Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պետք է բացառվի «Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններ» ասվածը»

«Պետք է բացառվի «Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններ» ասվածը»
24.01.2017 | 01:41

Թե խորհրդարանական այս ընտրություններում քաղաքական ուժերն ինչ գաղափար կամ խնդիր կկարևորեն, կերևա առաջիկայում։ ՀԱԿ-ի պարագայում, օրինակ, առաջնային համարվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ սեփական դիրքորոշման հստակեցումը։ Քաղաքական որոշ ուժեր, վերլուծաբաններ քննադատաբար մոտեցան այս «տարբերակմանը»՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չպետք է ընտրապայքարում «մատի փաթաթան» դարձնել ու անվերջ շահարկել։ Այս հարցի շուրջ զրուցեցինք ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

-Պարոն Բաբայան, ի՞նչ եք կարծում, արժե՞ խորհրդարանական ընտրություններում քաղաքական պայքարը տեղափոխել «հող տալու-չտալու» հարթություն։ Հայաստանյան ընտրություններում արդյոք թիվ մեկ խնդիրը ղարաբաղյան հիմնախնդրի արծարծո՞ւմը պետք է լինի։
-Արցախյան հիմնախնդիրը հայության համար առաջնային հարցերից մեկն է, այնպես որ քաղաքական կարևոր գործընթացներում, նաև ընտրություններում, անհնար է խուսափել այդ խնդրի քննարկումից։ Սա բնական երևույթ է և առնչվում է ողջ հայությանը, մեր անվտանգության ապահովմանը։ Այլ խնդիր է, որ հիմնախնդիրը չպետք է շահարկման հարց դառնա, ինչին, դժբախտաբար, երբեմն ականատես ենք լինում։ Շատ ժամանակ սադրիչներ են ի հայտ գալիս, աննորմալ գաղափարներ են սկսում հայտնել։ Այդպիսիք բարոյահոգեբանական վատ վիճակում գտնվող ուժեր կամ անհատներ են։
-Ո՞րը պետք է «թիրախում» լինի, ղարաբաղյան հիմնախնդի՞րը, թե՞ հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակը։
-Իհարկե, կարևոր է ղարաբաղյան հիմնախնդիրը, բայց սա չի նշանակում` որպես թեմա այն դիտարկել և չանդրադառնալ մյուս հարցերին։ Ընտրությունները մայր Հայաստանի ներքին քաղաքական խնդիրների վերհանման հարթակ պետք է լինեն, հանրային քննարկումներ են անհրաժեշտ և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Ընդհանրապես կարծում եմ, հայ ժողովրդի առջև ծառացած է չորս կարևորագույն համազգային խնդիր` արցախյան հիմնախնդիրը, ցեղասպանության ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը սփյուռքում և Սևանա լճի փրկությունը։ Սրանք համազգային հարցեր են, որոնց առնչությամբ միասնականություն պետք է լինի` առանց ընդդիմություն-իշխանություն առճակատման։
-Ընտրապայքարի ելած ուժերը առաջնորդվելու են այդ չորս հարցերո՞վ, թե՞ միայն իշխանության դեմ պայքարն են «համազգային» հարց դիտարկում։
-Քարոզարշավը նոր է սկսվում և դեռ վաղ է ընդդիմադիրների պայքարին գնահատական տալ։ Իհարկե, այդ չորսի մեջ գերակա է արցախյան հիմնախնդիրը, բայց, կարծում եմ, քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է խոսեն մնացած երեքի մասին ևս։ Ի վերջո, քաղաքական օրակարգը պետք է ներառի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին խնդիրներ։ Լավ կլիներ, որ անդրադառնային այս համազգային հարցերին, ինչպես նաև ոչ պակաս կարևոր ներքին խնդիրներին։
-Ընտրական պայքարի մեջ է մտել նաև ժամանակին ԼՂՀ իշխանության ներկայացուցիչ, տարիներ շարունակ զինվորական բարձր դիրք զբաղեցրած Սեյրան Օհանյանը։ Նրա առնչությամբ ինչպիսի՞ վերաբերմունք կա ԼՂՀ-ում։ Նրա մուտքը հայաստանյան քաղաքական կյանք ի՞նչ է խոստանում, այդ թվում` արցախյան հիմնախնդրի հարցում։
-Ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Սեյրան Օհանյանը վաղուց հայկական քաղաքական դաշտում է՝ պաշտպանության նախարար, մինչ այդ` գլխավոր շտաբի պետ, այսինքն, արցախյան քաղաքական համակարգից վաղուց է դուրս եկել։ Սա ժողովրդավարական երկիր կառուցելու իր ընտրությունն է, ամեն մարդ ունի սեփական տեսլականը, հնարավորությունների և պարտականությունների չափը։ Ավելին չեմ կարող ասել։ Ժամանակը ցույց կտա, թե Օհանյանը որքանով հետամուտ կլինի իր նախընտրական ծրագրերի իրականացմանը։
-Այս ընտրություններից հետո ԼՂՀ-ն ի՞նչ շտկումներ, ուղղորդումներ կցանկանար տեսնել Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում։
-Կարծում եմ, իսպառ պետք է բացառվի, վերացվի «Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններ» ասվածը։ Ի՞նչ է, մենք հայ չե՞նք։ Ցանկացած նման մոտեցում պետք է բացառվի։ Մնացածի առումով կցանկանայինք, որ Հայաստանում ընտրական նորմալ զարգացումներ լինեին։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ