«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Պոմիդորահեն» տնտեսությունն ու «զոքանչասեր» միլիոնատերերը

«Պոմիդորահեն» տնտեսությունն ու «զոքանչասեր» միլիոնատերերը
09.06.2016 | 23:41

2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունն ընդդիմադիր պատգամավորներին հիշեցրեց հուսահատ մի փաստաթուղթ, որը քննարկվեց դատարկ դահլիճում:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ նկատեց, որ քննարկումները սարսափելի ձանձրալի էին, հիշեցնում էին ուսումնարանի հաշվապահական հաշվառման դասընթացները, հետո էլ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է և կատարողականը պարտավոր են ներկայացնել ոլորտի քաղաքական պատասխանատուները, ոչ թե տեղակալները:

Անցնելով կոռուպցիայի դեմ պայքարին, պատգամավորը շեշտեց. «Երբ ասվում է, որ 3-շաբաթյա ժամկետ ենք տալիս ՀՀ-ում մենաշնորհները հայտնաբերելու համար, կներեք, ես իրավունք ունեմ դրան չհավատալու, որովհետև ոչ մի րոպե պետք չէր տալ մոնոպոլիաները գտնելու համար: Եկեք միասին դուրս գանք Բաղրամյան փողոց և միջին վիճակագրական քաղաքացուն հարցնենք, թե ովքեր են ՀՀ-ում մոնոպոլիստները: Պետք չէր Արտակ Շաբոյանի առջև խնդիր դնել, որ հայտնաբերի մոնոպոլիստներին: Չկա վստահություն հռչակված պայքարի արդյունավետության մասով»: Նաիրա Զոհրաբյանը չխնայեց նաև «զոքանչասեր» պաշտոնյաներին. «Այդ ինչպե՞ս է լինում, որ մարդը ստանում է պաշտոն, նրա զոքանչը, որը 3 տարի առաջ Արաբկիրի շուկայում գազար էր վաճառում (գազար վաճառելու մեջ վատ բան չեմ տեսնում), ինչպե՞ս կարող է գազար վաճառողը մի տարի հետո հայտարարագրերով լինել միլիոնատեր: Ես որքան ուսումնասիրել եմ մեր միլիոնատեր ու միլիարդատեր պաշտոնյաների կենսագրությունը, նրանցից ոչ մեկը ոչ Մանթաշովի թոռն է եղել, ոչ գանձ է գտել, ոչ էլ ժառանգություն է ստացել, չգիտես ինչու, նրանց բաջանաղները, քենիները, հատկապես զոքանչները, միլիոնատեր են դառնում: Պաշտոնյաները ինչ-որ վստահություն ունեն զոքանչների հանդեպ և իրենց ունեցվածքի գերակշիռ մասը ձևակերպում են զոքանչների անունով, հիմա այդ հարցը ո՞նց է լուծվելու»:


Իսկ Նիկոլ Փաշինյանը է՛լ ավելի սրեց իրավիճակը.
«Հայաստանում ստեղծել են «պոմիդորահեն» տնտեսություն: Արդյոք մենք կարո՞ղ ենք ունենալ ագրարային տիպի երկիր՝ նույնիսկ ամենաարտահանելի ծիրանով ու պոմիդորով: Քառօրյա պատերազմը տվեց այս հարցի պատասխանը՝ այսպիսի Հայաստանը՝ ագրարային նրբերանգներով, շանս չունի գոյատևելու այս տարածաշրջանում, որովհետև Արևելքում, Արևմուտքում, Հյուսիսում ու Հարավում կան երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը խժռելու պահը՝ որպես բանջարաբոստանային մթերք: Մենք պետք է ջարդենք մեր դեմ սրած ատամները, սա ոչ թե լոպազության, այլ լինել-չլինելու հարց է»:


Անդրադառնալով կոնկրետ անձանց` առանց անուները հիշատակելու, պատգամավորը նշեց. «Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե մարդիկ, որոնց ուշքն ու միտքը պոմիդորի միջազգային գներն են ու հոծ գիծ տրորողներին հանուն ընտանեկան բարեկեցության քերթելը, այլ նրանք, ովքեր ՀՀ-ն տեսնում են բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ