Հանրային հեռուստաընկերությունը, այլ ձևաչափում Հ1-ը, հավատացեք, բազմագույն երևույթ է։ Լուսաբաց է, վարդագույնն է իշխում Հ1-ի եթերում, ջանգյուլումային խոսքն ու զրիցը անսպառ լավատեսության սփոփիչ հունդեր են ցանում մեր անմեղ հոգիներում։ Մի խոսքով, առավոտյան հաղորդումները խիստ լավատեսական են և արևաբույր։ Երեկոյան ժամերին գույները թանձրանում են և շատ են հիշեցնում փնթի կնոջ եփած ձվածեղը, որում լոլիկը, պղպեղն ու ձուն քաղաքական անհամերաշխության մեջ են, իշխում են չպատճառաբանված վառ դեղինը, քիմիական կանաչը և հեղափոխական կարմիրը։ Սա բրազիլական անհեթեթ սերիալների ժամն է, ուր դավում-դավաճանում են, մորմոքում-բորբոքվում են մի տեսակ դաժան անկեղծությամբ, պորտապարային ռիթմերով, լրբապարային հոգոց-տնքոցով։ Մի խոսքով, հոմո-սափիենսներիս դիմանալ է պետք։ Բայց սա դեռ նախերգանքն է, բուն համերգը կսկսվի քիչ անց։
Օրեր առաջ, ավելի ստույգ` սույն տարվա, սույն մայիս ամսվա 11-ին, երեկոյան ժամը 22.40-ին Հ1-ի եթերում գունաերանգային հեղաշրջում էր, դրության տերն էին մոխրագույնն ու արյան գույնը։ Բանն այն է, որ այս հեռուստաընկերության տնօրենությունը և նրա հայտնի-անհայտ կնքահայրերը տանջահարված հայ հանրության քունը բարվոքելու ուշագրավ հայտնագործություն են կատարել, սարսափ ֆիլմերով նրան բարի գիշեր մաղթելով։ «Մութ ստվերներ». սա է ֆիլմի անվանումը, որը լի էր դիակներով, վամպիրներով և այլ սրտակեղեք-անդրշիրիմյան համեմունքով։ Իսկ գիտե՞ք, թե ինչպիսի երազներ են տեսնում նման արյունաբույր աղտեղության դիտորդները։ Այո, դուք միանգամայն ճիշտ եք. երազում նրանց այցի են գալիս գազի և լույսի անամոթ սակագները, երեսփոխանների նախընտրական վարդաշող-ձվածեղային խոստումներն ու «Նաիրիտի» ուրվականները։
«Մութ ստվերներ», բացառապես հարկատուներիս գրպանի հաշվին սնվող հեռուստաընկերության հակահումանիտար հարվածը մեր տառապած ստոծանուն։ Ես էլ ահա մտորում եմ, ինչո՞ւ են մերոնք հապաղում և հայրենական արտադրության սերիալներով չեն բռնաբարում մեր միտքն ու հոգին։ Չէ՞ որ հայկական սերիալները իրենց պորտագալարային բեղունությամբ վաղուց են գետնել բրազիլական, մեքսիկական և այլ երկրների սերիալները։ ՈՒրեմն ճիշտ ժամանակն է, որ Հ1-ը սկսի հայկական սարսափ-ֆիլմերի արտադրությունը։ Անշուշտ, անհրաժեշտ է, որ խորհրդարանը նախ համապատասխան օրենք ընդունի սարսափ ֆիլմերի արտադրության և ցուցադրման մասին։
Կատակը մի կողմ, բայց ո՞վ և ո՞ր կազմակերպությունն է վերահսկում հայկական հեռուստաեթերի, այս պարագայում Հ1-ի սույն վարքագիծը։ Բայց գուցե ՀՀ-ին շռայլորեն տրվող աղետաբեր վարկերի պահա՞նջն է սա։ Կարծես թե` այո։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ