Երևանի Շիրազի փողոցի երբևէ չմաքրվող վերգետնյա անցումից օգտվողներս, բառիս բուն իմաստով, հայտնվել ենք եթե ոչ կյանքներս վտանգելու, ապա վստահաբար հաշմանդամ դառնալու հեռանկարի առջև։ Անցումն ապահովում է 15-րդ թաղամասի մի ստվար հատվածի խաղաղ ու անվտանգ հոսքը դեպի կանգառ։ Գոհ ենք և անտեսում ենք այս տարաբախտ կամրջի մշտական աղտոտ վիճակը, սակայն օրեր առաջ կամրջից իջնելով` հրաշքով փրկվեցի վրաերթից։ Բանն այն է, որ Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում առանձնատներ են կառուցվել, առաջին շարքում էլ` պանդոկներ և առևտրի սրահներ։ Կամրջի դիմահայաց մասում` 100 մետր ներքև վաղուց արդեն կառուցված պիտի լիներ Սուրբ խաչ եկեղեցին, պիտի լսեինք զանգերի հոգեզմայլ ղողանջը և ճերմակ աղավնիների թևերի մեղմիկ ալեբախումները։ Եկեղեցին չի կառուցվում, նրա բետոնե հիմքն է միայն հուշում, որ 2007-ին այստեղ հանդիսավոր արարողություն էր, երկրի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարությունը, Աջափնյակ համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանի խաչքավորությամբ, հանդիսավոր խոստացավ, որ երկու տարի անց Սուրբ խաչը կընդունի հավատավոր հոտի Աջափնյակի խոնարհ անդամներին։ Ավա՜ղ։ Եվ քանի որ «Չուտողի մալը ուտողին հալալ է» ասացվածքը ուժը երբեք չի կորցնում, եկեղեցու հիմքին հարակից ընդարձակ տարածքներում բուռն շինարարական աշխատանքներ է ծավալել ինչ-որ ընկերություն։ Շատ էլ լավ է արել, ինքնատիպ երկհարկանի համալիր է կառուցել և բարեկարգում է շրջակայքը, ուր հող էր, քարակույտ էր, փոշի ու տատասկ։ Հասկանալի է, որ համալիրի բնակիչներն ու հյուրերը տրոլեյբուսից չէ, որ պիտի օգտվեն, նրանք պետք է շրջագայեն մեքենաներով։ Սա ևս միանգամայն ընդունելի է։ Եվ, ահավասիկ, վերոնշյալ ընկերությունը լայնահուն մայրուղի է գցում և դուրս գալիս ուղիղ դեպի Շիրազի փողոց, հենց վերգետնյա անցում-կամրջի վերջին աստիճանին կից։ Այստեղ մայթ էր, որը վերացվեց, և 30 մ հեռավորության վրա գտնվող կանգառ հասնելու համար պիտի հաղթահարես նորահայտ այս հատվածը։ Համալիրի շինարարությունը սպասարկող բեռնատարները (կարճ ժամանակ անց նաև այլ շարժակազմեր) կամուրջն անցնելով կտրուկ պիտի շրջադարձ անեն և, անշուշտ, հարվածեն պատահական անցորդին, ով, միամտաբար օգտվելով վերգետնյա անցումից, ենթադրաբար ապահովում է սեփական անվտանգությունը։ Ի դեպ, այս թաղամասում այլ ճանապարհներ կան, սակայն նպատակահարմար է գտնվել ամենակարճ ուղին։ Մի խոսքով, շտապ ժամանեք Շիրազի փողոց և կանխեք գալիք աղետները։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ