ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Միշտ հիշում ենք ձեզ, սիրելի արտիստուհի

Միշտ հիշում ենք ձեզ, սիրելի արտիստուհի
03.04.2025 | 21:55

Երկու տարի առաջ` 2023 թվականի այս օրը` ապրիլի 3-ին, կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:

Նրա անունը լսելիս ամենից առաջ պատկերացնում էինք բարություն ու ժպիտ:
Դերասանուհի ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ հրաշալի մարդ էր, գիտենք:
Հեռուստադիտողը նրան կհիշի իր խաղացած բազմաթիվ կերպարներով: Բայց թատրոններում, չնայած իր նշանակալի դերացանկին, այդպես էլ լիարժեք չբացահայտեցին արտիստուհու իրական ներուժը: Իսկ կյանքում մեծ դժվարությունները պատվով հաղթահարած դերասանուհու տարերքը իր բեմն էր, ապրելու իմաստը՝ թատրոնի դահլիճում իր սիրելի ժողովրդի հետ ամեն հանդիումը: Չեմ մոռանա իր վերջին հարցազրույցները, որոնց ժամանակ նա ասում էր.
- …Չի կարելի մարդուն այդպես սպանել: Բոլորն են ծնվել ապրելու համար:
Բայց անգամ ամենածանր հոգեվիճակներում նրան չէր լքում բարությունը, չէր չարանում աշխարհի ու մարդկանց հանդեպ: Եվ ամենատխուր զրույցների վերջում իր արտիստիզմին հատուկ ձևով ծիծաղում էր:

***
Երբ իմացա, որ դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել՝ երկկողմանի ծանր թոքաբորբով, մի քանի անգամ կապ հաստատեցի դերասանուհու առողջական վիճակին հետևող բժշկուհու հետ: Հավատում էի, որ այս անգամ էլ ի՛ր ձայնը կլսեմ, կզգամ իրենից ճառագող Գյումրվա կոլորիտը:
Սակայն բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել նրա կյանքը:
Մեր երկրի համար այս վերջին տարիների ծանր օրերին դերասանուհու մտքում, հիվանդանոցում եղած ժամանակ նույնպես մեր անմահացած զինվորներն են եղել:
Դարձյալ հիշատակեմ իր նախորդ հարցազրույցներից մի դրվագ, որտեղ ասել էր.
- ՈՒզում եմ հայ ժողովրդին մաղթել, որ ամեն ինչ կարգավորվի, թող լույս դառնան մեր զինվորների հոգիները, իսկ մեր ծառայող զինվորներն ու գերիները թող տուն վերադառնան, որ բոլոր մայրերը կարողանան ավելի հանգիստ լինել:
Դերասանուհու կերպարի և մարդ տեսակի մասին խոսելիս կուզեի հիշել աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի այս կարևոր խոսքերը, որոնք պատգամի նման իր կյանքում կատարում և այդպես էլ ապրում էր Լուսինե Կիրակոսյանը.
«Մի նեղացրեք մարդուն: Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշը»: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ և լավ մարդիկ: Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամենայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ»:
***
Մինչդեռ սա մի հասարակություն է, որտեղ լուսավոր մարդիկ այդպես էլ չեն հասցնում խաղալ իրենց վերապահված ամենակարևոր դերը: Գրեթե միշտ ուշանում ենք շնորհաշատ մարդկանց գնահատելիս:
***
Լուսինե Կիրակոսյանի հիշատակի օրն է, և սա առիթ է մեկ անգամ ևս խոսելու նրա մասին։
Ես զրուցել եմ դերասան Ռազմիկ Հովհաննիսյանի հետ։ Նա այն մարդկանցից է, ով մշտապես եղել է դերասանուհու կողքին, մշտապես առնչվել նրա հետ։ Անգամ սերունդների տարբերությունը խոչընդոտ չի եղել, որ երիտասարդ դերասանը արտիստուհու մասին խոսելիս գործածի «Իմ ընկերը» արտահայտությունը։ Դա գալիս է նրանից, որ Լուսինե Կիրակոսյանն ի՛նքն էր պարզ ու անմիջական տեսակ:..
Եվ Լուսինե Կիրակոսյանի տեսակը ապրեցնելու համար նա մշտապես ներկայացնում է արտիստուհու լուսանկարները, տեսագրություններ, որոնք հենց ի՛նքն է արել և պարբերաբար հրապարակում է, որոնց շնորհիվ մենք մի նոր գույն ենք բացահայտում Լուսինե Կիրակոսյան-կերպարի մեջ։

Ներկայացնում եմ դերասան ՌԱԶՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ իմ զրույցը.

- Հարգելի Ռազմիկ, երկու տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը` մեր մշակութային կյանքի լուսավոր տեսակներից մեկը։
Եվ Դուք բացառիկ առիթ եք ունեցել նրան ավելի մոտիկից ճանաչելու։ Ինչպիսի՞ն եք բացահայտել արտիստուհու կերպարը Ձեզ համար, իր մարդկային գծերը, որոնք գուցե աննկատ են մնացել ուրիշներին։
- Հարգելի Հասմիկ, նախ շնորհակալ եմ այս հնարավորությունն ընձեռելու համար, քանի որ շատ բան կա պատմելու սիրելի ընկերոջս՝ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի մասին: Կարծում եմ` բոլորը գիտեն նրա կենսախինդ տեսակի, վարակիչ ծիծաղի մասին: Բայց այդ ամենում կար թաքուն թախիծ` ինչ-որ տեղ պահված, որի մասին քչերը գիտեին: Գրեթե ամեն օր խոսում էինք հեռախոսով, հաճախ հանդիպում: Պիտի նշեմ, որ շատ հյուրասեր էր և շատ համեղ էր պատրաստում... այնքա՜ն սեր էր դնում իր պատրաստածի մեջ, որ անհնար էր այն համեղ չլիներ:
Այո, նա անմիջական մարդ էր ու դրանով էր նաև սիրելի:
Նվիրված էր իր սիրելի մարդկանց. դա ի՛ր էությունն էր, արյան մեջ էր և ջնջել հնարավոր չէր:
- Լուսինե Կիրակոսյանը, ինչպես գիտենք, ուներ տխուր ճակատագիր։ Սակայն, այնքան լուսավոր ներաշխարհ, որ ուներ տիկին Լուսինեն, շատ քչերին է բնորոշ։ Ըստ Ձեզ, ո՞րն էր նրա մարդկային ֆենոմենը, որ լինելով բազում չիրականացած երազանքներով, անգամ իր արվեստի ասպարեզում այդպես էլ լիարժեք չբացահայտված չստացած ու արժանի գնահատականը չնվաճած արվեստագետ` մնաց աշխարհի հանդեպ սիրով լի ու երբեք չփոխվեց նրա տեսակը։
- Գիտե՞ք, Աստծով ապրող մարդիկ միշտ ապավինում են Նրան: Երբեք հույսը չեն կորցնում: Նա ապրում էր Աստծո այդ հույսով ու հավատով:
Եվ այո, կարողանում էր անգամ լուսանկարների միջոցով փոխանցել այդ սերը` իր ներսի լույսը (մեծ մասը ես եմ նկարել). նա կարողանում էր սիրով, ծիծաղով և ջերմությամբ լցնել իր շուրջը:
Համամիտ եմ, այո, որպես դերասանուհի, ցավոք, մինչև վերջ չբացահայտվեց։ Նա շատ ավելին կարող էր տալ ժողովիդին, հայ թատրոնին: Բայց նրան չներեցին իր տաղանդի, տեսակի և անփոփոխ էության համար: Ես նրա ծննդյան տարդարձերին, ուրիշ առիթներին շատ եմ տեսել` ինչպես էր կարդում մենախոսություններ տարբեր կերպարներից, ինչպե՜ս էր կարդում պոեզիա... դա էր իսկական իրական հզոր դերասանուհին, ում, ցավոք, ժողովուրդը մինչև վերջ չբացահայտեց:
- Ձեր էջում միշտ կարելի է տեսնել տիկին Լուսինեի մասին պատմող նյութեր` անկախ իրեն նվիրված ծննդյան ու հիշատակի օրերից։ Արդյո՞ք սա Ձեզ մոտ հոգու պարտք չէ` մշտապես հիշեցնելու ժողովրդին, որ մեր կողքին եղել է և մեր սրտում կա մի ինքնատիպ արտիստուհի, ում կյանքի օրոք այդպես էլ ազգը չբացահայտեց իր իրական մեծ ներուժով, հաճախ չեղավ բեմում և ինքն էլ միշտ մեծ ցավով էր խոսում մեր մշակութային կյանքի բազմաթիվ այդպիսի դրսևորումների մասին։
- Այո, շատ եմ տեղադրում, բայց այդ ամենին զուգահեռ կա նաև մի բան, որ հարազատիդ, ընկերոջդ մասին պիտի շատ խոսես` անկախ նրանից ժողովուրդը ճանաչու՞մ է, թե՞ ոչ: Ժողովուրդը նրան սիրում է, և չի մոռացել, նա մոռացության երբեք չի մատնվի: Նրա խաղացած կերպարները պիտի փաստեն իր անտես գոյության մասին։
- Մենք գիտենք, որ Լուսինե Կիրակոսյանը փայլուն արտիստուհի լինելուց բացի ամենից առաջ շատ հետաքրքիր մարդ էր, ում զրույցները կյանքի մասին ուսանելի էին։ Ո՞րն է եղել այն ամենակարևոր խորհուրդը, պատգամը, որ ստացել եք իրենից և ամբողջ կյանքում կտանեք Ձեզ հետ։
- Մենք շատ էին զրուցում, գրեթե թեմա չի եղել, որ չխոսենք և, այո, խորհուրդներ տվել` սիրել, ներել ապավինել Աստծուն, երբեք հույսդ չկորցնել:
Հիշում եմ ` թատերական ինստիտուտի ընդունելության քննությանը եկել էր, ինչքան ուրախ էի, ինձ վստահ էի զգում, որ կողքիս նման ընկեր կա: Երանելի էր դա ինձ համար:
- Դուք նոր սերնդի արվեստագետներից եք։ Ըստ Ձեզ, որտեղի՞ց է գալիս այն իրողությունը, որ մենք հաճախ չենք կարողանում մեր ազգի լավագույն մարդկանց գնահատել իրենց կյանքի օրոք։ Ինչպե՞ս կարող ենք փոխել այս իրականությունը, որ մեր ազգի ընթացքն էլ լինի ավելի ամուր հիմքերի վրա։ Տիկին Լուսինեն այս մասին մեկ անգամ ևս խոսելու օրինակն է։
- Գիտեք, այդ հարցի պատասխանը պարզապես սիրելն է, և որպես գործողություն, քանի որ սերը գործողություն է: Շա՛տ սիրեք, գնահատեք, ներեք, եղեք` այստեղ և հիմա: Այսպես էր ապրում տիկին Լուսինեն։ Վստահ եմ, եթե նրա հետ էլի շփվեի դեռ որքա՜ն շերտեր կբացահայտեի:

***
Մենք Լուսինե Կիրակոսյանին կհիշենք թատրոնի բեմից ու էկրանից մեզ ընծայած բոլոր կերպարներով և այն դերերով, որոնք երազեց ու այդպես էլ չհասցրեց խաղալ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8531

Մեկնաբանություններ