ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Պտտվի՜ր, պտտվի՜ր, վարչաչինովնիկական կարուսել

Պտտվի՜ր, պտտվի՜ր, վարչաչինովնիկական կարուսել
21.12.2012 | 12:14

«Սոնա» ընկերությունը բազմաբնույթ ծառայություններ է իրականացնում։ «Շնորհքի» հարց է։ Շնորհքն էլ, պարզ է, չէ՞, երկու պարտադիր բաղկացուցիչներ ունի` փող (ամենակարևորը), ազդեցիկ խնամի-ծանոթ-բարեկամ (ոչ պակաս կարևոր հանգամանք)։ Ընկերությունը բազմափեշակ է։ Այստեղ և՛ կոսմետոլոգիայի ու մարքեթինգի նրբություններին են ծանոթացնում, և՛ օգնում հղիանալ (այս ամենի մասին է հուշում գովազդային վահանակը), և՛ վարսերը խուզում։ Նաև օտար լեզուների դասընթացներ են կազմակերպում և այլն։ Մի խոսքով, ժամանակակից հայկական ընկերություն, որը զբաղեցրած տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրից փորձում է առավելագույն արդյունք կորզել։ «Սոնան», հասկանալի է, կրթարան է։ Սակայն կրթելու (թե կրտելու) նրա գործընթացը պատուհասում է հարևանների անդորրը, հակահիգիենիկ խնդիրներ առաջադրում նրանց և այլն։ Կրթարանը բնավորվել է Երևան քաղաքի Բաղրամյան 71 շենքի 2-րդ մուտքի 3-րդ հարկում գտնվող թիվ 16 բնակարանում։ Նշյալ մուտքը փակ է օտար, անցանկալի այցելուների համար։ Այսինքն, մուտքի դուռը ծածկագրված է։ Կրթարանը խախտեց այս ավանդույթը, զի նրա սովորողների ճնշող մասը ջահել կանայք ու դեռափթիթ աղջիկներ են, բնականաբար, նրանց ամուսինները, եղբայրները, նշանածները (և մյուսները) դասավարտից հետո տեղավորվում են մուտքի 1-ից 3-րդ հարկերի աստիճանահարթակներում և իրենց տեր ու տնօրեն են զգում, այսինքն` ծխում են և «բիչոկները» շաղ տալիս, հազար ներողություն, նաև թքոտում են, դեպքից դեպք խնչում և այլն։ Եվ ամենասարսափելին. մուտքի` դեպի բակ նայող շեմը վերածել են արտաքնոցի, բացօթյա և, հասկանալի է, անվճար։ Հասկանալի է, որ մուտքի կոդավորված դուռն այսուհետ բաց է կրթահամալիրի առջև։ Հասկանալի է նաև, որ այցելուներն իրենց հիմնավոր բնական կարիքները չէ, որ բավարարում են, պարզապես միզում են։ Պատկերը պարզ է, բնակիչները, այս ամենը չհանդուրժելով, դիմում են Երևանի քաղաքապետին։ Դիմում են և խնդրում` պարզել «Սոնա» կրթարանի գործունեության իրավականությունը։ Քաղաքապետարանից խրոխտ պատասխան է գալիս` թիվ 16 բնակարանի գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել։ Այս հուսաբեր փաստաթղթի տակ ստորագրել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ, հարգարժան պարոն ԱՐՍԵՆ ԱՄՅԱՆԸ (05.12.12)։ Երևանի Արաբկիր վարչական շրջանում էլ համակարծիք են և գրություն են հղում «Սոնա» կրթարանի տնօրեն Սոնա Հարությունյանին, և պարզաբանում, որ բնակելի այդ տարածքի գործառնական նշանակությունը չի փոխվել, ուստի թող սույն տիկինը բարի լինի տարածքն օգտագործել յուր գործառնական նշանակությանը համապատասխան, այսինքն, որպես բնակարան։ Դեռևս 2002-ի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման 1-ին հավելվածի 3.2 կետի համաձայն` բնակելի տարածքի գործառնական նշանակությունը փոփոխվում է միայն համայնքի ղեկավարի որոշմամբ։ «Սոնա» կրթահամալիրն առանց նման որոշման է բնակարանը դարձրել կրթարան, բնականաբար, պիտի իր գործունեությունը դադարեցնի։ Տիկին Սոնան, հասկանալի է, որոշակի ֆինանսական ներդրումներ է կատարել, սիրտ ու հոգի ներդրել այս ամենում և զուտ բարոյախոսական բնույթի պարսավանքով չի դադարեցնի գործունեությունը։ Առավել ևս, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Արաբկիր վարչական շրջանը, ապօրինությունը շտկելու փոխարեն, ընդամենը բացատրական-տեղեկատվական ծառայություն են իրականացնում` այո, սիրելի բողոքավոր բնակիչներ, դուք միանգամայն իրավացի եք, բնակարանը որպես կրթարան չի կարող ծառայել։ Եվ վե՛րջ։ Գնացեք ու գլխներիդ ճարը տեսեք։ Չափազանց ծանոթ, ուղղակի ցնցող իրավիճակ է։ Քաղաքապետարանի և վարչական շրջանների առանձին գործամոլ չինովնիկներ կանաչ ճանապարհ են բացում ակնհայտ ապօրինության առջև, վավերացնում են մի ինչ-որ բակում` «մոյըչնի», նկուղում` «ռեստորան», բնակարանում էլ կրթարան կամ հյուրատուն բացելու թույլտվությունը։ Հետո պիղատոսաբար լվանում են ձեռքները և անվրդով պատասխանում բնակիչների բողոքներին։ Այս եղկելի երևույթը չարորակ ուռուցքի պես բռնախեղել է մեր կյանքը, և այսօր ցանկացած քաղաքապետ ու մարզպետ, գյուղապետ և վարչական շրջանի ղեկավար, պաշտոնը ստանձնելուն պես, նախ ախտահանում է նախորդի ապօրինությունների հետքերը։ Այս պարագայում հարց է ծագում` իսկ ովքե՞ր (ո՞ր պաշտոնյաները) են իրենց ստորագրությամբ վավերացրել վերոնշյալ ապօրինությունը։ Այս պատասխաններն են, որ սպասում ենք Երևանի քաղաքապետարանից և Արաբկիր վարչական շրջանից։
Իսկ այս պահին հարաբերական անդորր է։ Բաղրամյան 71 շենքի 2-րդ մուտքի բնակիչները դիմել են երկրի նախագահին։ Սակայն մեր տառապանքը վիթխարի փորձ է կուտակել. չկա որևէ կասկած, որ նախագահական նստավայրից, ի պատասխան բնակիչների իրավասու բողոքի, գրություններ կուղարկվեն Երևանի քաղաքապետարան և Արաբկիր վարչական շրջան։ Ամենակարևորը` նստավայրից թև առնող գրությունները բնավ վերահսկողություն չեն սահմանի գործընթացի վրա, պարզապես բնակիչների բողոքը կցվում է երկրի նախագահին ուղղված դիմումին և ուղարկվում ապօրինություն թույլ տված մարմնին։ Այս ճանապարհով հանրապետության քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են բացեիբաց` նրանց ներքաշելով վարչաչինովնիկական խեղկատակությունների հորձանուտը։ Այնպես որ, պտտվի՜ր, պտտվի՜ր, վարչաչինովնիկական կարուսել, քո խաբուսիկ ձայնը վաղուց ենք լսել։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ