«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Խոսենք հայերեն

Խոսենք հայերեն
21.02.2025 | 19:43

Ես երբեք չէի մտածում, որ երբևէ կգտնվեմ հեռու իմ սիրասուն Հայենիքից։ Անգամ իմ քաղաքից բացակայելը, ինձ համար դավաճանություն էր համարվում։ Երբ 1988թ չարաբաստիկ երկրաշարժից հետո ծնողներս մեզ տարան Լոռվա չքնաղ բնության գիրկը՝ տատիկի տուն, և գյուղի դպրոցում ես հասա իմ երազանքին, սովորելով բացարձակ գերազանց, մեկ է լալիս էի և խնդրում, որ վերադառնանք մեր ավերված, բայց հարազատ քաղաքը։ Եվ մի քանի ամիս անց, հենց այդպես էլ արեցինք, քանզի ես հրաժարվում էի մնալ գյուղում և դպրոց հաճախել… Եվ թեպետ քաղաքում կյանքը ահավոր դժվար էր, պայմանները անմարդկային, բայց ես երջանիկ էի, ես տանն էի…

Եվ ինձ նման մարդը չգիտեմ էլ ինչպես, անկախ իր կամքից, ճակատագրի հեգնանքով հայտնվեց օտար երկրում։ Չեմ գրի իմ կրած տառապանքների մասին, բայց իսկապես հայրենասեր մարդու համար օտար երկիրը դժոխքի է նման, որքան էլ այն գեղեցիկ, բարեկեցիկ և հարուստ լինի։ Իսկ երբ բալիկներ ունեցա, ապա միակ նպատակս նրանց ՀԱՅ մեծացնելը դարձավ։ Ծնված օրից միմիայն հայերեն էի խոսում նրանց հետ, մեր տունը մի փոքրիկ Հայաստանի եմ վերածել, որտեղ ամեն ինչ հայակական և հայեցի է։

Երբ բավականին մեծացած արդեն, սկսեցին խնդիրներ առաջանալ։ Ես երեխաներիս հետ միմիայն հայրենով էի խոսում, իսկ տան պատերից դուրս՝ օտար աշխարհ է և օտար լեզու։ Ես գիտակցում էի, որ սկզբնական շրջանում նրանց դժվար կլինի շփվել իրենց հասակակիցների հետ օտար լեզվով, բայց ես նաև գիտեի, որ ապրելով այստեղ, տեղի լեզուն նրանք շատ արագ կսովորեն, կարևորը Հայերենն է, որ հանկարծ երկրորդ պլան չմղվի, չմոռացվի։

Շատերը (հայ և այլազգիներ) ինձ մեղադրում էին, որ ես սխալ եմ վարվում, որ պետք է դադարել երեխաների հետ միմիայն հայերեն խոսել, իսկ իմ պատասխանը մեկն էր՝ ՀԱՅՐԵՆԸ պետք է լինի առաջնայինը։

Երբ դպրոց գնացին արդեն լիովին տիրապետում էին ռուսաց լեզվին, բայց իհարկե բարդություններ լինում էին։ Հիշում եմ մի անգամ ուսուցչուհին մոտեցավ ինձ, մենք բավականին մտերիմ էինք և ասաց. «Երևում է, դուք տանը հայերենով եք շփվում, լավ կլիներ որոշ ժամանակ խոսել միմիայն ռուսերենով, որպեսզի երեխաներին հեշտ լինի։ Երբ ես նրանց հարց եմ տալիս, զգում եմ, որ նրանք լսածը նախ թարգմանում են հայրեն, պատասխանում հայերեն, հետո թարգմանում ռուսերեն և նոր միայն պատասխանում ինձ։ Այդպես դժվար է նրանց, թեպետ դա վայրկյաններ է տևում, բայց մեկ է շատ է խանգարում։ նրանք գերազանց սովորում են, բայց ավելի հեշտ կլինի նրանց համար, եթե սկսեն մտածել ռուսերենով»։ Ես քանի որ բավականին մտերիմ էի ուսուցչուհու հետ, ուղղակի գրկեցի նրան և թաց աչքերով շնորհակալություն հայտնեցի։ Նա զարմացած նայեց ինձ, ես ի պատասխան ասացի, որ հենց դրան եմ ձգտել, որ իմ երեխաները մտածեն հայերեն, որ ՀԱՅ լինեն։ Նա ժպտաց և ասաց. «այլևս ամեն ինչ պարզ է, ես ձեզ հասկանում եմ…»։

Պատանեկան տարիքում արցունքն աչքերիս պատմում էի երեխաներիս, թե ինչպես են Սիրիայի, Լիբանանի որբանոցներում ստիպել հայ որբերին մոռանալ մայրենին, և չխոսել։ Եվ ինչ կտտանքների են ենթարկել այն երեխաներին, որոնք այնուամենայնիվ խոսել են մայրենի լեզվով։ Երեխաների լեզուները ասեղներով են ծածկել, տանջել, բայց մեկ է խոսել են և ի պատասխան թե ինչո՞ւ չեն ուզում հրաժարվել մայրենիից, ասել են. «Մեր մայրերը դաժանաբար սպանվելուց առաջ ասում էին. «Հայերենը չմոռանանք», և մենք կատարելու ենք նրանց վերջի խնդրանքն ու հորդորը»։ Լալիս էինք միասին և էլ ավելի գնահատում, սիրում և պաշտում մեր Մայրենի Լեզուն…

Երեխաներս հրաշալի ավարտեցին դպրոցը, գերազանց տիրապետում են ռուսաց լեզվին և հայրենին։ Աղջիկս սովորում է բժշկական համալսարանում, տղաս աշխատում է մեծ հաստատությունում, և նրանց բնավ չխանգարեց հայերենը, որով մտածում են մինչ օրս։ Այնքան մաքուր հայրեն են խոսում, որ ոչ մեկ չի հավատում, որ նրանք ծնվել և մեծացել են օտար երկրում։

Բայց ի սրտի ցավ պետք է ասեմ, որ գիտեմ շատ հայ ընտանիքներ, որտեղ հայերենը մոռացվել է, անգամ մեծ տարիքում մարդիկ հրաժարվում են մեր սքանչելի մայրեննից, և ջարդուփշուր ռուսերենով խոսում։ Դե իսկ երեխաները անգամ չգիտեն և չեն հասկանում հայերեն, իսկ ծնողները հրճվում նրանց մաքուր ռուսերնով։

Սիրելի հայրենակիցներ, թեկուզ ապրում եք Հայրենիքից դուրս, մի՛ կտրեք ձեր երեխաներին Մայրենի լեզվից, մի հավատացեք, որ հայերեն խոսելով նրանք հետ կմնան և բարձունքների չեն հասնի։ Թողեք ՀԱՅ մեծանան և մտածեն միմիայն հայրեն։ Այս ամենը գրեցի, որպես ապացույց նրա, որ օտար երկրում էլ կարելի է ՀԱՅ մնալ, խոսել, մտածել հայերեն և դա ոչ մի կերպ չի խանգարի հասնել բարձունքների:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4931

Մեկնաբանություններ