Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա` ո՞վ»

«Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա` ո՞վ»
15.12.2017 | 01:26

Տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականները հասարակական քննարկման առարկա դարձան: Բաց տեքստով երկրի ղեկավարը քննադատեց ՏԻՄ-երին և նախազգուշացրեց, որ այսուհետ թալանչի համայնքապետերին ներում չի լինելու: Որ Հայաստանում այս ոլորտը բավական խնդրահարույց է, պարզ էր բոլորին, վկան՝ հայաստանյան գյուղերի խղճուկ վիճակը, սակայն զարմանալի է, որ հեռացող նախագահն իր պաշտոնավարման վերջին ամիսներին է խոսում այդ մասին: «Իրատեսի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ նախագահը միշտ է խիստ խոսել ՏԻՄ ներկայացուցիչների հետ, սա առաջին դեպքը չէ:

-Ինչու՞ են այսքան տարի գողությունն ու սխալները ներվել, և ինչու՞ է նախագահը հեռանալուց ընդամենը մի քանի ամիս առաջ խոսում այդ մասին:
-Համամիտ չեմ, որ ներվել են, նախագահի խոսքը վերաբերում է մեկ-երկուսին, նման համայնքապետերի հանդեպ արդեն քրեական գործեր են կազմվել: Իսկ որ նախագահը շատ լավ է տիրապետում իրավիճակին, ոչ ոք չի կասկածում: Սերժ Սարգսյանն ավելի շատ ոչ արդյունավետ աշխատանքի մասին է խոսում: Այո, ունենք համայնքների ղեկավարներ, որոնք նաև քրեական պատասխանատվության են ենթարկվել ու կալանավորվել: Նախագահն ասում է, որ շատ համայնքի ղեկավարներ անգործության են մատնված, նստած ղեկավարում են ու չեն մտածում համայնքների զարգացման մասին: Սերժ Սարգսյանը մեջբերեց նաև վարչապետի կոչը, որ արժանահավատ ծրագրեր ներկայացնելու դեպքում աջակցություն կունենան:
-Դուք եղել եք մարզպետ, այդ տարիներին արժանահավատ ծրագրեր ներկայացվե՞լ են:
-Իմ աշխատած տարիներին ութ ծրագիր ներկայացրի, չորսն ընդունվեց ու ֆինանսավորվեց: Այսօր դրանք արդեն ավարտվել են կամ արդեն ավարտվելու փուլում են: Շատ համայնքների ղեկավարներ կամ չհասկացան ինչի մասին էր նախագահի խոսքը, կամ չուզեցին հասկանալ: Անգործությամբ զբաղվելը, հավանաբար, նրանց համար ավելի նախընտրելի է, քան գլուխը «ցավի տակ» դնելը: Հենց դրա համար էլ նախագահի հրահանգով սկսեցինք համայնքների խոշորացման ծրագիր իրականացնել: Սրանից դժգոհ են հենց այդ անգործ համայնքների ղեկավարները, որոնք ոչինչ չեն անում, բայց աշխատավարձ են ստանում: Խոշորացման արդյունքում լինելու են գումարների խնայողություն, ավելորդ հաստիքների կրճատում և արդյունավետ ծախս: Երկու մերձակա համայնքներ կան, եկամուտները, բնակչությունը, հողատարածքը նույնն են, բայց մի համայնքը զարգանում է, մյուսը` ոչ: Ի՞նչ գնահատական կտաք չզարգացող համայնքի ղեկավարին, ստացվում է` նա չի ուզում աշխատել: Նախագահի խոսքը հենց նման դեպքերի մասին էր, որ չեն ներվելու անգործությունը, ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսը: Մի բան է անարդյունավետ ծախսը, այլ բան` չարաշահումները: Համայնքներում չեն կարող լինել չարաշահումներ, որովհետև կա ավագանի, որն այսօր արագ արձագանքում է նման երևույթներին: Ավելին, ամեն տարի մարզպետարանը ռիսկային համայնքները, որտեղ անարդյունավետ ծախսեր են լինում, ներկայացնում է կառավարություն և ողջ տարվա ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնում այնտեղ: Սա հենց վարչական վերահսկողություն է: Ավագանու բոլոր որոշումներն ուղարկվում են մարզպետարան, հանգամանորեն ուսումնասիրվում, թե գումարներն ինչի վրա են ծախսվել:
-Ինչու՞ են այսօր բարձրաձայնվում այդ խնդիրները, երբ 2018-ի ապրիլին հաշված ամիսներ են մնացել:
-Նախ՝ ՏԻՄ-երի վերաբերյալ համաժողով էր, որտեղ նախագահն անդրադարձավ ոլորտի խնդիրներին, բացի այդ, երկրի ղեկավարը և՛ ազգային անվտանգության խորհրդի նիստերին, և՛ խորհրդակցությունների ժամանակ անդրադարձել է այդ խնդիրներին, խստապահանջ է եղել, ինչը գուցե և վրիպել է լրատվամիջոցների աչքից: Նա մշտապես արդյունավետ աշխատանք է պահանջել բոլորից: Այսօր լրատվամիջոցները նախագահի ելույթից ընդամենը մի քանի դրվագ առանձնացրին ու կենտրոնացան դրանց վրա: Այնպես չէ, որ հանրապետության բոլոր համայնքների ղեկավարները թալանով են զբաղված: Այո, կան այդպիսիները, որոնք իրենց պատիժը կրել են ու պետք է կրեն: Ովքեր պատժվել են, լրատվամիջոցներն այդ մասին իրազեկել են:
-Մարզպետ եղած տարիներին ինչպե՞ս եք վարվել այն համայնքի ղեկավարի հետ, որը թույլ է տվել չարաշահում կամ անգործության է մատնված եղել: Պատժե՞լ եք:
-Բոլոր համայնքները եղել են իմ ուշադրության կենտրոնում: Թերանալու դեպքում ժամկետ է տրվել: Վարչական վերահսկողության էությունը հենց դա է, որ հանձնաժողովն ուսումնասիրում և արդյունքները փոխանցում է մարզպետին, տեղի է ունենում քննարկում, և հստակ հանձնարարականներ են տրվում: Ժամկետն ավարտվելուց հետո պետք է մարզպետին գրավոր տեղեկություն ներկայացվի, թե որ թերացումներն են վերացվել, որից հետո մարզպետարանի աշխատանքային խումբը կրկին ուսումնասիրում է այդ տեղեկությունները:
-Սերժ Սարգսյանը խոսեց միջնորդությունների վերացման մասին: Փաստորեն, Ձեր նշած այդ շղթայում ինչ-որ պահի համապատասխան միջնորդություն է լինում, և հարցը լուծվում է, ինչպես ասում են, «գեղական կարգով»:
-Միջնորդություններ լինում են տարբեր ատյաններում, այդ թվում՝ նախագահի մոտ: Ենթադրենք, կա նորմալ աշխատող համայնքի ղեկավար, որն իր աշխատանքի ընթացքում թերացել է, ֆինանսական չարաշահում չի իրականացրել, բայց խախտումներ է թույլ տվել, ինչը ևս քրեական պատասխանատվություն է ենթադրում: Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի ղեկավարը ոչ թե միտումնավոր ֆինանսական միջոցներ է յուրացրել, այլ ֆինանսական խախտումներ է թույլ տվել, միջնորդություն է ներկայացվում, որ այդ խնդիրները վերացնի:
-ՏԻՄ-երի կարևորությունը հիշվում է այն ժամանակ, երբ ընտրությունները մոտենում են, քանի որ նրանք ընդամենը ՀՀԿ-ին ձայն ապահովող գործիքներ են: Գուցե դրա՞ համար է նրանց ամեն ինչ ներվել:
-Ինչ վերաբերում է ընտրություններին, հաճախ են ասում, թե միայն ՀՀԿ-ականներն են ընտրվում, ցույց տվեք մի քաղաքական ուժ, որը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և որոշակի տոկոսով չի ընտրվել: Նույնիսկ «Ելքը» մասնակցեց և «Նոր կյանք» համայնքում ունեցավ իր համայնքի ղեկավարը: Իրենք չեն մասնակցում, հետո սկսում են դժգոհել, թե հաղթում են միայն ՀՀԿ-ականները:
-Այսպես թե այնպես, համայնքապետերի ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ական է, ու Սերժ Սարգսյանի ելույթն էլ ստացվում է ինքնաքննադատության պես մի բան՝ սեփական համայնքապետերին ուղղված կշտամբանք:
-Այո, հանրապետության նախագահը միշտ էլ ավելի խստապահանջ է հանրապետականների նկատմամբ, լինեն համայնքների ղեկավարներ, մարզպետներ, նախարարներ, թե գերատեսչությունների ղեկավարներ: Առաջին հերթին ՀՀԿ-ն պետք է զգոն լինի: Հիշեք մեր կուսակցության համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը, ավելի խիստ ելույթ երբևէ չի եղել: Սա նշանակում է, որ նա ավելի շատ պահանջում է ՀՀԿ-ից, քան մյուս քաղաքական ուժերից:
-Քաղաքագետները կարծում են, թե սա նախընտրական ելույթ էր: Համամի՞տ եք:
-Ոչ, այդպես չէ: Նախ՝ ապրիլին մենք ընտրություն չունենք:
-Ամենամեծ «ընտրություն-երկընտրանքն» է լինելու` կմնա՞ Սերժ Սարգսյանը որպես պետության գլուխ, իմա` վարչապետ, թե՞ ոչ:
-Ես էլ Ձեզ եմ հարցով դիմում` իսկ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա` ո՞վ:
-Բոլոր ՀՀԿ-ականները նույն կերպ են հարցին պատասխանում, այսինքն, արդեն համաձայնություն կա՞ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հարցում:
-Ես իմ կարծիքն եմ միայն հայտնում: Կգա ժամանակը, և բոլոր հանրապետականները կուսակցության նախագահին կխնդրեն, որ շարունակի երկրի ղեկավարումը, որովհետև այսօր լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, իսկ Սերժ Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը թույլ է տալիս նրան շարունակել երկրի ղեկավարումը: «Կամ-կամ»-ին նախագահը միշտ դեմ էր, իսկ «և-և»-ի արդյունքը բոլորս տեսանք:
-Եթե Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ն տեսնում է վարչապետի պաշտոնում, սա նշանակում է, որ Կարեն Կարապետյանի աշխատանքից կուսակցությունը դժգո՞հ է:
-Ոչ, այդպես չէ: Կարեն Կարապետյանը հզոր կառավարիչ է, մեր կուսակցության երկրորդ դեմքը: Կարևոր չէ, թե ինչ պաշտոն ես զբաղեցնում, կարևորը, թե որքան արդյունավետ կարող ես աշխատել: Վարչապետի մեկ տարվա աշխատանքը թույլ է տալիս ասել, որ այն բավական արդյունավետ էր:
-Ասել է` նրան ևս տեսնում եք կառավարման վերին օղակում:
-Այո, տեսնում ենք:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ