Մեզ մոտ սովորական բան է դարձել առանց բավարար գիտելիքներ ունենալու, հաճախ էլ բացարձակապես տգետ լինելով, լուրջ բաների մասին դատարկախոսելը։
Այդ ասպարեզում առավոտից երեկո զբաղված բոլորը, հաստատ իմանալով, որ իրենց ասածը ոչ լուրջ իմաստ ու արժեք ունի և ոչ էլ կարող է կյանքում որևէ ազդեցություն ունենալ, ժրաջանորեն շարունակում են նույն բանը։
Մյուս կողմից էլ գիտենք, որ եթե մարդ արարածը իր արած բանից ինչ-որ իմաստով օգուտ չունենա, նա պարզապես չի շարունակի այդ բանն անել։
Բայց քանի որ մարդը շարունակում է այն, ուրեմն, այնուամենայնիվ, նա ինչ-որ օգուտ ունի դրանից։
Եվ բնական հարց է առաջանում, թե ո՞րը կլինի այդ անիմաստ զբաղմունքից եկող օգուտը, քանի որ, մյուս կողմից էլ, մարդկանց կողմից անիմաստ էներգիա ու ժամանակ կորցնելը հասարակության ու երկրի համար հսկայական կորուստ է։
Այս ֆենոմեն-երևույթը կարելի է փորձել հասկանալ՝ հենվելով մարդկանց ընդհանուր բնույթի ձգտումների հիմքում ընկած մոտիվացիայի անալիզի վրա։
Մարդու վարքի բացատրության ամենաընդհանուր սկզբունքը հասարակության մեջ ու իր նեղ շրջապատում, իր հնարավորության սահմաններում, հնարավորինս ավելի ազդեցիկ ու հարգված լինելն է, մի հանգամանք, որը կարող է բարձրացնել մարդու կյանքի որակը ու դրանից ստանալ բավարարվածություն ու հաճույք։
Բայց երբ որ մարդու արած որևէ բանը չի նպաստում նրա կյանքի որակի բարձրացմանը, բայց, այնուամենայնիվ նա շարունակում է նույնը, ապա այս կարգի երևույթը կարող է բացատրվել համեմատաբար ավելի ցածր կարգի սկզբունքով, այն է՝ ուրիշների կողմից արևի տակ հնարավորինս նշմարելի լինելու միտումով, որն էլ կարող է տալ օգուտ հիշեցնող ու հաճույք պատճառող ինչ-որ մի բան։
Իսկ աննշան օգուտով մոտիվացվող կյանքը խոսում է հասարակության մակարդակով խորին ճգնաժամի մասին։
Պավել Բարսեղյան