Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աշխարհն իրոք շուռ է եկել

Աշխարհն իրոք շուռ է եկել
05.09.2014 | 00:39

Հայտնի բան է, որ յուրաքանչյուր մարմնավաճառ իր կանգնելու լավ, թե վատ փողոցն ունի: Յուրաքանչյուր գող, հեղինակություն իր շահերի տարածքն ունի: Այդպես էլ յուրաքանչյուր պետություն, պետությունների խմբավորում իրենց կենսական շահերի ոլորտն ունեն: Եթե խախտվում են վերոհիշյալ չգրված օրենքները, սկզբունքները, ապա վրա են հասնում անբարոյականների մազ փետելը, գողերի, հեղինակությունների ռազբորկաները, հեղինակությունների սպանությունները, շարունակական պայքարը, մինչև հարցի խաղաղ լուծումը: Քանի որ զորեղ պետությունները մարմնավաճառներ չեն, գողերի ու հեղինակությունների մակարդակով չեն պայքարում, և նրանց զենքը հակամարտության վաղ փուլում լրատվամիջոցների պայքարն է, որին ուղեկցում են տեղական բնույթի պատերազմները, թե ով ում կհաղթի, որին այդ պահին կհետևի ջղերը զիջած պետության ղեկավարի հոգեդրսևորումը, և կլինի այն, ինչ երկու անգամ եղել է աշխարհի հետ անցած հարյուրամյակում: ԱՄՆ-ը և Արևմուտքը, չբավարարվելով ԽՍՀՄ-ի կազմաքանդմամբ, երբեմնի եղբայր ժողովուրդներին իրար դեմ թշնամացնելով, Վարշավայի դաշնագրի երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի մեջ ներառելով, որով իսկ խախտեցին Գերմանիաների վերամիավորման ժամանակ Արևմուտքի, Բուշի տված բանավոր խոստումները (տեղին է ասել` ախորժակն ուտելիս է բացվում), որոշեցին ավերել նաև հարբեցող Ելցինի կառավարած Ռուսաստանը: Սակայն հայտնվեց մեկը, որը ոչ միայն կանգնեցրեց Ռուսաստանի ավերումը, այլև իր կառավարման, դիվանագիտական տաղանդի շնորհիվ շահեց ԱՄՆ-ի, Արևմուտքի ղեկավարների համակրանքը, աչք փակեց նրանց շատ այլանդակությունների վրա` Աֆղանստան, Լիբիա, Իրաք, Մարոկկո, Եգիպտոս, մինչև կարողացավ ոչ միայն շտկել Ռուսաստանի կորացած մեջքը, այլև Արևմուտքին կախման մեջ գցեց իր էներգակիրներից, և երբ հերթը հասավ Ռուսաստանի կենսական շահերին, այն սկսվեց Սիրիայով և հասավ մինչև ՈՒկրաինա, նրա տիրակալը (ի դեպ, ժողովրդի կողմից սիրված տիրակալը) ասաց.
-Հոպ, դուք արդեն չափն անցնում եք:
Հենց այստեղ էր, որ Արևմուտքը ցույց տվեց ռուսի նկատմամբ իր դարերով եկած անհասությունը, չհասկանալով, որ Ռուսաստանը դուրս մղելով եվրոպական ակումբից, նա բռնում է թեկուզ և դիվային, բայց ինքնուրույն հզորանալու իր ճանապարհը: ԽՍՀՄ-ը դրա վառ ապացույցն էր: Իզուր չէ, որ պատմականորեն Ռուսաստանը համեմատել են արջի հետ: Արջը մենակյաց, ինքնուրույն գործող հզոր կենդանի է: Արջի հզորությունը նրա մենակությունն է, կենդանիների հոտի մեջ նա երբեք չի երևում: Պատմականորեն այդպիսին է Ռուսաստանի ճակատագիրը, նա ինքը դաշնակից չի ընտրում, ցավոք, նրան են ընտրում և միշտ էլ խաբում են: Նրան պետք չէ դաշնակից, որովհետև այդ լայնածավալ երկիրն ունի բոլոր հնարավորությունները ինքնուրույն զարգանալու և ապրելու համար: Ընդամենը մեկ տասնյակ տարի, և քայքայված, թալանված Ռուսաստանն արդեն ուրիշ է, և աշխարհի հետ խոսում է իր լեզվով: Հիշում եմ, Գերմանիայում Ելցինն ասաց, որ Ռուսաստանն էլ գերհզոր երկիր է: Քլինթոնը քթի տակ ծիծաղում էր: Այսօր Օբաման ոչ միայն չի կարող ծիծաղել քթի տակ, այլև դեսուդեն ընկած փորձում է միավորել հին աշխարհի մեծ ու փոքր երկրները Ռուսաստանի դեմ համատեղ պատժամիջոցներ կիրառելու համար: Հիմա փորձենք տալ հետևյալ հարցի պատասխանը, Ռուսաստանը ճի՞շտ է գործում, թե՞ ոչ:
1825 թվականին ամերիկացիների առաջ քաշած Մոնրոյի դոկտրինը` «Ամերիկան` ամերիկացիներին, Եվրոպան` եվրոպացիներին», ամերիկացիները վաղուց են մոռացել և գործում են «Ամերիկան` ամերիկացիներին, Եվրոպան` ամերիկացիներին, Աֆրիկան` ամերիկացիներին», մի խոսքով` «աշխարհն ամերիկացիներին» սկզբունքով: Հարց է առաջանում` իսկ մյուս հզորների՞ն: Եթե մարմնավաճառներն անգամ իրենց կանգնելու փողոցներն ունեն, ապա Ռուսաստանն իր դարավոր կենսական շահերի ոլորտն ինչո՞ւ պիտի զիջի նրան: 1956-ին, 1968-ին սոցճամբարում տեղի ունեցած դեպքերը ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնման առաջին քայլերն էին, որը ժամանակին տապալվեց: Այդ ընդլայնման պրոցեսը շարունակվում է, և այսօր Ռուսաստանը կոնկրետ առել են երկաթյա օղակի մեջ: Երկրորդ աշխարհամարտում խորհրդային մարդու թափած արյունը դավաճանության արդյունքում դարձավ առ ոչինչ: Տեսնելով իր վարած քաղաքականության արդյունքները, Արևմուտքը փորձեց հերթական մեծ կտորը պոկել Ռուսաստանի ազդեցության գոտուց, և դա կատարվեց այնքան լկտի և, ներողություն, էշավարի, որ միանգամից առիթ տվեց Ռուսաստանին գործելու: Նախ վերադարձրին Ղրիմը, ինչը ոչ միայն ճիշտ էր, այլև պատմականորեն անհրաժեշտ: Տեղին է հարցնել` Ազովի ճակատամարտում թուրքերի դեմ Պետրոս Մե՞ծն էր կռվում, թե՞ Մազեպան: Ղրիմի պատերազմում ռուս զինվորն ո՞ւմ դեմ էր կռվում: Ո՞Ւմ արյամբ էր ողողված դարեր շարունակ Ղրիմի հողը: Խելացի և ճիշտ եզրակացություն չանելով, Ղրիմի անջատումից հետո ՈՒկրաինայի լիդերները, որոնց կանվանենք ուկրաինացի ՀՀՇ-ականներ, սկսեցին գործել էլ ավելի բութ ու ապուշ ձևով, չհասկանալով, չըմբռնելով, թե Սաակաշվիլու ավանտյուրիստական քայլերն ինչով վերջացան: ՈՒկրաինայի նորաթուխ պետական այրերը, հույսը դնելով Արևմուտքի վրա, օր օրի գործում էին նորանոր սխալներ, մոռանալով, որ իրենց երկրի ժողովրդի 1/3-ը ռուս է, և ուկրաինացիների մեծ մասը սիրով ու հարգանքով է լցված դեպի Ռուսաստանը և ամենակարևորը, որ արջի հետ չի կարելի այդքան ստոր ձևով վարվել: Ռուսաստանի լիդերը գործում էր շատ հստակ և վճռական: Արևմուտքը սպասում էր, թե ուր որ է ռուսական զորքը կմտնի ՈՒկրաինա, և աշխարհը Ռուսաստանը կճանաչի ագրեսոր, ու կպատժեն նրան: Ռուսը, որ շատ հարցերում գործում է «ուռա՜, վպերյոդ», վերին աստիճանի խելացի և նրբանկատ գործեց: Եվ այսօր ռուսական ոգին այնքան բարձր է, որ պատերազմի շարունակման դեպքում աշխարհազորայինները շուտով կհասնեն Կիև: Պատերազմը ցույց տվեց, որ ուկրաինական զինված ուժերը բարոյալքված են, որևէ պատերազմի անպատրաստ: Տեղին է հիշել, թե ուկրաինական զենքը ինչպես էին ժամանակին վաճառում Ադրբեջանին մեր դեմ կռվելու համար: Այսինքն, էն գլխից ուկրաինական բանակը զինված չէր: Արդարացում չէ նաև այն, որ ՈՒկրաինայի դեմ կռվում է ռուսական բանակը: Թող որ Ռուսաստանը երկու անգամ մարդկային ռեսուրսներով շատ լինի ՈՒկրաինայից (ադրբեջանցիները հայերիս նկատմամբ կրկնակի շատ էին): Բայց դա գործոն չէ: Գործոնն այն է, որ ուկրաինական բանակը թալանված է, բարոյալքված, և կառավարողը ժողովրդի աջակցությունը չվայելող մարմին է: Իսկ այդ մարմինը պատերազմից առաջ հույսը դրել էր ոչ թե իր, իր ժողովրդի կազմակերպվածության վրա, այլ Արևմուտքի, որը կարող է ցանկացած սանկցիա կիրառել, բայց ռեալ օգնություն այդպես էլ չի տրամադրի: Այդ ե՞րբ է եղել, որ ուրիշի համար անգլոսաքսոնական որևէ պետության զինվոր հենց այնպես մեռնի: Նրանք դիվանագիտական հողեր կտան, բայց ռեալ օգնություն այդպես էլ չեն տրամադրի:
Այսօր Պուտինին ոմանք փորձում են համեմատել Ստալինի հետ: Այդ համեմատությունը ինչ-որ տեղ ընդունելի է, ինչ-որ տեղ էլ` ոչ ճիշտ:
Ստալինը լիդեր էր, որի հետ հաշվի էին նստում Արևմուտքի կարկառուն քաղաքական գործիչները: Ճիշտ է, նա Հարվարդ կամ Քեմբրիջ չէր ավարտել, բայց բնատուր խելքը, շարունակական ինքնազարգացումը նրան դարձրել էին հզոր ղեկավար: Ռուզվելտը առանձին հարգանքով է միշտ արտահայտվել նրա մասին: Չերչիլը, որը ոչնչով չի փայլել դպրոցում սովորելու տարիներին (Ստալինը ճեմարանում սովորելիս 13-14 տարեկանում մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություն է ձոնել, որը Ճավճավաձեն մտցրել է վրաց գրականության այն տարիներին հրատարակված անթոլոգիայում) անչափ բարձր է գնահատել նրան որպես պետական, քաղաքական գործչի: Դը Գոլը հմայված է եղել Ստալինի լսելու կարողությամբ: Հետաքրքիր է հիշել նրա հուշերից մի դրվագ. «Այդ կոմունիստը,- գրել է դը Գոլը,- բանակցությունների ժամանակ միշտ լսում էր, փորձում էր ինձ խոսեցնել, կարդալ իմ մտքերը, բայց լավ հասկանալով այդ ամենը, ես լռում էի, փորձելով խոսեցնել նրան»: Դը Գոլն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև բանակցությունների ձայնագրությունների վերարտադրությունը ցույց է տալիս, որ նա, լռելով հանդերձ, երկու անգամ շատ է խոսել Ստալինից: Ստալինը ամբողջ աշխարհում, շնորհիվ կոմունիստական գաղափարախոսության, ուներ անսահման համակրողներ: Մեկ օրինակ, որը կասի ամեն ինչ: Անգլիացի հայտնի հետախույզ Կիմ Ֆիլբին առանց որևէ գումարի ծառայում էր Խորհրդային Միությանը: Իսկ քանի՜ քանի անվանի մարդիկ Արևմուտքում կոմունիզմի նվիրյալ գաղափարախոսներն էին:
Այսօր Պուտինը զրկված է այդ գաղափարախոսության օժանդակությունից, քանզի այն չկա: Այսօր Արևմուտքում չեն գտնվի ֆիլբիներ կամ գուտուզոներ: Պուտինն իր հեղինակությունը նվաճել է անձնական հմայքով և հաստատակամությամբ: Ստալինյան ռեպրեսիաները Պուտինը չի կարող կիրառել: Ռուսաստանում գործող հինգերորդ շարասյունը, որը թշնամաբար է տրամադրված իր երկրի հանդեպ, Պուտինը հանդուրժում է, ինչը չէր անի Ստալինը: Ստալինն իր արդարացված դաժանությամբ դրել է քայքայված Ռուսաստանի ռազմական հզորության հիմքը: Պետականության, արտաքին քաղաքականության հարցում Պուտինը ստալինյան լավ տրադիցիաների շարունակողն է, ինչը և ճիշտ է:
Պուտինը XXI դարի Ռուսաստանի, կասեի` անգամ աշխարհի, խոշոր քաղաքական պետական գործիչ է: Պուտինը լավ է ըմբռնել իր երկրի արջային որակները, որը, վերջին հաշվով, Ռուսաստանը կդարձնի աշխարհի գերհզոր պետություններից մեկը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ