Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ելքի» հայտնվելը խորհրդարանում կոտրում է այդ կարծիքը

«Ելքի» հայտնվելը խորհրդարանում կոտրում է այդ կարծիքը
23.05.2017 | 00:32

ԱԺ-ի անդրանիկ նիստին խորհրդարան մտած երկու ընդդիմադիր ուժերի համագործակցությունը չստացվեց կամ, ավելի ճիշտ, միակողմանի ստացվեց: «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները չաջակցեցին «Ելքին», սակայն վերջինս «կողմ» քվեարկեց «Ծառուկյան» խմբակցության առաջադրած ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Ի վերջո, այս ամենից ի՞նչ հետևություն են անում «Ելք» խմբակցության անդամները: Զորօրինակ, ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ առայժմ առաջարկում է հետևել «Ծառուկյան» խմբակցության հետագա գործողություններին:

-Հենց սկզբից չստացվեց երկու ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը, տիկին Թանդիլյան:
-Մենք կրկին պատրաստակամ ենք շարունակելու ընդդիմության հետ համագործակցությունը: Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը բավականին մեծաքանակ է, կարծում եմ, շատ կարևոր է, որ ծրագրերը, նախաձեռնությունները կյանքի կոչելու համար համատեղ ներկայանանք: Մենք պետք է մյուս ընդդիմադիրների աջակցության հնարավորությունները գտնենք, որովհետև ավելի հավանական է նրանց, քան ՀՀԿ-ի աջակցությունը: Իրականում պատրաստ ենք բոլոր թույլատրելի մեթոդներով հասնելու մեր ծրագրերի իրականացմանը, ինչի համար էլ ԱԺ-ում ենք: Իսկ թե «Ծառուկյան» խմբակցությունն իրեն ինչպես կպահի հետագայում, կտեսնենք ու համապատասխան եզրակացություններ կանենք:
-Այսինքն, «Ծառուկյան» դաշինքը որպես ընդդիմադիր ուժ դիտարկո՞ւմ եք:
-Առհասարակ, ընդդիմադիրի ընկալումը գործողություններով է պայմանավորված: ԱԺ-ի մշտական հանձնաժողովի մեր թեկնածուի քվեարկությունը ցույց տվեց, որ այդ ուժից, այդուհանդերձ, մեր օգտին քվեարկողներ եղել են: Պետք է իրերը տեսնել այնպես, ինչպես կան:
-Այդ ուժի ղեկավարն ասում է՝ իրենք իշխանություն չեն, կոալիցիայում չեն, ուրեմն ընդդիմություն են: Ձեզ համար ընդունելի՞ է այս ձևակերպումը:
-Իմ ձևակերպումը հետևյալն է` ինչպիսի գործողություններ է ծավալում, ըստ այդմ էլ որոշվում է՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն: Ասել է` ընդդիմություն ես, երբ համակարգային խնդիրներ ես բարձրացնում և ընդդիմանում ես արատավոր երևույթներին: Որպես օրինակ նշեմ ԱԺ նախագահի ընտրությունը: Ակնհայտ էր, որ մեր թեկնածուն` Էդմոն Մարուքյանը, պատրաստվածության և մասնագիտական առումով, իմ խորին համոզմամբ, լավագույնն էր, բայց «Ծառուկյան» խմբակցության անդամների քաղաքական միտքը տարավ դեպի ՀՀԿ: Նման գործողությունները պետք է ընդդիմադիրի համար ցուցիչ լինեն:
-Եթե այսուհետ ևս «Ծառուկյան» խմբակցությունը նույն կերպ շարունակի, ինչպե՞ս կվարվեք:
-Եթե մեր առաջարկները լավն են, նպատակային ու խնդիրներ են լուծում, բայց նրանք քվեարկելու են ՀՀԿ-ի պես, արդեն լուրջ եզրահանգումների տեղիք կտան: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ ՀՀԿ-ի ներկայացրած ցանկացած օրենքի, նույնիսկ այն օրինագծին, որը ծառայելու է մեր երկրի շահերին, պարտադիր դեմ պետք է լինել՝ ընդդիմադիր երևալու համար:
-Հնչում է այն տեսակետը, թե այս խորհրդարանն ամբողջովին վերահսկվում է իշխանության կողմից: Ինչպե՞ս «կկոտրեք» այս կարծիքը:
-«Ելքի» հայտնվելը խորհրդարանում կոտրում է այդ կարծիքը ու փաստում, որ խորհրդարանն ամբողջովին չի վերահսկվում իշխանության կողմից:
-«Ելքը» չի՞ վերահսկվում:
-Դուք դա կտեսնեք՝ հետևելով մեր պատգամավորների գործողություններին:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ