տարբերակ չկար։

Դա իր հերթին, բայց մտածող մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն բոլոր Նիկոլին նախորդողներին, և այդ հարցերն այնքան շատ են, որ չես էլ իմանում որից սկսել։

Այնուամենայնիվ, ամենահիմնական հարցը հետևյալն է՝ ո՞րն էր ձեր՝ երեք նախագահներիդ, հիմնական ստրատեգիական գիծը, որով դուք երկիրը տանում էիք դեպի ապագա։

Թե՞ այս հարցում լրիվ համակարծիք էիք, քանի որ այնպիսի բան, ինչպիսին ստրատեգիական մտածողությունն է, ոչ մեկդ չունեիք։

Թե՞ ստրատեգիական մտածողությունը չափից դուրս ճոխություն էր ձեր անճարակ քաղաքականության համար, որը դուրս չէր գալիս գավառական մանր ինտրիգների ու տակտիկական/հարմարվողական քայլերի սահմաններից։

Հասկացանք, որ արտաքին քաղաքականության հարցերում ինքնուրույնություն չունեիք, բայց ով էր խանգարում ձեզ ունենալ շատ թե քիչ մտածված ստրատեգիա ու արդարամտություն ներքին քաղաքականության մեջ և Սփյուռքի հետ կապված հարցերում։

Դրա համար դուք պետք է լինեիք բազմափորձ, ճարտար ու ճկուն խելք և ստրատեգիական մտածողություն ունեցող լիդերներ, որից, իրականում, դուք շատ հեռու էիք։

Մի այլ հարց, ժողովուրդն է՞ր ընտրել ԼՏՊ-ին, որի պատասխանը ձևականորեն այո-ն է, կամ էլ ժողովուրդն է՞ր ընտրել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, էլի ձևականորեն՝ այո, հաշվի չառնելով որոշ կասկածներ։

Ձևականորեն, քանի որ քաղաքականապես տհաս ժողովուրդը նույնիսկ չի իմանում, թե ինչ է ընտրությունը և, վերջին հաշվով, այդ գործում տարբեր ուժերի կողմից պարզապես վերածվում է խաղալիքի, որը ձևականորեն հաստատում է վաղուց կայացված որոշումը, կամ էլ կատարում է բիրտ ուժի հարկադրանքը, իսկ ընտրակաշառքի մասին խոսելն էլ պարզապես ամոթ է։

Հարցերն այնքան շատ են, որ շարունակելն իմաստ չունի։

Պարզապես հասարակությունն ինքը պետք է իր մեջ ուժ գտնի և ըստ կարևորության նման հարցերի ցուցակը կազմի ու փորձի գտնել դրանց համար պատասխաններ։

Հակառակ դեպքում, եթե առաջվա նման փորձենք դեպի ապագան գնալ մեր կարծիքով ուրիշների համար անհասկանալի շուստրի քայլերով, իսկ իրականում՝ գավառական ու անճարակ մոտեցումներով, ապա դա կլինի հերթական քայլ դեպի պատմական ասպարեզից հեռանալը։

Պետք է ամենայն պատասխանատվությամբ հասկանալ, որ կախյալ վիճակում գոյություն քարշ տալն ու անկախ ապրելը սկզբունքորեն տարբեր բաներ են։

Գոյություն քարշ տալով, որով զբաղվել ենք անկախության տարիներին, հնարավոր չէ ապրել իսկապես գոնե ինչ-որ չափով անկախ կյանքով։

Այն մեթոդները, որոնցով հնարավոր է մի կերպ ապրել կախյալ կյանքով, բացարձակապես պիտանի չեն անկախ և պատասխանատվությամբ լի կյանքի պայմաններում։

Անկախ կյանքով ապրելը հարսանիքներում ձեռքերը տնկած պարելը չէ, դա մի քիչ այլ բան է։

Իրական կռվի մեջ անկախ անճարակները տեղ չունեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ