Թուրքիայում հերքել են Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամի առկայությունը: Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ հիմա հերքել դա… Ուրեմն կան չէ՞ վերոնշյալ ճգնաժամի վերաբերյալ ինչ- որ տեղեկություններ, քննարկումներ… Իհարկե՛ կան, չլինեին, չեղած բանը հո չէի՞ն հերքի: Իսկ եթե կան այդ տեղեկությունները, ծուխն առանց կրակի՞ է լինում…
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Life.ru- ի փոխանցմամբ , հերքել է Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցման մասին լուրերը: Այս մասին նա պատմել է «CNN Turk»- ի հետ զրույցում։ Քըլըչը վստահաբար հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում ոչ մի ճգնաժամ չկա։
Մարտի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել էր, որ զինված հակամարտության ընթացքում Թուրքիան ոչ մի անգամ «կրակի վրա յուղ չի լցրել» (դե, Ուկրաինային հարվածային անօդաչուներ և այլ սպառազինություն տալն ի՞նչ մի յուղ է որ…): Բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիան այն պետությունն է, որը շատ լավ գիտե կրակի վրա ոչ թե յուղ, այլ բենզին լցնելու, այդ կրակի առավել ակտիվ մասնակիցներից մեկը լինելու կամ թիկունքից դաշույն խրելու ճիշտ պահը: Էրդողանը խորամանկորեն հանդես է եկել Ուկրաինական ճգնաժամի լուծման օգտին Մոսկվայի և Կիևի մասնակցությամբ (իսկ առանց նրանց մասնակցության կարո՞ղ է լինել…):
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր Մոսկվայի և Անկարայի միջև փոխգործակցության բարձր մակարդակը: Նա նշել է, որ եթե անհրաժեշտություն առաջանա, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են միմյանց հետ կապվել բառացիորեն հաշված ժամերի ընթացքում: Դե, Պեսկովին գիտենք, նույնիսկ առանց սա կարդալու, կարող էինք կանխատեսել, թե նա ինչ է ասելու: Հնարավոր է նաև, որ սա ռուսական կողմի՝ հարաբերությունները չսրելու ցանկության դրսևորումն է կամ էլ Թուրքիայի դիվանագիտական, քաղաքական կեղծավորությանը նույն կերպ արձագանքելու արտահայտություն:
Քըլըչի վերոնշյալ հայտարարությունից մի քանի ժամ անց մեկ այլ տեղեկություն հրապարակվեց, ըստ որի, Էրդողանը խոսելով Թուրքիայի եվրոպական անվտանգության ծրագրերի մասին, Թուրքիայի հետ եվրոպական անվտանգությանը վերաբերող բոլոր քայլերի պլանավորումը համարել է ընդհանուր շահերին համապատասխանող: Ո՞ր պետությունների ընդհանուր շահերին համապատասխանող… Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանն այդ ընդհանուրում տեղ չունի, ավելին՝ Եվրոպան՝ հանձինս Եվրամիության և Եվրոպայի առաջատար պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի (նրանց դաշնակից մանրներին՝ շնագայլերին, չթվարկենք), Ռուսաստանի ամենառազմատենչ, ագրեսիվ, ոխերիմ թշնամին է, որի «եվրոպական անվտանգություն» ասվածը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու ձգտումն ու ծրագիրն է: Հիմա Թուրքիան Էրդողանի շուրթերով, ուղիղ ու հրապարակային կերպով հայտարարում է, որ ցանկանում է անմիջական մասնակցություն ունենալ եվրոպական անվտանգությանը վերաբերող բոլոր քայլերի պլանավորմանը:
«Թուրքիայի հետ համատեղ եվրոպական անվտանգությանը վերաբերող բոլոր քայլերի պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ , հայտարարել է Էրդողանը ԵՄ- ի կողմից տեսակոնֆերանսի միջոցով կազմակերպված «Համախոհ երկրների առաջնորդների հանդիպման» մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:
Առաջիկա հրապարակմամբ կներկայացնենք կրակի վրա բենզին լցնելու Թուրքիայի խորամանկ ու խիստ վտանգավոր ծրագիրը:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան