ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կհամոզի՞ Սերժ Սարգսյանը Պուտինին

Կհամոզի՞ Սերժ Սարգսյանը Պուտինին
02.09.2013 | 15:43

Վաղը Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա: Նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ: Առաջիկայում սպասվող զարգացումների ֆոնին այս այցը բավականին ուշագրավ է: Տևական շրջան Հայաստանի քաղաքական օրակարգը «զբաղված» է մեկ հարցով` ստորագրե՞լ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ: Արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում այցի հնարավոր հետևանքների մասին: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ, հայ-ռուսական հարաբերությունների վերջին քսան տարվա ընթացքում այս այցը «ինտրիգային» է:

«Այս այցը նախորդում է վիլնյուսյան գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու են ճակատագրական հարցեր: Հանդիպման ընթացքում օրակարգային գլխավոր հարցը լինելու է Հայաստան-ԵՄ, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները»,- irates.am-ի հետ զրույցում վստահեցրեց Սուրենյանցը` նշելով, որ կա երկու հնարավոր տարբերակ:
Առաջինի դեպքում, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը հավատարիմ կմնա իր նեոկայսերական քաղաքականությանը և ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա: «Այսինքն, Սերժ Սարգսյանի առջև «կամ-կամ»-ի դիլեման են դնում: Սա արդյունավետ մոտեցում չէ, բայց և լավատես չեմ, որ ռուսները նոր իրողությունների հետ հաշվի կնստեն: Սա վատագույն սցենարն է, որի դեպքում Հայաստանն ունի երկու տարբերակ. տեղի տալ ռուսական ճնշմանը` ճգնաժամ հարուցելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում, կամ սեփական անկախության արժեքը գիտակցել և հասկացնել Կրեմլին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե Մոսկվայում, այլ Հայաստանում է որոշվում»,- փաստեց քաղաքագետը:
Երկրորդ սցենարի պարագայում, ըստ Սուրենյանցի, Սերժ Սարգսյանին կհաջողվի ռուսաստանցի իր գործընկերոջը համոզել, որ խնդիրը «և-և»-ի մեջ է, ու Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը չի կարող խաթարել հայ-ռուսական հարաբերությունները:
Քաղաքագետը, այսուհանդերձ, այնքան էլ չի հավատում, որ Սերժ Սարգսյանին կհաջողվի համոզել Պուտինին: «Այն, ինչ Ռուսաստանն ՈՒկրաինայի նկատմամբ է անում (նկատի ունեմ մի քանի շաբաթ շարունակվող մաքսային պատերազմը), ինչպես նաև Բելառուսի, որը, ի դեպ, եվրաինտեգրման նկրտումներ չունի, չեմ կարծում, որ մոսկովյան այսօրվա իսթեբլիշմենտը պատրաստ է ռացիոնալ քաղաքականություն վարելու: Հայաստանի նկատմամբ ճնշումներ լինելու են: Պիտի կարողանանք Հայաստանում այնպիսի հասարակական-քաղաքական միջավայր ձևավորել, որ Սերժ Սարգսյանը կարողանա «ոչ» ասել Մոսկվայից եկող հնարավոր մարտահրավերներին»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ