Ցանկացած մարդկային համակարգ, լինի այն անհատ, մարդկանց խումբ, պետություն կամ քաղաքակրթություն, կարող է երես առնել, որն արտահայտվում է ամենատարբեր ձևերով՝ մեծամտանալով, շրջապատին իր արժանիքները գերազանցող պահանջներ ներկայացնելով, մյուսներին անհիմն արհամարհելով և այլն։
Հասարակական, պետական ու քաղաքակրթական մակարդակներում նման երես առնելու երևույթն ունի հիերարխիկ բնույթ, և որը բավականին լավ կորելյացիա ունի ուժային հիերարխիայի հետ։
Երեսառածության երևույթի հիմնական պատճառն այն է, որ երես առածը պատիժ չի ակնկալում ուրիշներին որևէ ձևով ճնշելու դիմաց, և դա նրան թև է տալիս ծավալվելու այդ նույն ուղղությամբ։
Այս առումով ավելի ակնհայտը երես առած երեխայի օրինակն է, որը ծանոթ է բոլորին, բայց և որի առաջացման ու փարթամանալու մեխանիզմները ունեն ունիվերսալ բնույթ և կարող են տարածվել բոլոր տեսակի մարդկային համակարգերի վրա՝ նրանց վարքը հասկանալու համար՝ ընդհուպ մինչև հասարակական, պետական ու քաղաքակրթական մակարդակներ։
Քաղաքակրթական մակարդակում երեսառածության մեխանիզմները սերտորեն կապված են պարադիգմային այլ մեխանիզմների հետ, և երեսառածությունը իր պիկին է հասնում քաղաքակրթական հզորության պիկից հետո, քանի որ այստեղ ևս աշխատում են իներցիոն մեխանիզմներ։
Բացի դրանից, հզորների ծաղկուն երեսառածությունն իր մեջ արդեն պարունակում է քաղաքակրթական անկման սաղմեր, քանի որ դրանք ճնշվողներին արթնացնող ու ավելի ու ավելի կուտակվող պոտենցիալ են կրում իրենց մեջ։
Ուժային հիերարխիայի ներքին օրինաչափությունները լավ չհասկանալու ու անտեսելու իմաստով մենք էլ ունենք երեսառածության հետ կապված պրոբլեմներ, որոնց հիմնական պատճառը այն է, որ մեր կյանքի անվտանգությունը վերջին 200 տարում ռուսներն են ապահովել, որը մեզ համար սովորական ու ինքնին հասկանալի բան է դարձել։
Բայց աշխարհում ուժերի դասավորությունը փոխվելու հետ կապված տեկտոնիկ տեղաշարժեր են տեղի ունեցել նաև մեր տարածաշրջանում, որը չհասկանալու պատճառով եթե առաջ մենք, թիկունք ունենալով ռուսներին, հոխորտում էինք միայն թուրքերի դեմ, ապա հիմա դրան ավելացել է նաև հոխորտանքը ռուսների դեմ, որը լավ բան չի խոստանում։
Խորքայինը չհասկանալու պատճառով և երեսառածության չնչին պոտենցիալով առաջնորդվելով, ժուլիկային «շուստրի» քայլերով գնում ենք դեպի մեծ փոսը։
Պավել Բարսեղյան