Երևանի նախապատերազմյան շրջանի ամենաներկայանալի շենքերից մեկին հաստաքսակ մեկը պատերազմ է հայտարարել։ Հաստաքսակը պիտի Տերյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, ճիշտ և ճիշտ Կենտրոն վարչական շրջանի նստավայրի հանդիպակաց մայթին, իր կառուցողական կիրքը բավարարի։ Տերյան փողոց, թիվ 50։ Մուտքից աջ համեստ մի ցուցատախտակ ազդարարում է, որ 1938-ից մինչև 1997-ը այստեղ է ապրել «Նարինե» կաթնամթերքի հեղինակ, պրոֆեսոր Լևոն Երզնկյանը։ «Նարինե» կաթնամթերքով հազարավոր մանուկներ են բուժվել Հայաստանում ու նրա սահմաններից շատ հեռու։ Ամենայն հավանականությամբ, բուժվել են նաև այս «քյալլագյոզության» հեղինակները, երբ դեռ մանուկ էին` ժիր, կայտառ և հեռու խարդավանքներից։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Տերյան 50, բն. 8 հասցեի բնակիչ Նարինե Ոսկերչյանից
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
Ես` Տերյան փողոց 50, բն. 8 հասցեի բնակիչ Նարինե Ոսկերչյանս, նշված շենքի առաջին մուտքի բնակիչների անունից հայտնում եմ Ձեզ, որ 2014-ի հուլիսի 30-ին, ժամը 20.30-ին «Հով. Գրիգ. Շին.» ՍՊԸ-ի ներկայացուցիչ ոմն Արա Նազարյան տեղեկացրեց շենքի 1-ին մուտքի բնակիչներին, որ ս.թ. օգոստոսի 1-ին իրենք սկսելու են Տերյան փող. 50 շենքի ձեղնահարկի վերակառուցումը, և ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի N01/18-Ն-712-748 շինթույլտվությունը` տրված 2013-ի հուլիսի 7-ին։
Մի՞թե օրենքի խախտում չէ միայն մեկ-երկու օր առաջ տեղյակ պահել շենքի տանիքի սեփականատերերին նախատեսված աշխատանքների մասին։ Բացի այդ, կառուցապատողը պարտավոր էր նախքան շինարարություն սկսելը համաձայնության գալ բնակիչների հետ, ինչը տեղի չի ունեցել։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության վարչությունը իմ հարցմանը ի պատասխան չտրամադրեց տեղեկություն, թե ինչ փաստաթղթի հիման վրա է տրվել Երևանի քաղաքապետարանի շինարարության N01/18-Ն-712-748 թույլտվությունը։
Արդյո՞ք 1937-ին կառուցված «բաղդադի» շենքի առնչությամբ կարելի էր դրական փորձագիտական եզրակացություն տալ բազմաբնակարան շենքի ձեղնահարկի կառուցման համար։
Մենք` Տերյան փող. 50 շենքի 1-ին մուտքի բնակիչներս, կտրականապես դեմ ենք այդ աշխատանքներն իրականացնելուն։
Դիմող` Ն. Ոսկերչյան
31.07.2014 թ.
Շենքի բնակիչները պատկան կառույցներին են ներկայացնում «Մանսարդային հարկի վերակառուցման» անվան տակ կառուցված լիարժեք հարկի «պատժամիջոցները» ոչ միայն իրենց, այլև Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի հանդեպ։
«1. Տանիքի ապամոնտաժման ընթացքում անձրևաջրերը ներթափանցել են բնակարանները, վնասել են առաստաղները, խոնավացրել են պատերը` առաջացնելով բորբոսի օջախներ։
2. Քանդման աշխատանքներն իրականացնելիս վնասվել են բնակարանների գրեթե բոլոր պատերը, առաստաղները` խորացնելով հին ճաքերը և առաջացնելով բազմաթիվ նոր ճաքեր։
3. Վնասվել են շենքի ծխատար և օդատար ուղիները, չի իրականացվում բնականոն օդափոխություն, ինչի հետևանքով բնակարաններում առկա է բարձր խոնավություն և տհաճ հոտ. ամիսներ շարունակ տաք գոլորշին ջրի տեսքով լցվում է լողասենյակ։
4. Ցեմենտային և եռակցման աշխատանքներն իրականացնելիս վնասվել են պատշգամբների հատակների սալիկները, լվացքի համար նախատեսված ամրակներն ու պարանները, պատուհանները, ապակիները։
5. Շինարարության ողջ ընթացքում չեն իրականացվում շքամուտքի մաքրման աշխատանքներ։
6. Վերջերս շենքին և բնակարաններին պատճառվել է ևս մեկ վնաս. շինարարության նախագծում առկա թերությունների պատճառով չի նախատեսվել լիարժեք ջրահեռացում, և անձրևաջրերը, իսկ հետագայում նաև ձյունը, խոնավացնում են շենքի դրսի պատերը և ներթափանցում են բնակարաններ։
Շինարարությունն իրականացնում է «Հով.Գրիգ.Շին.» ՍՊԸ-ն, տնօրեն` Արա Նազարյան, կառուցապատող` Արման Նազարյան։
Շինարարության մեկնարկից առաջ բանավոր տրված խոստումները` պատճառված վնասները փոխհատուցելու վերաբերյալ մնացել են լոկ խոսքեր։ Մեզ նաև տեղեկացրել են, որ կառուցապատողը նախատեսում է վերելակի տեղադրում, անտեսելով բնակիչների բացասական կարծիքները»։
Այստեղ մի շատ սովորական բացիլ է ի հայտ գալիս` ցինիզմի բացիլը։ Իհարկե, որևէ վատ բան չկա նրանում, որ ինչ-որ հաստաքսակ կամենում է ընդարձակել իր բնակարանային տարածքները, հետագայում դրանք վաճառելու կամ այլ նպատակով։ Այս պարագայում իսկապես վերականգնվում է թամանյանական Երևանի մի գողտրիկ հատված, սակայն ինչո՞ւ նման բարբարոսական եղանակներով։
Ի դեպ, Նարինե Ոսկերչյանը նշանավոր Լևոն Երզնկյանի թոռնուհին է, ում անունն էլ շնորհվել էր փրկարար բուժամիջոցին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ