Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լավ կազմակերպված, բայց ընտրակաշառքներով ընտրություն

Լավ կազմակերպված, բայց  ընտրակաշառքներով ընտրություն
04.04.2017 | 01:31

Երեկ ողջ օրը իրար հաջորդում էին միջազգային ու տեղական դիտորդների, ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի հայտարարությունները։
Նախ ԵԱՀԿ ՄԽ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽ դիտորդների արձանագրած թերությունները։ Նրանք ամենից շատ կենտրոնացել են ընտրակաշառքի բաժանման փաստի վրա։ «Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները։ Չնայած իրավական շրջանակի հավանությանն արժանացած բարեփոխումներին և ընտրական անճշտությունները նվազեցնելուն ուղղված նոր սարքավորումների ներդրմանը, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների, մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումները»,- ասված է միջազգային դիտորդների հայտարարությունում, շեշտադրմամբ, որ Հայաստանում նոր քաղաքական համակարգ է կառուցվում, բայց դա չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում։ Դիտորդները նաև կարևորել են նոր Ընտրական օրենսգիրքը, որը դիտարկվել է որպես մեկ քայլ առաջ հանրային վստահություն կառուցելու հարցում։


Դրսի «աչքը» լավ է ընկալել նաև նոր ԸՕ-ն հանրությանը ծանոթացնելու իշխանությունների ջանքերը։ «Ցավալի է, որ, չնայած օրենսդրական և կազմակերպչական փոփոխություններին, այս ընտրությունները չվերացրին երկրում ընտրական գործընթացների վստահելիության և ազնվության հանդեպ կասկածները»,- հայտարարեց ԵԽԽՎ-ի պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասկիեն, հավելելով, որ բարելավված դրությունն արդյունավետ է, եթե կիրառվում է բարեխղճորեն։
Միջազգային դիտորդները նաև առանձնացրել են այն փաստերը, որոնք առնչվում են դպրոցներում և հիվանդանոցներում ընտրողների վրա ճնշումների, ահաբեկումների վերաբերյալ բողոքներին խստորեն հետամուտ չլինելու ԿԸՀ-ի պահվածքին։


Հայաստանյան խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաև ռուս փորձագետները։ Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը և ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը երեկ տեսակամրջի ընթացքում հայտարարել են, որ խորհրդարանական ընտրությունները անակնկալ չէին, դրանք փաստում են, որ Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մեջ կլինի։ Ռուս փորձագետները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանում արևմտամետ ուժերը տապալվեցին, չնայած նրանց «վրա» ԱՄՆ-ի դեսպանատունը բավականին մեծ գումարներ էր ներդրել։ Սակայն, ըստ նրանց, սոցիալապես ծանր վիճակում հայտնված հայ ընտրողը քվեարկել է փորձություն անցած հարաբերությունների օգտին։ Ռուս վերլուծաբանները, բնականաբար, չէին կարող չանդրադառնալ Կարեն Կարապետյանի դերակատարմանը։ Ըստ նրանց, Կարապետյանը կարողացավ կարճ ժամանակահատվածում օգնել ՀՀԿ-ին։ Ի տարբերություն միջազգային դիտորդների, Արեշևը և Մարտինովը մտահոգիչ են համարում նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, մասնավորապես` վարկանիշային ընտրակարգը։
Երեկ ընտրություններին անդրադարձել էր նաև Կոնգրես-ՀԺԿ ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինն օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը` դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքը» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարների ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը և կարգավորելու մեր ժողովրդի առջև կանգնած գլխավոր խնդիրը` ղարաբաղյան հակամարտությունը»։ Առաջին նախագահը նաև կարևորում է, որ իրենց հաջողվեց հակամարտությունը քաղաքական օրակարգի հրատապ հարց դարձնել, ինչին նրանք այսուհետ ևս հետամուտ են լինելու։


ՈՒշագրավ հայտարարություն արեց նաև ՀՎԿ-ն։ Թեև այս կուսակցությունը խորհրդարան չի անցել, սակայն Արթուր Բաղդասարյանը մտադիր չէ վիճարկելու ընտրությունների արդյունքները, մասնակցելու հետընտրական որևէ միջոցառման և հանրահավաքի։
Փոխարենը ՕՐՕ-ն հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք կեղծվել են, ու ձայների առևտուր է եղել։ Իսկ թե ինչ միջոցառումների է պատրաստ ընտրություններում 2,67 % ստացած ուժը, կերևա առաջիկայում, քանի որ նրանց հայտարարություններից հստակ չէ, թե ինչ քայլեր են անելու։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ