Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Մարտարվեստում մենք կիրառում ենք հայոց գիրը՝ ֆիզիկական շարժումների տեսքով»

«Մարտարվեստում մենք կիրառում ենք հայոց գիրը՝ ֆիզիկական շարժումների տեսքով»
21.07.2015 | 14:11

«Իրատեսի» զրուցակիցն է «Գևորգյան» մարտարվեստի դպրոցի հիմնադիր, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

-Արևելյան մարտարվեստի բազմազան աշխարհում «գլուխ է բարձրացնում» հայկական դպրոցը։ Ինչպե՞ս դա եղավ։
-Արևելյան մարտարվեստներով տարվելը կարծես փոխում էր մեր աշխարհայացքը։ Սա դեռ ոչինչ, փոխվում է նաև մեր հոգևոր ուղղությունը։ Ասենք, Շաոլինյան դպրոցի հետևորդները երազում էին հասնել մենաստաններ և դառնալ քահանաներ։ Ի դեպ, բավականին վաղ եմ սկսել զբաղվել արևելյան մարտարվեստով, 1982 թվականն էր, ես ընդամենը 7 տարեկան էի, 1989-ին արդեն մարզումներ էի անցկացնում մեր կամավորական ջոկատներում։
-Տիար Գևորգյան, 1989-ին Դուք պատանի էիք, հայ ֆիդայիները տարակուսանք չունեի՞ն արդյոք։
-Իհարկե, մի փոքր տարակուսանք կար, որը փարատվում էր, երբ ցույց էի տալիս ուժային առավելությունս։ ՈՒժը միանում էր մտքին, այս ամենի բարձրակետում ասպարեզ էր իջնում հոգին։ Սակայն վերադառնամ այն տարիների մարտարվեստի վարպետների գլխավոր խնդրին. մենք, դառնալով տարբեր արևելյան դպրոցների հետևորդներ, կամա-ակամա շեղվում էինք քրիստոնեությունից։
-Տիար Գևորգյան, շեղումը դեպի Արևելքի աստվածները ինչպե՞ս էր զգացվում, խոսքո՞վ էր դա նկատելի, գործո՞վ, թե՞ մի այլ եղանակով։
-Ընկերներիս բնակարաններում Բուդդայի արձանիկներն էին դրված, առհասարակ, աներևույթ շեղվում էին մարդիկ։ Բարդ և հետաքրքիր էր իրավիճակը, հարց էր ծառանում մեր առջև, թե ինչու եմ ես կամենում դառնալ բուդդայական։ Առաջին ուսուցիչս չինացի էր, երկրորդը՝ Տիբեթից, երրորդը՝ հայ։ Երեք տարի սեմինարներին մասնակցելուց հետո պատիվ ունեցա դառնալու 12 լավագույն աշակերտներից մեկը։ Մարտական գործողություններից հետո, երբ Երևան վերադարձանք, տեղեկացա, որ մարտարվեստի դասընթաց է կազմակերպվել, մասնակցեցի այդ դասընթացին, շատ էր մեծ ցանկությունը խորանալու արևելյան մարտարվեստի հիմունքներում։
-Քանի՞ տարեկանում էիք մասնակցում ազատամարտին։
-Տասնչորս տարեկան էի։ Մասնակցում էի մարտական գործողություններին, զուգահեռաբար մարզում էի մարտական ընկերներիս։ ՈՒշագրավ է, որ ինձնից տարիքով ավագ ընկերներիս հետ խորամուխ էինք լինում մարտարվեստի գաղտնիքներում, ոչ ուղղակիորեն, այլ ինչ-որ աներևույթ եղանակով։

«ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐՏԱՈՃԸ ՄՏՔԻ, ՀՈԳՈՒ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՄՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է»


-Ե՞րբ ու ի՞նչ պայմաններում միտք հղացաք հայկական մարտարվեստի դպրոց հիմնելու։
-Հերթական սեմինարի ժամանակ, որը, ի դեպ, մի քանի օր էր ընթանում, ճապոնացի վարպետն արևելյան հիերոգլիֆների հենքի վրա սկսեց ներկայացնել իրենց մարտարվեստի շարժումները։ 1992 թվականն էր, ու միտք ծագեց՝ ինչո՞ւ չունենալ հայկական այբուբենի հենքի վրա ստեղծված մարտարվեստ։ Վստահ էի, որ կարևոր մի խնդիր կլուծենք, նախ վեր կհանենք նորովի մեր ազգի հոգեկերտվածքը, չէ՞ որ մարտարվեստը տվյալ ազգի հոգեկերտվածքի արտահայտությունն է, նրա աշխարհընկալման արտահայտությունը։ Ես գիտակցում էի, որ դարեր շարունակ հզոր բանակներ ունեցած հայ ժողովուրդը չէր կարող չունենալ մարտարվեստի իր դպրոցը։
-Ինչպե՞ս կարողացաք հայ հոգեկերտվածքը վեր հանել մարտարվեստում։
-Մեր մարտաոճը, հայի հոգեկերտվածքին հենվելով և նրանից բխելով, միաժամանակ հենվում է հայոց այբուբենի և հայ առաքելական հավատի վրա։ Այն մեսրոպյան այբուբենի և մարտական տեխնիկայի խորհուրդն է կրում։ Գևորգյան մարտաոճը մտքի, հոգու և ֆիզիկական ամրության եռամիասնություն է։ Հայկական մարտաոճը ստեղծելիս հիմնասյուներ են հանդիսացել միտքը, աշխարհընկալումը և աշխարհայացքը։ Հայ մարտիկին միշտ է բնորոշ եղել նախահարձակ չլինելը, միևնույն ժամանակ հայրենիքի հանդեպ ոտնձգություն անողին արժանի հակահարված տալը։
-Այբուբենն ինչպե՞ս է ներկայանում մարտարվեստում։
-Տառագիծը, տառաշարժը, հնչյունային համակարգը, գրի անսահմանափակությունը, գրի ներդաշնակությունը հենց այբուբենի ներկայությունն են հայկական ներկա մարտարվեստում։ Հայ գիրը չունի բախումներ, չկան ուղիղ գծային հակամարտություններ, չկան կաղապարներ, ինչպես հիերոգլիֆներում։
-Մենք նաև ա -ախոս ժողովուրդ ենք։
-Այո, անշուշտ, չէ որ ա-ն ԱՐԱՐՉԻ նախասկիզբ տառն է։
- Անդրադառնանք Ձեր դպրոցին, անցմանը գրից դեպի մարտարվեստ։
-21-րդ դարում, երբ համակարգիչն իր տիրակալությունն է հաստատել գրեթե ամենուր, գիրն էլ է երկրորդ տեղ մղվում։ Այնինչ գրի լեզուն մշակում է անհատի մտածողությունը։ Գրի ֆիզիկական մարմնով շարժումների մի ամբողջ համակարգ ենք մշակել։ Եթե գիրը հեռանում է, ասենք փոխարինվում է համակարգչի ստեղնաշարով, այն ինչ-որ ձևով պիտի փոխարինվի։ Եվ ահա գիր սիրող մարդը գրի այս նոր վիճակը, ասելիքն է տեսնում։ Հայ գիրը, անմիջական կապ ունենալով մեր հավատի հետ, չի ենթադրում հարձակողականություն և դաժանություն, այն հավերժության գիր է։ Մարտարվեստում մենք կիրառում ենք հայոց գիրը՝ ֆիզիկական շարժումների տեսքով։
-Տիար Գևորգյան, Դուք ինձ հաճելիորեն զարմացնում եք, թվում է, ոչ թե մարտարվեստի դպրոցի հիմնադրի հետ եմ զրուցում, այլ Մատենադարանի խորագետ գիտնականի։ Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ նախամաշտոցյան հայոց գրերի մասին։
-Մաշտոցյան գիրն այնքան կատարյալ է, որ այլ մտածումների տեղիք պիտի որ չտա։ Մեր ավանդական այբուբենում կա 36 տառ, 36-ը առողջ մարդու ջերմաստիճանն է։ Տեսեք չորս սյուների բաժանված այբուբենը, յուրաքանչյուրում 9 տառ, չէ՞ որ գործ ունենք տարվա չորս եղանակների հետ։ Եթե եռանկյան ձևով ենք դասավորում այբուբենը, ապա չափազանց ուշագրավ պատկեր ենք տեսնում, բրգի գլխին Ա-Արարիչն է, ներքևում՝ Ք-Քրիստոսը և Սուրբ հոգին։ Մեր յուրաքանչյուր տառում առկա է խաչը, մարտարվեստի մեր շարժումներն էլ հաճախ խաչի տեսքով են։

«ՄԱՐՏԱՐՎԵՍՏԸ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է, ՈՒՐ ՑԱՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋ ՀՈՒՆԴԵՐ»


-Մարդն ինչո՞ւ է բախում Գևորգյան մարտարվեստի դպրոցի դուռը։
-Բոլոր մարտարվեստները խոսում են ներդաշնակության մասին։ Մենք մեր դիմորդներին խմբավորում ենք ըստ նախասիրությունների և նրանցից պատրաստում ենք գաղափարի կրողներ։ 21-րդ դարում, երբ տեղեկատվությունն ամենուր հորդում է, անհնար է գեղեցիկ, առավել ևս պաթետիկ խոսքերով ինչ-որ բան հաղորդել մարդկանց, հատկապես՝ երիտասարդությանը։ Դու պիտի օրինակ հանդիսանաս, գաղափարի օրինակ։ Այսօր, տեսեք, ողջ հայ հասարակությունը երազում է ունենալ ավելի բարվոք, կառուցիկ և արդար երկիր, բայց չէ՞ որ նման երկիրը կերտում են մարդիկ, հասարակության անդամները։ Մարտարվեստը կրթման մոդել է, մենք կրթում ենք ազգային մտածողությամբ անհատներ՝ դիտարկելով նրանց որպես զարգացած հասարակության կարևոր բաղադրիչներ։ Մարդը պիտի ունակ լինի եռաչափ դաստիարակելու իր միտքը, հոգին և մարմինը։ Մարտարվեստը կարող եք պատկերացնել որպես մի պարարտ հող, ուր ցանվում են առողջ հունդեր, և անկախ այն բանից, թե մարտարվեստի դպրոցում սովորողը երաժիշտ է կամենում դառնալ, քաղաքական գործիչ, հոգեբան թե մի այլ բան, նա դպրոցում ձեռք է բերում անհրաժեշտ գիտելիքներ և վարպետություն։ Տարիքային սահմանափակումներ չկան, քանի դեռ մարդն ունակ է և ցանկություն ունի սովորելու, նա սովորում է։
-Արևելյան մարտարվեստում աստիճաններ կամ կարգեր գոյություն ունեն։ Ձեզ մոտ ինչպե՞ս է։
-Կա հրահանգիչ, ով հրահանգում է վարժանքների և մոտեցումների մասին։ Կա մարզիչ, ով մարզում է սանի ֆիզիկական մարմինը, կա վարպետ, ով կատարելագործում է ֆիզիկական և հոգևոր աշխարհները, և կա ուսուցիչ, այսինքն՝ մարդ, որն ուղղորդում է։
-Դպրոցում քանի՞ ուսուցիչ կա։
-Առայժմ միայն ես եմ, ՈՒսուցիչ են ինձ անվանում սաներս, և այդ տիտղոսը կրում եմ մեծ պատասխանատվությամբ։
-ՈՒսուցիչ Գևորգյան, այսօր մարդը հաճախ շատ է անտարբեր սեփական առողջության հանդեպ, ճնշում է նրան, անտարբերության է մատնում և հասցնում քայքայման, այսինքն, անհագուրդ ծխում է, անհարկի տուրք է տալիս ալկոհոլին, որկրամոլությամբ է տառապում և այլն։ Դուք պահանջո՞ւմ եք Ձեր սաներից չծխել։
-Մարդու համար ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որոնք ինքնաբերաբար և աներևույթ պարտադրում են նրան հարգանք տածել սեփական մարմնի հանդեպ, չէ՞ որ մենք նրանց հետ զբաղվում ենք մարմնակրթությամբ։
-Մարզումն ի՞նչ նկարագիր ունի, ինչպե՞ս է անցնում։
-Գլխավորապես խաղի ձևով։ Անկախ տարիքից, դպրոցի սանը մարզման ընթացքում խաղում է։ Սա, իհարկե, մշակված և համակարգված է։ Երեխան խաղում է, մեծահասակը բավականություն է ստանում իր խաղից, նրանք խաղով ուրախանում են և ուրախությամբ գիտելիքներ են ձեռք բերում։
- Ձեր ծրագրերը ներկայացրեք։
-Առաջն Աստված, գալիք սեպտեմբերին շնորհանդես ենք կազմակերպելու, ուր հայկական մարտարվեստը, այսինքն՝ հայոց գիրը, «Հայոց լեզուն մարտական շարժումներում» խորագրով է անցնելու վերոնշյալ միջոցառումը։ Սա չափազանց կարևոր է երկրի և՛ կրթական, և՛ առողջական, և՛ ուժային կառույցների համար։ Հավատացեք, հայոց գիրը բազում գաղտնագրեր է պարունակում և գնալով ավելի ու ավելի լուրջ ուսումնասիրությունների առարկա է դառնում թե՛ հայ, թե՛ օտարազգի գիտնականների համար։
-Տիար Գևորգյան, տեղեկացել եմ, որ արևելյան մարտարվեստի վարպետները գալիս են Հայաստան և ուսանում են Ձեր ուսուցչությամբ։ Սակայն սա մեր հաջորդ հանդիպման թեման թող լինի։ Մաղթում եմ Ձեզ նորանոր խորհրդավոր բացահայտումներ հայ գրի և մարտարվեստի աշխարհում։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ