«Իրատես de facto»-ի նախորդ համարում (թիվ 5) «Ասում են...» խորագրի ներքո ահազանգ էր հնչել առ այն, որ հնարավոր է Երևանի թիվ 1 (Ստեփան Շահումյանի անվան) հիմնական դպրոցը դադարի գործելուց, քանի որ Երևանի կենտրոնը տառացիորեն բռնագրաված ուժերը խիստ առևտրաշահ վայրում գտնվող այս դպրոցը կամենում են վերացնել և տեղում հյուրանոցային համալիր կառուցել։ Սա անհայտ աղբյուրի ահազանգն էր, և ուրախ կլինենք, եթե այն չհաստատվի։
Անհայտ աղբյուրն էլ առաջնորդվել է «աչքը տեսածից է վախենում» հայտնի խոսքով. տասնյակ կրթօջախներ Երևանում վերացվեցին ամենատարբեր և խիստ «մարդասիրական» պատճառաբանություններով։ Այսինքն` Շահումյանի անվան կրթօջախը պիտի շնորհակալ լինի մեզ նշյալ հրապարակման համար։ Ավա՜ղ, դպրոցում տրամագծորեն հակառակ կարծիքի են, և նրանց «խոսնակ» Լիլին զանգահարում է խմբագրություն ու լուտանքների հեղեղ թափում։ Երբ փորձեցինք հասու դարձնել խորագրի խնդիրը, տիկինն անցավ բանականության բոլոր սահմանները և մի աննման զավեշտախաղ սկսեց. «Իսկ եթե ասեմ, որ Աստված գիշերն ինձ հյուր է եկել», «Իսկ եթե ես ասեմ, որ Լենինը կենդանացել է, դա՞ էլ եք տպելու»։ Ընդ որում, խոսում էր «անկարգ աշակերտի» ականջը քաշող խստապահանջ մանկավարժի տոնով։ Ըստ նշյալ տիկնոջ` մեր ահազանգն ու նրա արտաբերածը միևնույն տիրույթում են գտնվում։ Ինչևէ, մենք կհետևենք այս պատվական կրթօջախի շուրջ ծավալվող իրադարձություններին և կաշխատենք հնարավորինս օգտակար լինել և՛ կրթօջախին, և՛ նրա սաներին, և՛ տիկին Լիլիին։
Ի դեպ, դպրոցի նախկին, երկարամյա տնօրենի ազգանունը Վարդգեսյան է, անունը` Լիլի։ Արդյոք նա՞ էր զանգահարել մեզ։ Արդյոք նա՞ էր փորձում ահաբեկել «Իրատես de facto»-ին։ Մի խոսքով, ուշքի եկեք, տիկին Լիլի, և ուշի ուշով հետևեք, որ դպրոցը կանգուն մնա։ Ի դեպ, հենց որ սև ամպեր կուտակվեն դպրոցի գլխին, տնօրենությունը կարող է ապավինել մեզ։ Կաջակցենք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ