«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ընդհատակյա հաղթանակ

Ընդհատակյա հաղթանակ
28.02.2017 | 12:12

2016-ի նախաամանորին մայրաքաղաքի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին, խնդրելով պարզաբանել, թե ինչպես է, որ դեռ 2015-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը, համաձայն ՀՕ-121-Ն օրենքի պահանջների, հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանել է աղյուսակից, սակայն հրագործական ապրանքների ազատ առևտուրը շարունակվում է ամենուր։ Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե արգո վարչապետն ինչ է պատասխանել մեծարգո ավագանուն, սակայն սույն գերչարաբաստիկ խնդրի վերաբերյալ ունեմ մի քանի ուրույն փաստ, որոնք էլ սիրով ներկայացնում եմ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությանը։


Ավանդույթի համաձայն` նախաամանորին դիմեցի Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությանն ու խնդրեցի կանխել հրագործական ապրանքների` ճայթուկների, պայթուցիկների վաճառքը։ Զվարթ տրամադրությամբ միշտ նշում էի, որ քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչությունը (պետ` Ա. Եդոյան) որոշակիորեն կանխում է մեր տոնական հանգիստը էապես խաթարող պայթուցիկային դղրդյունի և ճայթուկային թխկթխկոցի համաճարակը։ 2016-ին էլ ավանդույթը չխախտեցի։ Սակայն 2017-ի հունվարի 20-ին Մաշտոցի պողոտայի սիթիամերձ գետնանցումում ինչ-որ մեկը վաճառում էր պայթուցիկա-ճայթուկային բավականին լայն տեսականի։ Իհարկե, գլխի ընկա, որ նախաամանորին արգելված ապրանքը ազատ և անկաշկանդ վաճառքի էր հանվել, զի պատանի հրոսակները սիրում են դղրդացնել մայրաքաղաքը տարին բոլոր։ Գլխի ընկնելուն պես վերստին ապավինեցի մայրաքաղաքի «Թեժ գծին»։ Օրեր անց ստացա հետևյալ պատասխանը.

«Հարգելի պարոն Առաքելյան.
Ձեր կողմից Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարով 20.01.2017-ին տրված տեղեկատվության համաձայն հայտնում եմ, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից Մաշտոցի պողոտա 5 հասցեի դիմաց իրականացվող բացօթյա ապօրինի առևտուրն արգելվել է։
Հարգանքով` Ա. Եդոյան»։

Առևտուրն արգելվել է, կրպակը չի գործում, բայց պայթուցիկ-ճայթուկների խմբաքանակը կրպակի ապակեպատ սրահում գովազդվում է օրնիբուն նույն 5 հասցեի տակ։ Նույն իրավիճակն ամենուր է։ Արգելված պտուղը վաճառքի չի հանվում բացահայտ ձևով, սակայն այս ու այնտեղ դրանց աղմուկը լսելի է, քանզի գողոնը առգրավված չէ։

Օրեր առաջ քայլում էի Բաղրամյան պողոտայով։ Քայլում-վայելում էի մայրաքաղաքի համեմատական անդորրը, քաջ գիտենալով, որ գարնան գալուն պես մայրաքաղաքում զբոսնելը կդառնա անհնար, բայքերների մոտոցիկլետներից արտավիժող դժոխային աղմուկը կարգելափակի զբոսնելու, քաղաքը վայելելու ցանկացած միտք և ցանկություն։ Հայ-արգենտինական բարեկամությունը հավերժացնող կրթօջախի մոտ (սա նախկին Կամոյի անվան դպրոցն է) ճայթուկների և պայթուցիկների խրախճանքը մեկնարկեց ողջ թափով։ Հասկանալի է, որ շրջակա վաճառատներում ազատ վաճառվում են լիցենզավորումից ավելի քան մեկ տարի առաջ դուրս բերված այս նողկալի զվարճանքի առարկաները։

Բնականաբար, նյութը հրապարակելով սպասում եմ ՀՀ կառավարության պարզաբանմանը, որը մեծ սիրով կներկայացնեմ մեր ընթերցողներին։


Եվ այսպես, արդյո՞ք հրագործական ապրանքների (հրավառությունների, ճայթուկների և պայթուցիկների) արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը լիցենզավորումից ազատագրելով արգելվել է դրանց կիրառումը, թե՞ ճիշտ հակառակը` կանաչ լույս է վառվել ողջ հասարակության առողջությունը խաթարող և անդորրն ապականող երևույթի առաջ։ Այսինքն, արդեն առանց լիցենզավորման նրանք կարող են արտադրվել, ներմուծվել և վաճառվել։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ