Հայուհիները և աշխարհի կանայք
											 
													13.03.2020 | 03:25
						Հայաստանի  ազգային գրադարանում օրերս տեղի ունեցավ «Հայուհիները և աշխարհի  կանայք»  խորագիրը  կրող ցերեկույթ, որը կազմակերպել էին Հայաստանի ազգային գրադարանը, Հովհաննես Թումանյանի թանգարանը և «Հայուհիների համահայկական միություն» ՀԿ-ն: Վերջինիս հիմնադիր նախագահ Շողանե Մելքոնյանը ներկայացրեց  միջոցառմանը ներկա օտարազգի բանախոսներին, նշեց, որ նրանցից  ոմանք երկար տարիներ  ապրում ու  աշխատում են Հայաստանում,  ճանաչում են հայ կանանց և լավագույնս  կկարողանան բնութագրել հայուհիներին:
Հայաստանում  հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը (Ֆելլեր)   Հայաստանում է  ապրում արդեն 50 տարի: Ամուսինը հայ է, ունի 2 տղա և թոռ: Նա համոզված է, որ   հայ և հրեա  ժողովուրդները նման են իրար իրենց պատմությամբ և ճակատագրով: Չի հավանում  ուժեղ («տղամարդ») կանանց ու շատ է կարևորում աղջիկների դաստիարակությունը: 
Սլավոնական համալսարանի դասախոս, հնդկուհի  Սանտոշ Կումարու խոսքը շատ հուզիչ էր. «Սանկտ-Պետերբուրգում սովորելու տարիներին ուսումնասիրեցի հայ ժողովրդի պատմությունը և հասկացա, որ մենք իրար շատ նման ենք, ու ձեզ շատ սիրեցի: Դուք էլ մեզ նման խաղաղասեր եք և գրեթե միշտ պաշտպանվողի դերում եք: Դուք իմն եք: Տարիներ առաջ, երբ ես չէի  ուզում ապրել, ինձ օգնության ձեռք մեկնեց մի հայուհի: Համոզված եմ, որ այդ կնոջն Աստված էր ուղարկել, ու նրա շնորհիվ ես հաղթահարեցի այդ վիճակը: Դուք հին, արքայական ազգ եք, հին հոգիներ եք. թագավոր չեն դառնում, ծնվում են: Ամեն գիշեր լուսացնելիս՝ մի քանի միլիոն մարդկանց աչքեր չեն բացվում, եթե մեր աչքերը բացվել են,  պետք է Աստծուն փառք տանք, շնորհակալ լինենք»: 
Հայաստանում վրացական համայնքի  փոխնախագահ, Վրաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին ասաց, որ ծնվել և սովորել է  Վրաստանում, սակայն 35 տարի է, ինչ  ապրում է  Հայաստանում: Հայ կնոջ մասին առաջին տպավորությունը իր  մեջ ձևավորվել է այն ընտանիքում, ուր ինքը  հարս է գնացել: Նրա կարծիքով` հայ կանայք շատ աշխատասեր, բարի, առաքինի կին և մայր են: Ասաց, որ դարեր շարունակ  հայերն ու վրացիները կողք կողքի են ապրել և շատ ընդհանրություններ  ունեն: Երկու երկրներն էլ պայքարել են  հայրենիքի, կրոնի, լեզվի պահպանության համար: ՈՒնեն ընդհանուր սուրբ՝ սրբուհի Շուշանիկը, որը հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր: Նա ապրել է 5-րդ դարում: Վրացական եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, քանի որ  նա պայքարել է  հավատքի համար: Սեպտեմբերի 10-ին Սուրբ Շուշանիկի օրն է նշվում Վրաստանում: 
 Նինո Սպանդերաշվիլին հիշեց նաև, ինչպես  հայ կանայք  կարողացան արժանապատվորեն հաղթահարել բոլորիս հայտնի մութ ու ցուրտ տարիները: Իր խոսքի վերջում կարդաց Վահան Տերյանի   «Ո՞վ կարող է չսիրել ձեզ»  բանաստեղծությունը, որը վրացերեն է թարգմանել կանանց միջազգային օրվա առթիվ: 
Կոնսերվատորիայի իրանցի դասախոս  Սեյեդեհնասիմ Ֆաթեմին  շնորհակալություն հայտնեց  հայուհիներին,  որոնք Հայաստանում ապրած 9 տարիներին  շատ են օգնել իրեն`  մոր և քրոջ պես: 
Քրդական «Զագրոս» պաշտոնաթերթի պատասխանատու Լիաննա Մհոյանն ասաց, որ  ինքը  քրդուհի է, կրոնական պատկանելությամբ՝ եզդի: Նրա կարծիքով` հայ կանայք հաջողակ և ակտիվ են բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ: Հուսով է, որ մի օր էլ իր հայրենակցուհիները հայուհիների պես կկարողանան կարծրատիպեր կոտրել: 
Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը շնորհավորեց կանանց տոնն ու միջոցառումն ամփոփեց Գրիգոր Զոհրապի  «Գեղեցիկ կինը ժպտացող կինն է» խոսքերով:
 
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ