Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի դեմ պատերազմի նոր սցենար են սկսել

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի դեմ  պատերազմի նոր սցենար են սկսել
25.05.2018 | 03:15

(Նախորդ մասը)

Ապրիլին Եմենի հուսիների «Անսար Ալլահ» շարժման ղեկավարներից մեկի՝ Սալեհ աս Սամադի սպանությունը, ինչպես և զինված հրոսակախմբի՝ Պակիստանից Իրան թափանցելու հերթական փորձը ցույց են տալիս, որ Իրանին հասցվող անմիջական հարվածները կարող են ընդունել համատարած բնույթ: Չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ը կփորձի Իրանի վրա հարձակվել նաև ԱՊՀ-ի անդամ երկրների տարածքներից: Համենայն դեպս, այն տագնապալի լուրերը, որ Ղազախստանը, կարծես, մտադիր է ԱՄՆ-ին տրամադրելու իր կասպիական երկու նավահանգստի ջրատարածքը (պարզ է, որ ո՛չ ձուկ որսալու համար), ինչպես նաև ոչ վաղուցվա միջադեպը, երբ Թուրքմենստանն սպանեց իրանցի երկու ձկնորսի, բարեհոգության տեղ չեն թողնում: Ադրբեջանն Իրանում վաղուց է ընկալվում որպես ԱՄՆ-ի և Իսրայելի բազա, Թեհրանում լավ կարծիք չունեն նաև Վրաստանի մասին, որտեղ դեռ Սաակաշվիլու ժամանակ տեղի իշխանությունները պատրաստակամորեն ցուցադրում էին (իրանցի դիվանագետների նկատմամբ սադրանքներով) ամերիկյան աշխարհաքաղաքական պատվերները կատարելու իրենց համաձայնությունը: Զուր չէ, որ ապրիլի 24-ին եմենցի հուսիների ղեկավար, «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Աբդուլ Մալիք ալ Հուսին Եմենի գերագույն քաղաքական խորհրդի նախագահի սպանության համար մեղադրեց ոչ միայն Սաուդյան Արաբիային, այլև ԱՄՆ-ին: Եմենում ու Պակիստանում «ամերիկացիների ականջները» քանիցս մերկացրել են նաև իրանցիները: Բայց այդ դեպքերում, իհարկե, Վաշինգտոնում ու Թել Ավիվում քչերն են հաշվարկում, թե Իրանի «նյարդերը չեն դիմանա»: Այլ են Սիրիան և Իրաքը:


Այստեղ արդեն հետաքրքիր պատկեր է գծագրվում: Առնվազն Սիրիայի համար արաբական օկուպացիոն կորպուսի ձևավորման գործընթացն արդեն սկսված է: Ընդ որում, ԱՄՆ-ը և Իսրայելը ակնհայտորեն շտապեցնում են իրենց արաբ խամաճիկներին: Կարող ենք նույնիսկ ենթադրել, որ այդ կորպուսի ներխուժման դեպքում Թուրքիան էլ, վերջապես, կհասցնի հերթական «հարվածը թիկունքին», բայց արդեն ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին էլ: Այդ է վկայում, օրինակ, այն փաստը, որ ապրիլի 23-ին Սիրիայի բանակի, ազգային պաշտպանության ուժերի (աշխարհազորի) ստորաբաժանումները և «Բաաս» գումարտակը Հալեպի հարավում հետ են մղել թուրքամետ իսլամական խմբավորումների զինյալների երկու հարձակում: Դա Հալեպը գրավելու Թուրքիայի առաջին փորձը չէ. Անկարան առաջինը կատարել էր, երբ «Ձիթենու ճյուղ» գործողությունը նոր-նոր էր սկսվում, բայց այն ժամանակ էլ թուրքերին ու նրանց խամաճիկներին դաժանորեն ոչնչացրին: Հարկ է վերհիշել, որ դեռ ապրիլի 17-ին, երբ սկսվեց արաբական օկուպացիոն կորպուսի կազմավորման գործընթացը, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը Էր Ռիադում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ մամլո ասուլիսում հայտարարեց. «Սիրիական ճգնաժամի հենց սկզբից մենք ԱՄՆ-ի հետ քննարկում ենք Սիրիա ուժեր ուղարկելու հարցը: Սաուդյան Արաբիան պատրաստ է Սիրիա զորակազմ ուղարկելու այն դեպքում, եթե ԱՄՆ-ը որոշի ընդլայնել իր առաքելությունը»: Նախարարը, փաստորեն, խոստովանեց, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ բանակցում է Սիրիայում սահմանափակ կազմով զորքի հնարավոր տեղաբաշխման վերաբերյալ: Բայց հիմա պարզվում է, որ սաուդցիները չեն ուզում միայնակ բախվել սիրիական պատերազմական իրականությանը: Ընդ որում, ահաբեկչական պետության (քանի որ հենց վահաբականությունն է Սաուդյան Արաբիայի պաշտոնական կրոնը) վրա գործադրվող անպատկառ ճնշումը, ըստ էության, դրսևորվում է չարչիական բանաձևով. «Քեզ օգնել ենք, ուրեմն հատուցիր»:


Լուրջ, ծավալուն շանտաժի է ենթարկվում Կատարի էմիրությունը, քանի որ ի սկզբանե Կատարն էլ էր ահաբեկչական խմբեր ֆինանսավորում ու զինում՝ Սիրիա ուղարկելու համար: «Կատարը պետք է վճարի Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության համար և զորքեր ուղարկի Սիրիա, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահը չի հրաժարվել Կատարը պաշտպանելուց՝ նրա տարածքում իր ռազմաբազայի միջոցով»,- ասվում է սաուդյան ԱԳՆ-ի մամլո ծառայության ապրիլի 25-ի հաղորդագրության մեջ: Վերոնշյալ նախարար ալ Ջուբեյրը Թրամփի և Մակրոնի համատեղ մամլո ասուլիսում Թրամփի ելույթից հետո լիովին անպատկառացավ և հայտարարեց, իբր հղում անելով Թրամփի խոսքին, որ «եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կատարը պաշտպանելուց, այդ երկրի վարչակարգը մի շաբաթում կտապալվի»: Ասե՞լ է Թրամփն այդպիսի բան, այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ խամաճիկն այն հնչեցրել է: Կատարի էմիրն այժմ երկընտրանքի առջև է. նրան օգնում են Թուրքիան, Իրանը և Իրաքի շիաները: ԱՄՆ-ի ու սաուդցիների թելադրանքին ենթարկվելը կհանգեցնի այն բանին, որ Իրանն ու Իրաքը կրկին Կատարը կսկսեն ընկալել որպես հավանական թշնամու: Այնպես որ, այդ երկրի՝ «և՛ մերոնց, և՛ ձերոնց» խաղի փորձը մոտեցել է ավարտին. կա՛մ համաձայնել Սիրիայի օկուպացմանը մասնակցելուն, կա՛մ պատրաստվել Կատարում «արաբական գարնան»:
Ենթադրենք, թե Կատարը «հանձնվեց», և արաբական դաշնակցային օկուպացիոն կորպուսը կազմավորվեց: Դեսանտ նետելը հազիվ թե հաջողվի, հարձակման համար Իրաքի տարածքն օգտագործելը՝ նույնպես: Ներխուժման ուղի են մնում.


1) Սիրիայի հյուսիսում Թուրքիայի «հովանու» ներքո գտնվող «ապառազմականացված գոտիները», այդ թվում՝ վերջերս օկուպացված Աֆրինը, որտեղից կարելի է հասնել Հյուսիսային Սիրիայում գտնվող ամերիկյան բազաներ,
2) անցում Հորդանան, այնտեղից՝ հարավսիրիական Էթ Թանֆում գտնվող ամերիկա-անգլիա-հորդանանյան բազա: Բայց ուր էլ ներխուժեն խամաճիկային սուննի արաբները, հաշվի առնելով, որ 5-6 տարի անընդմեջ նրանց ուժասպառ են անում և նույնիսկ «դնքսում» վատ զինված շիա եմենցիները (հուսիները), նրանք ծանր պարտություններ են կրելու Սիրիայում ցանկացած բախման դեպքում, ով էլ լինի նրանց հակառակորդը: Իսկ հյուսիսում, բացի շիաներից, ալավիներից և դրուզներից, նաև քրիստոնյաների աշխարհազորերն են, չհաշված սիրիական կանոնավոր բանակը և «Բաաս» կուսակցության գումարտակները: Հարավում, բանակից բացի, շիաների, դրուզների, աֆղանական խազարների («Ֆաստիմիոն») և պաղեստինցիների («Յարմուկ» և «Ալ Կուդս») աշխարհազորերն են:

Ըստ էության, կկատարվի այն, ինչ երազում են Իսրայելում սիրիական ճգնաժամի հենց սկզբից՝ ծավալուն երկպառակություններ շիաների և սուննի վահաբականների միջև: Բայց երբ ԱՄՆ-ի և Իսրայելի խամաճիկներին սկսեն խփել, իրավունք կունենանք սպասելու, որ պատերազմին ուղղակիորեն կմիջամտի, համենայն դեպս, Սիրիայի հարավում, հենց Իսրայելը, որը վաղուց է «բերանից թռցնում» սիրիական Քունեյտրա և Սուվեյդա նահանգներն օկուպացնելու պլանների մասին: Սիրիական բանակի և իրանամետ ուժերի պատասխաններն առիթ կդառնան Իրանի վրա ԱՄՆ-ի ուղղակի հարձակման համար, քանի որ արդեն կսպանեն իսրայելցիներին, ինչից հետո դժվար կլինի խուսափել այն բանից, որ սիրիական դիմադրությունից ինչ-որ մեկի խելքին կփչի ներխուժել եթե ոչ Իսրայել, ապա Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքները... Եվ նկատի ունենանք, որ իրականում ԱՄՆ-ը Սիրիայից չի հեռացել. պարզապես չի ուզում այլևս ծախսեր անել ու զոհեր տալ այդ պատերազմում:
Սցենարը կիսատ կլինի, եթե չնշենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պլաններում կա նաև Սիրիայում գտնվող ռուս զինվորականներին հարվածելը, Ռուսաստանին ստիպելը, որ «փախուստի դիմի» Սիրիայից կամ նվազեցնի իր զինվորականների ակտիվությունը: Մասնավորապես հաղորդումներ են լինում, որ ամերիկյան հետախուզական անօդաչու ավիացիան հաճախացրել է թռիչքները ռուսական ռազմաբազաների շուրջը, իսկ վերջերս Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) «Հմեյմիմ» բազան հետ է մղել մարտական լիցքով անօդաչու սարքերի հարձակումը: Բացի այդ, Մոսկվայի այն հայտարարություններից հետո, որ պատրաստ է Սիրիային U-300 ԶՀՀ-ներ տրամադրելու, Իսրայելն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում» կոչնչացնի այդ ԶՀՀ-ները: Պատասխանն առայժմ միայն այն է, որ ապրիլի 25-ին Մոսկվայում ցուցադրել են այն խփված ամերիկյան և այլ թևավոր հրթիռների բեկորները, որոնցով ագրեսորները Սիրիայի վրա հարձակվել էին (ապրիլի 14-ին) Արևելյան Ղութայում «քիմիական հարձակման» մտացածին պատրվակով: Սիրիայի վրա հրթիռային հարձակման 100-տոկոսանոց արդյունավետության մասին կեղծիքը հերքված է, բայց թե Ռուսաստանի կողմից կլինե՞ն ավելի էական նախազգուշացումներ, դեռ հայտնի չէ:


Իհարկե, նոր իրականությունները Ռուսաստանն ու Իրանը քննարկում են: Ապրիլի 24-ին ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը «Սիրիայի և Մերձավոր Արևելքի իրադրությունը» քննարկել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, դերծովակալ Ալի Շամխանիի հետ: Բանակցության մանրամասները հայտնի չեն: Իսկ արդեն ապրիլի 25-26-ին Շամխանին Սոչիում մասնակցեց անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների 9-րդ միջազգային հանդիպմանը: «Անվտանգության ասպարեզում ռիսկերի և ճգնաժամերի նվազեցման նպատակով ազդեցիկ երկրների հետ երկխոսությանն ու սերտ համագործակցությանն աջակցելու անհրաժեշտությունն այժմ զգացվում է ավելի, քան երբևէ»,- Սոչիի օդանավակայանում լրագրողներին ասաց Շամխանին: Նա հայտարարեց, որ կան հնարավորություններ և ներուժ, որոնք կարող են օգտագործվել միջազգային ճգնաժամերը կառավարելու համար՝ հատկապես կոշտ միջոցների օգտագործումը երկխոսությամբ ու դիվանագիտությամբ փոխարինելով: Ճիշտն ասած, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Սիրիայում պատրաստվող նոր պատերազմը բացառապես դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հույսի հնարավորություն չի տալիս: Առայժմ չի երևում, թե Ռուսաստանը և Իրանը ինչպես կարող են «կառավարել միջազգային ճգնաժամերը», եթե նրանց դիվանագիտությունը չամրապնդվի դասական «հրետանավերով»: Գուցե դա սկսվի, երբ Չինաստանն իր ռազմածովային բազան բացի Ասիայում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ