«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ պատանեկան հասակից ներգրավվեց ազգային-ազատագրական պայքարում, երբևէ չդավեց սկզբունքներին և շարունակում է ուժերի ներածի չափ կառուցել իր երազանքի երկիրը։
Ծնվել է 1975-ին, Երևանում։ 1992-ին ավարտել է Կրուպսկայայի (այժմ` Նիկոլ Աղբալյանի անվան) դպրոցը, ուսանել է «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, զուգահեռաբար` ՆԳՆ-ի ներքին զորքերի սպայական բարձրագույն դպրոցում։ 14 տարեկանում անդամագրվել է ՀԱԲ-ին։ 1990-1994-ին մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանության և ազատագրման թեժ մարտերին, իրականացրել է հետախուզական բազմաթիվ գործողություններ։ Մասնակցել է Կոռնիձորի, Շուշիի, Լաչինի, Ֆիզուլիի, Մարտակերտի, Հորադիզի և Աղդամի ազատագրման մարտերին։ Տակավին պատանի յուրացրել է արևելյան մարտարվեստի գաղտնիքները և մարտի դաշտում ուսուցանել է մարտական ընկերներին։
Խաղաղության հաստատումից հետո Գևորգ Գևորգյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային սեմինարների` յուրացնելով տարբեր էթնոսների մարտարվեստային մշակույթը և կերտել հայկական Գևորգյան մարտարվեստի ոճը։
2012-ին Հյուսիսային Շաոլինի կողմից ճանաչվել է քսաներորդ մարդն աշխարհում, որը մարտարվեստում նոր ոճ է հիմնադրել։
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՐԱՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԻ»
-Պարոն Գևորգյան, Ձեր ստեղծած մարտարվեստի հայկական դպրոցի մասին գրվել է և դեռ գրվելու է։ Ի մասնավորի, մեր թերթը 2015-ի հուլիս ամսին հարցազրույց տպագրեց Ձեզ հետ։ «Մարտարվեստում մենք կիրառում ենք հայոց գիրը` ֆիզիկական շարժումների տեսքով» խոսուն վերնագրով։ Այսօր շատ բուռն հասարակական-քաղաքական վայրիվերումների շրջան է, անհրաժեշտ է անդրադառնալ օրվա և ժամանակի հրամայականներին։
-Սիրով։ Սակայն նախ երկու խոսքով ներկայացնեմ մեր դպրոցը այս տարեսկզբին։ Ավարտում ենք հիմնանորոգման աշխատանքները, ստեղծել ենք դպրոցի 3-րդ դահլիճը, որը ձևավորված է հայկական զարդանախշերով և հարիր է մեր ուսումնառության ոգուն։ Վերջին երկու տարիներին հայկական մարտարվեստը ամբողջացավ, դպրոցի հիմնանորոգումը ծառայելու է ամբողջական դպրոցի ծրագրերի կենսագործմանը։ Մենք ակտիվ հասարակական գործունեություն ենք ծավալել, կազմակերպել ենք խորհրդաժողովներ, քննարկում-հանդիպումների շարք, երիտասարդական հավաքներ և այլն։ 2012-ին կազմակերպել ենք «Ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումները» թեմայով խորհրդաժողով` շուրջ 100 մասնակիցներով, որոնք ներկայացնում էին երիտասարդական հատվածը, պաշտպանության ոլորտը, քաղաքական դաշտը։ Պարբերական բնույթ է կրել «Ճանաչել նրանց» խորագրով հանդիպումների շարքը` արցախյան ազատամարտի մասնակիցների և երիտասարդների միջև։ Ներքաղաքական գործընթացների շուրջ ակտիվ քննարկումներ են կազմակերպվել երիտասարդների հետ։ Տեսանելի ապագայում մեր կենտրոնի 3-րդ դահլիճը ծառայելու է և՛ որպես լսարան, և՛ որպես կրակային պատրաստության և սառը զենքերի գործածության կենտրոն։
-Երկփեղկումն արմատական է, կամուրջները խարխլված են ժողովրդի և իշխանությունների միջև։ Հրապարակում հանրային, այլ բնութագրմամբ` ազգային գործիչների խոսքի ու գործի ժամանակն է։
-Հասարակությունն ինքն իր մեջ պետք է հիմնարար խնդիրներ լուծի` հայ ընտանիքում դաստիարակելով երկրին նվիրված գիտակից մարդկանց։ Ընտանիքը պետականության կարևորագույն բանաձևերից մեկն է։ Ընտանիքը պետք է լինի ամբողջական իր կառուցվածքում, իր գաղափարական առանցքում և հասարակությանն ու պետությանը նվիրի անխոնջ և նվիրյալ մարդկանց։ Այսօր մեր դպրոցի սաները կրթվում են նախ որպես ռազմահայրենասերներ, մարդիկ, ովքեր պատրաստ են ցանկացած իրավիճակում, ռազմաճակատից մինչև պետական ծառայություն, անմնացորդ ծառայելու հայոց պետականությանը։ Մեր կենտրոնում որոշակի փորձ ձեռք բերելով` ծնողներն օրինակ են դառնում իրենց երեխաների համար։
-Ռազմահայրենասերը գայթակղությանը դիմակայելո՞ւ է։
-Նրանք էլ մարդ են, իրենց թուլություններով և առավելություններով։ ՈՒղղակի մենք կրթում-պատրաստում ենք զանազան գայթակղություններին առավել դիմակայող անհատների։
«ՆԵՐԿԱ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԵՆՎԻ»
-Փոփոխությունների, նոր գաղափարների, այլ կերպ ասած, ձնհալի շրջան է սկսվել նոր վարչապետի ձեռնադրմամբ։ Սերնդափոխության, նաև հիմնարար բարեփոխումների հրովարտակներ են հնչում, բայց սառույցը կարծես թե չի հալչում։
-Ամբողջ խնդիրը նոր կադրերի որակն է, ովքեր են նրանք, որքանով են համապատասխանում այն պաշտոնին, որը պետք է զբաղեցնեն, նրանք ունե՞ն պետական մտածելակերպ, թե՞ ուղղակի դիրքավորվում են պաշտոնասեղանի առջև, որովհետև այնտեղ ավելի տաք է և ավելի ապահով։ Այսինքն, ներկա սերնդափոխությունը պետք է գաղափարական բարոյականության վրա հենվի, պետական ծառայողը պետք է լինի անվերապահ բարոյական և պատասխանատու մեկը։ Մեր կենտրոնի նախկին և ներկա սաներից պետական ամենապատասխանատու օղակներում ծառայության կներկայացնեի պետական մտածողությամբ օժտված և կյանքում գայթակղությունների դիմակայող հաղթական շատ մարդկանց։
-Հանրապետության գործող նախագահին ճանաչում եք ռազմաճակատից։ Ճանաչում եք նաև այսօր, մեր հեղհեղուկ օրերում։
-Նրա ներդրումը ռազմադաշտում ակնառու էր, և դա քննարկման ենթակա չէ։ Այն տարիներին Սերժ Սարգսյանն առանձնանում էր ոչ միայն համակարգված մտածողությամբ, այլև մարդկային պարզությամբ և համեստությամբ։ Այսօր շատերն են ինձ ասում, որ երկրի նախագահի և գերագույն հրամանատարի մասին իրենց տեսակետներն ավելի դրական են դառնում իմ գնահատականների լույսի ներքո։ Ես հարգում եմ նախագահի ինստիտուտը, ես հարգում եմ իմ նախկին և ներկա հրամանատարին և փորձում եմ ինքս իմ գործունեությամբ այսօր ու վաղը ծառայել այն երկրի կայացմանն ու կառուցմանը, որի գլխավոր պատասխանատուն այսօր նա է` Սերժ Սարգսյանը։
«ՆԵՐԿԱ ԹՈՒՐՔ ԼԱՄՈՒԿԻՆ ՍԵՐՄԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԸ»
-Եկեք վերադառնանք 3-րդ հանրապետության կայացման փուլ և փորձենք հասկանալ, թե ինչու և ինչպես շարժման ազատամարտի լինելությունը որոշող հասարակությունը, երկրի հիմնադրման առաջին դժվարությունները հաղթահարելու փոխարեն, սկսեց դրանք շրջանցել։ Իսկ շատերը, ովքեր շարժման և ազատամարտի առաջնադիրքերում էին, լքեցին դիրքերը։
-Եկեք հիշենք, որ մինչ այդ երկիրն ապրում էր խորհրդային-սոցիալիստական համակարգում։ Անկախության նվաճումը իրականացավ համակարգային կտրուկ փոփոխության համատեքստում, և միլիոնավոր մարդիկ, ըստ էության` Հայաստանի ողջ բնակչությունը, բարոյահոգեբանական լրջագույն փորձության ենթարկվեցին։ Խորհրդային պետությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, իր քաղաքացուն էր կրթում ֆիլմերի, մշակույթի և գրականության միջոցով։ Հայկական հեռուստատեսության հաղորդավարներն ու մեկնաբանները գրագետ հայերենի ուսուցանողներ էին։ Չմոռանանք նաև խորհրդային կրթահամակարգի առավելությունները, զարգացած մշակույթն ու արվեստը։ Եվ ահա մի ակնթարթում սոցիալիստական համակարգից Հայաստանը ձերբազատվեց ու հայտնվեց կապիտալիստական հասարակարգում, որը վայրագ բնույթ ուներ։ Այս ամենին պետք է ավելացնել արտաքին և ներքին, հաճախ աներևույթ, բայց հզոր ճնշումները։ Հայ հասարակությունը եղավ աղետալի երկրաշարժի կրողն ու վկան, թեկուզ հեռվից, բայց ականատեսն ու կրողն էր Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի։ Երկիրը պատերազմում էր, վճռում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյության հարցը։
-Այսինքն, հասարակությունը բարոյազրկվեց անհատ առ անհա՞տ։
-Գիտե՞ք, օպերատիվ իրավիճակներում է մինչև հոգու խորքը բացահայտվում մարդու ներաշխարհը։ Մարդը, ի վերջո, միս ու արյունից կազմված մեկն է, որը հաճախ է հեռանում իր դավանած գաղափարներից։ Մեր պետությունը բարդ ու դժվարին ճանապարհներ է հաղթահարում։ Այդ ճանապարհների կեռմաններում շատերը չեն դիմանում փորձությանը։ Փորձությանը չի դիմանում նաև երկիրը։ Մեծ հայրենականում հաղթելով` ԽՍՀՄ-ը հաղթահարեց պատերազմի ահավոր հետևանքներն ու մի քանի տարի անց դարձավ գերտերություն։ Արցախի հաղթական ազատամարտի ավարտից հետո ես ասում էի զինընկերներիս` եթե մենք պատրաստ ենք շարունակելու պայքարը, պետք է գնանք մինչև վերջ, հասնենք ու գրավենք Եվլախը, Գանձակը, ապահովենք մեր անկախությունը` ավելի ընդարձակ հայկական հողերում։ Թուրքը կենաց-մահու կռիվ չէր մղում, դա նրա կռիվը չէր, որովհետև Արցախն ու Գանձակն իրենը չէին։ Ցավոք, հրադադար հաստատվեց մեզ համար ոչ շահեկան դիրքերում։ Իսկ ներկա թուրք լամուկին մանկուց սերմանում են, որ հայերը բռնագրավել են Արցախը, և որ իրենք մի օր պետք է ոչխար արածեցնեն Արագածի փեշերին։
«ՉԷ՞ ՈՐ ՎԵՐԻՆ ԴԱՏԱՎՈՐԻՑ ՈՉԻՆՉ ԳԱՂՏՆԻ ՉԻ ՄՆՈՒՄ»
-ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը Ամանորի շեմին հայտարարեց, որ խոշոր հարկատուները հսկայական գումարներ են թաքցրել, և որ հարկային համակարգում կոռուպցիան հնարավոր է վերացնել, դրա համար իրեն հարկավոր են 2000-2500 ազնիվ և նվիրված հարկային տեսուչներ, որոնք կաշխատեն 50-70 հազար դրամ աշխատավարձով։ Ձեր ղեկավարած դպրոցը շուրջ 1000 բարոյապես և հոգեպես, նաև գիտելիքներով ամրացած սաներ է պատրաստել։ Նրանք այսօր պատրա՞ստ են նման սխրանքի։
-Նախ` նշեմ, որ 50-70 հազար դրամ աշխատավարձը այսօր, ցավոք, սովորական է դարձել, և շատերն են նման վարձավճարով աշխատող պահում։ Այսօր մարտական ճանապարհ անցած նախկին սպաներն են նման աշխատավարձի դիմաց օրը մաշում աշխատավայրում, քանզի այլ առաջարկ չկա։ Այսօր, այնուամենայնիվ, կգտնվեն պահանջվող տեսուչները և կաշխատեն նշյալ աշխատավարձով, եթե խնդիրը խարսխվի գաղափարին, եթե երիտասարդ տղաները վստահ լինեն, որ իրենց նվիրական ծառայությունը անարդյունք չէ, և որ 3-4 տարի անց իսկապես հարկային համակարգը կախտահանվի կոռուպցիայի բացիլներից։ Բայց երբ հարկային ծառայողը տեսնում է իր վերնախավի անհավանական շքեղ կենցաղը, դժվար թե ցանկանա ծառայել հանուն գաղափարի, որովհետև գաղափարն ու նվիրումը նման վայրիվերո պայմաններում ուղղակի վախճանվում են։ Վերին հարթակներում այս նախընտրական փուլում խոստումներ են շռայլում, հույսեր են տալիս, և ինձ երբեմն թվում է, թե նրանք հավատում են իրենց ասածին։ Բայց արդյոք պատրա՞ստ են հանուն մեր պետականության հրաժարվելու ստվերային համաճարակից, առհասարակ ապրելու հայեցի կյանքով։ Զարմանալի է, այս մարդիկ սնանկացնում են երկիրը, չեն հագենում, բայց չէ՞ որ Վերին դատավորից ոչինչ գաղտնի չի մնում։
-Հասարակությունը, ըստ իս, հիասթափված է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից, քանզի նրա տառապանքը փորձվում է ահա 25 տարի։ Ի՞նչ է մնում անելու։
-Երկրի վիճակը, հայ հասարակության վիճակն այսօր շատ ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Սա այն դեպքն է, երբ ասվում է` սրանից ավելի վատ, Տերը պահպանի, միայն դժոխքում է լինում։ Մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, և դա ոչ այնքան իշխանությունների դավադրությունն է, որքան մեր մտածողության արգասիքը։ Մենք մեր նյութապաշտությամբ, անսկզբունքայնությամբ և կռապաշտությամբ խարխլել ենք մեր անկախ պետականության հիմքերը նրա հիմնադրման օրվանից։ Շուտով քարոզարշավներ են, առաջիկայում` նոր խորհրդարանական ընտրություններ, որոնք, ըստ պետական և, ինչու չէ, ընդդիմադիր քարոզչության, բախտորոշ են մեր ապագայի համար։ Հասարակության ամենատարբեր շրջանակներում բավականին մեծ հաճույքով ընդառաջում են իշխանությունների առաջարկներին, ընտրակաշառքից չեն խուսափում, շատ սկզբունքային հարցերում, արմատական դիրքորոշում հանդես բերելու փոխարեն, խուսանավում են, և այսպես շարունակ։ Ազատամարտում այդպես չէր, մենք ունեինք մեր ճանապարհը, դա հաղթանակի և Արցախի ազատագրման ճանապարհն էր։ Մենք գրոհում և ազատագրում էինք հայրենիքի հերթական հատվածը, որովհետև դա հաղթանակի ճանապարհն էր։
Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ