ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Արևը սիրում է մեզ, դրա համար էլ էդքան աչք կա մեր էս մի կտոր քարքարոտ հողի վրա

Արևը սիրում է մեզ, դրա համար էլ էդքան աչք կա մեր էս մի կտոր քարքարոտ հողի վրա
21.12.2024 | 07:37

Էսօր տարվա ամենակարճ օրն ա։ Վաղվանից օրերը սկսում են երկարել, իսկ մի երկու շաբաթից արդեն տարբերությունը կզգացվի։ Հանկարծ կնկատենք, որ էն ժամին, երբ պետք ա արդեն մութ լիներ, դեռ լույս ա։ Ու չենք հասկանա՝ ինչ անենք էդ ավելացած լույսի հետ, որովհետև արդեն վարժվել ենք կարճ օրվա մեջ ցերեկը տեղավորելուն։ Դեռ ահագին ժամանակ կանցնի, մինչև նորից սովորենք գիշերից ազատագրված լուսավոր ժամերն իմաստավորել ու գումարել ցերեկվա ժամերին։ Մինչև սովորենք, գարունը կգա։

Պատկերացնում ե՞ք՝ ձմռանը Սկանդինավյան երկրներում ցերեկվա ժամը երկուսից արդեն մութ ա։ Գիշերը գալիս խրվում ա ցերեկվա մեջ ինչպես թանաքն ա լցվում բաժակով ջրի մեջ։ Մարդիկ սովորել են դրան՝ մթության մեջ են շարունակում օրը, գիշերակյաց կյանք են վարում։ Իսկ մեր մոտ նույնիսկ տարվա ամենակարճ օրն առավոտվա ժամը ութից մինչև երեկոյան հինգը լույս ա։ Դա մեր օրվա մշտալույս մասն ա, երբ ամառ-ձմեռ լույս ա։ Տեսնում ե՞ք՝ մեզ ինչքան լույս ա բաժին ընկել։ Ուրիշները հանածո ունեն, իսկ մենք լուսածո, օրհնածո ունենք։ Ճիշտ ա՝ մենք էլ սպիտակ գիշերներ չունենք. հա՛, բան չունեմ ասելու, սիրուն ա, բայց ու՞մ ա պետք գիշերը, երբ աստղեր չկան։ Էդ նույնն ա, ինչ երազում ննջարանիդ դատարկ առաստաղը տեսնես։

Բայց մենակ լույսը չի։ Շատ երկրներում մարդիկ շաբաթներով արև էլ չեն տեսնում։ Լույսը բացվում ա, իսկ արևը՝ գողեգող ամպերի հետևը թաքնված, դալուկ, փայլատ լույսով լուսավորում ա էդ մի քանի ժամն ու կեսօրից մի քիչ անց մայր մտնում։ Ասես արև չի էլ եղել։

Երբ Դանիայում էի, շլացել էի նարնջագույնի առատությունից։ Չորս կողմը նարնջագույն էր՝ մարդկանց շորերը, փողոցները, տները։ Նարնջաշոկ էի ապրում։ Ի՞նչ են անում էդքան նարնջագույնը։ Հետո՛ հասկացա։ Ախր... Ախր, էդ մարդիկ արևի երես չեն տեսնում։ Արևի ծարավ են ու աջուձախ արև են նկարում, որ մի քիչ կարոտներն առնեն, ջերմանան՝ արև են հագնում, արև են քշում, արև են երգում, արև են զառանցում, արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ... Մի օր արևը մի կես ժամով ամոթխած գլուխը հանեց ամպերի հետևից՝ մի թեթև օրը բացվեց։ Դանիացի գործընկերս ասում ա՝ զարմանում ե՞ս, որ մեր մոտ էլ ա լավ եղանակ անում։ Ասեցի՝ չէ՛, զարմանում եմ, որ դու սա լավ եղանակ ես համարում։

Հա՛, զարմանում եմ, որովհետև մեր մոտ արևն ինքն ա իրան նկարում լուսաբացի երկնակամարի ծայրին ու դանդաղ, ալարկոտ, երկար ժամերով լողում դեպի մայրամուտ։ Թե ճամփին ամպի մի երկու մոլորված պատառիկ էլ հանդիպի, մի կողմ են քաշվում ու ճանապարհը զիջում։ Մեր արևը շատ ա, մենք արևից երես առած ենք։ Մեր արևն էնքան շատ ա, որ բողոքում ենք ու թաքնվում արևից։ Մեր արևն էնքան շատ ա, որ քարերն ա վարդագույն ներկել, էնքան շատ ա, որ ջրի մեջ ա լցվում ու քաղցրացնում, որ պայթում ա ծիրանի ու դեղձի միջից, քարից նուռ ա հանում։ Մենք արևը քսում ենք հացին ու ուտում, արևով լողանում ենք, արևից տուն ենք սարքում։ Արևը սիրում ա մեզ։ Դրա համար էլ էդքան աչք կա մեր էս մի կտոր քարքարոտ հողի վրա։ Իսկ մենք՝ փոխանակ համախմբվենք ու պաշտպանենք մեր արևաթաթախ, արևաշաղ, արևով օծված հողը, տուտուզներս ենք կսմթում, որ մեզ աչքով չտան։

Հա՛, երկրագնդի վրա բոլոր երկրներում օրը 24 ժամ ա, բայց օրվա որակը տարբեր ա։ Մեր 24 ժամը կազմող րոպեներն արևի ճառագայթներից են հյուսված, ամենաթանկն են՝ Made for Armenia։

Բայց ամեն տեղ չի, որ օրը 24 ժամ ա։ Շատ հեռու չգնանք, Արեգակնային համատիրության մեր մոտակա հարևան Վեներայի վրա մի օրը հավասար ա 243 երկրային օրվա։ Երևի էդ մարդիկ, որ քնից զարթնում են, չորս օր հորանջում են, մի հինգ օր ձգմգվում, երկու օր մաշիկներն են հագնում։ Բա քանի՜ օր են զուգարանում նստում։ Իսկ պատկերացնում ե՞ք՝ մի օրում քանի անգամ կարելի ա Ֆեյսբուք մտնել ու դուրս գալ. Ցուկենբերգն ուղեղի ցնցում կստանա դրանց հետևելով։ Բա քանի՜ անգամ կարելի ա ուտել... Ու ամեն օր խաշի սեզոն են բացում, գժվել կարելի ա, երևի ամբողջ Վեներայից սխտորի հոտ ա գալիս։ Աստղագնացները հաստատ էդ բանը գիտեն ու չեն ուզում էդ կողմերը գնան, որ հոտից չխեղդվեն, դրա համար էլ մենք մինչև հիմա չենք ճանաչում մեր վեներական հարևաններին։

Ու փաստորեն՝ էդ խեղճերը ոչ մի անգամ Նոր տարի չեն անում՝ ո՞վ 365 անգամ 243 օր կապրի, մինչև տարին լրանա, հո կոտոշ չեն հանելու։ Երևի իրանք բուդն ու սալաթը սովորական օրերին են ուտում, իսկ մանդարինը՝ մայիսի 1-ին՝ չորս օր կլպում են, հինգ օր լպստում ու մի շաբաթ ուտում։

Իսկ ես արդեն կամաց-կամաց պատրաստվում եմ Նոր տարվան։ Շատ բան չեմ առնում, բայց առանց սալաթի ու բաստուրմայի ի՜նչ Նոր տարի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7448

Մեկնաբանություններ