Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ
05.06.2020 | 00:58
Շատերը չեն հավատում Փաշինյանի` նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2-ով) իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու վերաբերյալ հայտարարությանը, և կարծում են, որ նա ստում է: Այդ առումով հիմնավոր կասկածներ կան: Կասկածների հիմքը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ժպիտներն ու ծիծաղն են այն տեսաուղերձի ընթացքում, որով նա ուղիղ եթերում հանդես գալով հունիսի 1-ի առավոտյան, հայտնեց նոր կորոնավիրուսով իրենց վարակված լինելու մասին: Հիմքերից մեկն էլ այն է, որ Փաշինյանը հայտնի է իր ստախոսությամբ, իսկ այդպիսի մարդուն հավատալն ընդհանրապես դժվար է:
Մարդը, որը վարակված է անկանխատեսելի ընթացք ունեցող նոր կորոնավիրուսով, ինչպե՞ս կարող է այդ մասին ոչ միայն այդպես անհոգ ու թեթև հայտնել, այլև տեղ-տեղ ժպտալով ու ծիծաղելով: Մանավա՛նդ որ, իր ասելով, ոչ միայն ինքն է վարակված, այլև վարակել է իր ընտանիքի անդամներին` կնոջը և երեք աղջիկներին, ավելին` բացի նրանցից, կարող է վարակած լինել կառավարության անդամներից ոմանց:
Ճիշտ է, Փաշինյանն ասաց, որ ինքը և իր ընտանիքի անդամները որևէ ախտանշան չունեն, այսինքն` նորմայից բարձր ջերմություն և այլն, սակայն ինչպես վկայում է աշխարհի անցած ամիսների փորձը, SARS-CoV-2-ով վարակվածների մի մասի մոտ վարակվածության սկզբնական շրջանում ախտանշանների բացակայությունը որևէ երաշխիք չէ, որ ջերմությունը և այլ ախտանշաններ ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ ի հայտ չեն գա թեկուզ մեկ ժամ կամ 1 օր հետո, չկա նաև որևէ երաշխիք, որ հիվանդությունը չի ունենա թոքաբորբով ուղեկցվող ընթացք և նույնիսկ ճակատագրական ավարտ` անկախ վարակվածների տարիքից և խրոնիկ հիվանդություն չունենալու հանգամանքից:
Այն, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ COVID-19-ի ախտանշանները կարող են հետո ի հայտ գալ, Փաշինյանն ինքն էլ չբացառեց. «Ասեմ, որ բոլորիս մոտ նույն վիճակն է, այսինքն` ջերմություն չունենք, ախտանշաններ չունենք, բայց նաև պետք ա հետևենք, բնականաբար, կարող է ինչ-որ մի պահի այդ ախտանշաններն ի հայտ գան»: Ավելին. երեկ, իր հերթական տեսաուղերձի ընթացքում Փաշինյանն ասաց, որ իրենց ունեցած վիճակագրության համաձայն, առանց ախտանշանի հիվանդների 10 տոկոսի մոտ հետագայում բարդություններ են առաջանում, այսինքն` 10 տոկոս հավանականություն կա, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կսկսի թոքաբորբ զարգանալ: Իսկ ի՞նչ է, 10 տոկոս հավանականությունը քի՞չ է, եթե վարակումից հետո ծանր ընթացքի նույնիսկ 1 տոկոս հավանականություն լիներ, Փաշինյանի ժպիտներն ու ծիծաղը մնում են անհասկանալի:
«Եվ ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել,- ասաց Փաշինյանը:- Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը ըտենց տպավորվել է շատ իմ մեջ, և համոզմունք կա, որ էդ դեպքի հետ ա կապված, մանավանդ, որ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի, արձանագրեցի` այդ բաժակը առանց ձեռնոցի տեղադրելու փաստի հետ, իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխել, բայց ենթադրում եմ, դրանից առաջ էլ նույն կերպ է եղել, և այդ աշխատողը, մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, հաստատվել է նրա մոտ նույնպես դրական, սա է ամբողջ պատմությունը»:
Փաշինյանի խոսքերն իրար չեն բռնում. եթե ինքը, իր ասելով, ֆիքսել, արձանագրել է բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը, նույնիսկ տեղում նկատողություն է արել և առաջարկել փոխել բաժակը, ապա, բնականաբար, ենթադրելի է, որ ինքն այդ բաժակից չի օգտվել, հետևաբար չէր կարող դրանից վարակված լինել աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Հակառակ պարագայում ստացվում է, որ Փաշինյանի ֆիքսելը, արձանագրելն ու նկատողություն անելը եղել են ձևական, և ինքը, այնուամենայնիվ, օգտվել է նշված բաժակից` ակնհայտորեն թերագնահատելով վտանգը և վատ օրինակ հանդիսանալով խորհրդակցության մյուս մասնակիցների համար, որոնց վարակված լինել-չլինելու վերաբերյալ, ի դեպ, որևէ տեղեկություն չի հայտնվել:
Եթե Փաշինյանն իսկապես ստում է իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու վերաբերյալ, ինչը միանգամայն հնարավոր է` վերը շարադրվածը նկատի ունենալու պարագայում, ապա նրա ժպիտներն ու ծիծաղը կարող են ունենալ նրան լսողների ու տեսնողների մոտ այն թյուր տպավորությունն առաջացնելու նպատակ, թե նոր կորոնավիրուսը, դրանով վարակվելը մի վտանգավոր բան չեն, եթե նույնիսկ ոչ միայն անձամբ, այլև ընտանյոք հանդերձ եք վարակված: Այսինքն` մտահոգվելու որևէ պատճառ չկա, կարելի է նույնիսկ ժպտալով ու ծիծաղելով այդ ամենի մասին պատմել, վարակվեք էլ, խնդիր` չիք, շատերիս մոտ կարող է նույնիսկ որևէ ախտանշան ի հայտ չգալ, հետևաբար շատերս կարող ենք նույնիսկ չիմանալ վարակված լինելու մասին:
Պարզ է, որ եթե մարդկանց թեկուզ մի մասի մոտ այսպիսի տպավորություն է առաջանում և ամրապնդվում է դարձյալ Փաշինյանի ասածով շատերի ենթագիտակցության ու գիտակցության մեջ մեխված այն խիստ վտանգավոր պատկերացումը, թե «Կորոնավիրուսը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի», ապա նրանք կորցնում են իրենց անհրաժեշտ զգոնությունը, զգուշավորությունը, կամ եթե նախկինում էլ անզգույշ վարքագիծ են դրսևորել, շարունակում են նույն վարքագիծը` չնայած նորանոր վարակվածների ու մահացածների վերաբերյալ ամեն օր հրապարակվող տեղեկություններին, չնայած անհատական պաշտպանության, անվտանգության կամ հակահամաճարակային կանոնները խստագույնս պահպանելու մասնագետների և այլոց կոչերին, հորդորներին ու խնդրանքներին:
Վերոնշյալի պարագայում իմաստազրկվում են, իրենց արդյունավետությունն ու արժեքը կորցնում են հենց նույն տեսաուղերձի ընթացքում սիրելի հայրենակիցներին Հայաստանի գերագույն գլխավոր դեմագոգ ու մանիպուլյատոր Նիկոլ Փաշինյանի ուղղած խնդրանքն ու կոչը («Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ` անպայման պահեք հակահամաճարակային կանոնները…»), քանի որ նրա ժպիտներն ու ծիծաղը (ուրեմն նոր կորոնավիրուսով վարակվելը մի լուրջ կամ վտանգավոր բան չէ) այդ տեսաուղերձը դիտողներից եթե ոչ բոլորի, ապա շատերի մոտ ավելի ուժեղ տպավորություն են գործում, քան վերը մեջբերված խնդրանք-կոչը:
Եթե Փաշինյանը նույնիսկ չի ստում իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու մասին, ապա որպես մարդ, առավել ևս` որպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, որպես ՀՀ ղեկավար, պետք է իրեն հաշիվ տար, թե տեսաուղերձը դիտողների մոտ իր ժպիտներն ու ծիծաղն ինչ սխալ պատկերացում կարող են առաջացնել նոր կորոնավիրուսով վարակվելու վտանգավոր չլինելու վերաբերյալ, սխա՛լ տպավորություն, որը կարող է նույնիսկ ճակատագրական հետևանքներ ունենալ նրանցից թեկուզ մի քանիսի համար:
Պարզ է, որ որքան բթանում է հասարակության մի մասի զգոնությունը, որքան շատ մարդիկ չեն պահպանում սոցիալական հեռավորություն ու չեն օգտագործում շնչադիմակներ այնտեղ, որտեղ դրանց օգտագործումը հրամայական անհրաժեշտություն է (մինչ այդ արդեն իսկ եղած այդպիսի մարդկանցից բացի), այնքան շատ են լինելու նորանոր վարակվածները, COVID-19-ի պատճառով մահացածները, ինչպես նաև այն վարակակիր անձինք, ովքեր չունենալով հիվանդության որևէ ախտանշան և չիմանալով իրենց վարակված լինելու մասին, բազմաթիվ անձանց շրջանում վարակի ակամա տարածողներ են:
Ընթերցողների մոտ հավանաբար հարց կառաջանա, թե Փաշինյանն ինչո՞ւ պետք է այդպիսի նպատակ ունենա, մի՞թե վարակվածների ու մահացածների թվաքանակի մեծանալը կարող է նրան ձեռնտու լինել: Որպեսզի չկրկնենք այդ կապակցությամբ արդեն իսկ հրապարակված հնարավոր բացատրությունը կամ վարկածը, նշենք միայն, որ դրան կարող եք ծանոթանալ ընթերցելով «Ամեն ինչ արվել է, որ Հայաստանում համավարակը վերածվի աղետի» վերլուծականը:
ՈՒշադրություն դարձնենք նաև նույն տեսաուղերձի ընթացքում Փաշինյանի վերոնշյալ խնդրանք-կոչի շարունակությանը. «Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ` անպայման պահեք հակահամաճարակային կանոնները, դե, այնպես ստացվեց, որ հակահամաճարակային կանոնները մեզ կոնկրետ էս դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ, որ այդ կանոնների պահպանման արդյունքում առնվազն կառավարությունից, կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել: Ամեն դեպքում, շատ ցավում եմ, որ էսպես եղավ, բայց եղավ»:
Ի՞նչ է նշանակում սա, արդյոք սա յուրօրինակ «մեսիջ» չէ՞, թե որքան էլ պահպանեք հակահամաճարակային կանոնները, միևնույն է, վարակվողը վարակվում է, նույնիսկ երկրի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին հակահամաճարակային կանոնների պահպանումը որոշակի այս դեպքում չօգնեցին… Ասածի արդյունքը կամ հետևանքը` բազմահազար մարդիկ չեն ջանա հակահամաճարակային կանոնները պահպանել` մտածելով, թե, միևնույն է, այդ կանոնների պահպանումը չօգնեց նույնիսկ երկրի վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին:
Եթե Փաշինյանը ստում է իր և իր ընտանիքի անդամների` SARS-CoV-2-ով վարակված լինելու վերաբերյալ, ապա նրա սուտը, վերը ներկայացվածից բացի, զուգահեռաբար կարող է ունենալ նաև հետևյալ նպատակները:
Փաշինյանի` իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու մասին հայտարարությունից հետո, եթե Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում վարակվի (կամ վարակեն) նոր կորոնավիրուսով, և եթե նրա վարակվելը նույնիսկ ամենածայրահեղ հետևանքն ունենա, ապա դա մեր հասարակության անդամների մի ահագին մասի կողմից միանգամայն բնական, անխուսափելի կհամարվի:
Այդ մարդիկ պարզապես կմտածեն, որ եթե ՀՀ վարչապետը, լինելով ազատության մեջ, ավելին` հանդիսանալով մեր երկրում ամենապաշտպանված անձը, վարակվել է նոր կորոնավիրուսով, չի կարողացել խուսափել վարակվելուց, դեռ իր ընտանիքի անդամներին էլ վարակել է, ապա Ռոբերտ Քոչարյանը, լինելով անազատության մեջ, Փաշինյանի համեմատ խիստ սահմանափակ իրավունքներ ու հնարավորություններ ունենալով, պարզ է, որ շատ ավելի մեծ հավանականությամբ կարող էր վարակվել SARS-CoV-2-ով, և եթե նույնիսկ դրա պատճառով, Աստված մի արասցե, մահանա, ապա կատարվածում Փաշինյանին կամ որևէ մեկին չպետք է մեղադրել, որևէ մեկը Փաշինյանին, դատավորին, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը մեղադրելու իրավունք չունի, դա Քոչարյանի բախտն էր:
Իր և իր ընտանիքի վարակված լինելու մասին ստելու պարագայում Փաշինյանը, հնարավոր է, ունի նաև փիառի նպատակ: Հասկանալի է, որ թե մեր, թե այլ երկրներում շատ քչերն իրենց թույլ կտան այդպես վարվել, բայց…
PR-ը հապավումն է անգլերեն «public relations» բառերի, այն հասարակության մեջ որևէ անձի կամ կազմակերպության վերաբերյալ դրական վերաբերմունքի ձևավորումն է: Իր և իր ընտանիքի վարակված լինելու մասին հայտնելուց հետո Փաշինյանի անունը վերստին հայտնվել է աշխարհի մի շարք հայտնի, հեղինակավոր ԶԼՄ-ների հրապարակումներում, տարբեր երկրների ղեկավար շրջանակների խոսակցություններում, այդպես մեկ էլ «թավշյա հեղափոխություն» կոչվածի շրջանում է եղել: Պատկերացնում եք, չէ՞, թե Փաշինյանն այս ամենից իրեն որքան շոյված էր զգում այն ժամանակ, և հիմա այդ շրջանի կամ այդ վիճակի հանդեպ կարոտախտը նրան հավանաբար մղել է հիշյալ հնարքին դիմելով, նորից արժանանալ օտարերկրյա ԶԼՄ-ների և քաղաքական շրջանակների ուշադրությանը…
Լավ, այս ամենը մի պահ մի կողմ թողնենք, համարենք, թե սխալվում ենք իր և իր ընտանիքի անդամների վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության սուտ լինելու և այդ ստով վերևում, ինչպես նաև այս թեմայով մեր նախորդ հրապարակումներում ներկայացված նպատակները հետապնդելու հարցում: Համարենք, թե ուղիղ եթերում հայտնի տեսաուղերձի ընթացքում Փաշինյանի ժպիտներն ու ծիծաղը ոչ թե նրա ստելու, այլ հոգեկան անհավասարակշիռ վիճակի, երկրում ստեղծված իրավիճակին և իր պաշտոնին անհամապատասխան վարք դրսևորելու, ծայրահեղ անլրջության արտահայտություններ են: Ավելի ճիշտ, թող Փաշինյանն ինքը բացատրի, թե ինչու է իր այդ տեսաուղերձի ընթացքում ժպտացել ու ծիծաղել, խիստ անլուրջ ու վտանգավոր վարք դրսևորել, արել հայտարարություն, որը կարող է բազմաթիվ մարդկանց առողջության ու կյանքի համար վտանգավոր հետևանքներ ունենալ: Բայց այդ դեպքում թող մի բան էլ բացատրի, պատասխանի հետևյալ հարցին:
Երբ հունիսի 1-ի առավոտյան իր տեսաուղերձի ընթացքում սիրելի հայրենակիցներին դիմեց խնդրանք-կոչով («Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ` անպայման պահեք հակահամաճարակային կանոնները…»), ուղիղ եթերի վերջում էլ կրկնեց իր այդ խնդրանք-կոչը, նույն օրը երեկոյան պարետատան նիստից հետո հանդես գալով ճեպազրույցով, դարձյալ բոլորիս կոչ արեց հակահամաճարակային կանոնները պահել, ապա ինչու հանդուրժեց, թույլ տվեց, որ հենց այդ նույն ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, ի տարբերություն իրեն, հանդես գան առանց ձեռնոցների, որոնք, ի դեպ, թուղթը, որից կարդում էին, դնելով փոքրիկ սեղանիկի կամ հենակի վրա, իրենց ձեռքերը դրեցին այնտեղ, որտեղ մինչ այդ դրել էր ինքը` SARS-CoV-2-ով վարակվածը:
Ի՞նչ պետք է մտածեն այս ամենը տեսած հարյուրհազարավոր մարդիկ, բացի նրանից, որ.
1. Փաշինյանը ստում է, թե ինքը և իր ընտանիքի անդամները վարակված են նոր կորոնավիրուսով:
2. Եթե Փաշինյանն իսկապես վարակված է, ապա, ուրեմն, այդ վարակն այնքան էլ վտանգավոր չէ, այլապես Թորոսյանը լինելով առողջապահության նախարար, Ավինյանն էլ՝ փոխվարչապետ ու պարետ, չէին համարձակվի առանց ձեռնոցների ձեռքերը դնել այնտեղ, որտեղ Փաշինյանն է դրել:
Փաշինյանը մտածու՞մ էր, թե այս ճեպազրույցը տեսնողներից քանի՞սը հետո ցանկություն կունենան ձեռնոցներ օգտագործելու և կօգտագործեն, չեն մտածի, որ ձեռնոցներ օգտագործելու պահանջն ընդամենը ձեռնոցներ արտադրողներին հարստացնելու նպատակն ունի, իսկ գուցե հենց մտածու՞մ էր, եռյակի կողմից մտածվա՞ծ էր այս յուրօրինակ ներկայացումը… Եվ, ի՞նչ է, եռյակը չգիտե՞ր, որ որքան շատ մարդ մտածի SARS-CoV-2-ի վտանգավոր չլինելու մասին, չպահպանի հակահամաճարակային կանոնները, այնքան շատ կլինեն վարակվածներն ու մահացածները: Անվիճելի է, որ այս տեսանյութը դիտածներից շատերի վրա իրենց աչքերի փաստացի տեսածն ավելի մեծ ազդեցություն ունի, քան հակահամաճարակային կանոնները պահպանելու Փաշինյանի խնդրանք-կոչը: Արդյոք հաշվարկված չէ՞ հենց սա, որպեսզի մի կողմից նոր կորոնավիրուսի հետագա տարածման դեմ պայքարի տպավորություն առաջացվի, իսկ մյուս կողմից ի չիք դարձվի այդ խնդրանք-կոչերի ազդեցությունը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ
- Ռուսաստանում անհայտ վիրո՞ւս, միկոպլազմային թոքաբո՞րբ, գուցե արհեստականորեն մուտացված, ինչ է կատարվում Հայաստանից ոչ այնքան հեռու
- Մինչ Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամին վայրահաչում է նախկին նախագահների հասցեին, արտաքին թշնամին սահմանը տաք է պահում. 2
Մեկնաբանություններ