Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչե՜ր ասես, որ չէր կարող անել Կարեն Կարապետյանը

Ինչե՜ր ասես, որ չէր կարող անել Կարեն Կարապետյանը
07.09.2017 | 19:45

Շուտով լրանում է այս կառավարության գործունեության մեկ տարին: Եթե հիշենք, թե ինչպես Կարեն Կարապետյանը սկսեց ու ինչ պատկեր է հիմա, մեղմ ասած, սարերի ու ձորերի տարբերություն է: Դրայվով, էնտուզիազմով լեցուն վարչապետից գրեթե ոչինչ չի մնացել, չկան նաև նախկին խոստումների առատությունն ու համոզվածությունը: Այս հանգամանքը լավ բան չի խոստանում Կարեն Կարապետյանի հետագա կառավարման համար: Եթե նա է արդեն անհավես ու անտարբեր սեփական խոստումների հանդեպ, էլ ինչպես պետք է հանրությունը դրանց հավատա: Եթե անգամ 2018-ին չի մնալու իր պաշտոնին, բավական շուտ է համակերպվել հեռանալու մտքին: Իսկ եթե այդպես չէ, ուրեմն նա իր գործողությունները, հայտարարությունների ոգին, աշխատաոճը վերանայելու կամ նախկին էնտուզիազմին վերադառնալու խնդիր ունի:


Կարեն Կարապետյանի «փոփոխությունը» որքան հանրության հույսերի, նրանից սպասելիքների մեծ կորուստ է նշանակում, այնքան էլ նրա հետագա վարկանիշի վրա մեծ բիծ է լինելու: Ասել է` եթե անցումային շրջանի համար նա ստանձնեց այս պաշտոնը և տվեց մեծ-մեծ խոստումներ, որ գործող իշխանությունը նորից վերարտադրվի, ի՞նչ է կարծում` մարդիկ նրա հետ ապագայում երբևէ հույսեր կկապե՞ն: Հազիվ թե վարչապետի համար մեկ լինի, թե 2018-ից հետո մարդիկ ինչ կմտածեն իր մասին (եթե, իհարկե, նա դրանից հետո չորոշի մեկընդմիշտ թողնել Հայաստանը և վերադառնալ նախկին աշխատանքին), իսկ եթե մտել է այս «գետը», ապա պարտավոր է իր հանդեպ ունեցած, բայց քիչ-քիչ մարող վստահության գոնե հիսուն տոկոսը արդարացնել:


Կա նաև մեկ այլ հանգամանք, որը ստիպել է Կարեն Կարապետյանին վերափոխվել: Ընթացիկ զարգացումները, այսինքն` նա եկել էր 2018-ից հետո մնալու հույսով, բայց ուժային կենտրոններից նրան այլ բան են հասկացրել: Հիմա նա հայտնվել է դժվար կացության մեջ, ասել է` ոչ կամովին ստանձնել անցումային վարչապետի դերակատարումը:
Այդուհանդերձ, ինչ պատճառ էլ լինի աստղն արդեն «խամրող» վարչապետի համար, հանրությունը չի ներում իրեն խոստումներ (այն էլ ինչպիսի՜ խոստումներ) տված, բայց դրանք չիրականացրած պաշտոնյային: Մինչդեռ, ըստ սոցհարցումների տվյալների, ընտրություններում հանրության շուրջ 80 տոկոս վստահությունը վայելող վարչապետը ինչեր ասես, որ չէր կարող անել: Կորցրե՞ց արդյոք այդ հնարավորությունը Կարեն Կարապետյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ