Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Նոքարը

Նոքարը
10.09.2025 | 10:41

Մենք նրա անունը չգիտեինք: Նոքար էինք կանչում, ծնողներն էին այդպես կամեցել: Նիհարավուն, միշտ մեղավոր մի ժպիտ դեմքին, բարի տղա էր նա, մեզ հասակակից: Գիտեինք, որ թուրք էր, բայց չէինք հասկանում ինչու՞, ինչպե՞ս։

Գերանբոյի շրջանի գյուղերից էր: Ընտանիքում ծնված երեխաները մեկը մյուսի հետևից մահացել էին, ծնողներն էլ որոշել էին նորածին տղային հայի ընտանիքում որդեգիր թողնել, գուցե բախտին խաբեին: Եվ մի քանի շաբաթական փոքրիկին բերել էին քիրվայի տուն, այստեղ նույն հասակի երեխա կար, մայրն անմիջապես թուրքի բարուրը դրել էր իր բարուրի կողքին և հավասար գուրգուրանքով մայրություն արել երկուսին: Հետո մահացել էր նրա իսկական մայրը, հայրն ամուսնացել էր, երկրորդ կնոջից երեխա ունեցել, և Նոքարը լռվել, մնացել էր հայի հարկի տակ, մինչև տեսնեն՝ ինչ պիտի անեն:

Ինչ պիտի անեն, մինչ մեծերը կորոշեին, Նոքարը մեծացել, յոթ-ութ տարեկան տղա էր դարձել, դպրոց գնալու ժամանակն էր արդեն և իր ախպերացու Գևորի հետ դասի նստեց մեր դասարանում: Այստեղ մենք առաջին անգամ իմացանք, որ նա ուրիշ անուն ունի: Երբ ուսուցչուհին ներկա բացակայի ժամանակ կարդաց Բաբաքյոխյան Ռաֆայել, ոչ մեկը չարձագանքեց.

- Ռաֆայել, ասա ներկա:

Լռություն:

- Ռաֆայել...

Ձայն չկա:

-Նոքար,- ժպտալով նրան դիմեց ընկեր Աշխենը,- ասա ներկա...

Ամիսներ անցան: Մենք սովորեցինք նրա նոր անվանը, հին անունը մոռացվում էր արդեն, երբ մի օր էլ նա դասի եկավ ուռած աչքերով, նստած տեղն էլ լուռ արտասվում էր:

- Ռաֆայել, ի՞նչ է եղել,- անհանգիստ հարցրեց ուսուցչուհին:

- Եկել են, որ տանեն, ինքն էլ չի ուզում գնա, - նրա փոխարեն պատասխանեց Գևորը:

- Ո՞վ, ու՞ր տանեն:

- Իրենց տուն, ծնողները:

Նոքարի հեծկլտոցը վերածվեց հեկեկանքի՝ չեմ ուզում, չեմ գնա, լացի մեջից ստեպ-ստեպ ճչում էր նա:

Լացի ձայնի վրա հավաքվեցին մյուս ուսուցիչները, փորձելով հանգստացնել փոքրիկին, ստիպված նրան տարան ուսուցչանոց, լուր տվեցին Լևոն քեռուն՝ Գևորի հայրիկին:

- Գնանք, գնանք մի վախի, ոչ մեկի ես քեզ չեմ տա, դու իմն ես,-շուտասելուկի պես կրկնում էր հայրացուն և, հիշում եմ, ինչպես գլուխը դրեց Նոքարի գլխին և թաց աչքերը սրբեց տղայի մազերով:

Մայիսի սկզբներն էր, դասերը շուտով պիտի ավարտվեին, և թուրք ծնողները, անհանգիստ, որ տղան միայն հայերեն է խոսում, վերջապես որոշել էին տեր կանգնել նրան և եկել էին տանելու:

Տարան Նոքարին, Գևորը դարձավ անժպիտ, տխուր, ոչ մեկի հետ չէր շփվում և բոլորս հասկանում էինք, որ կարոտում է եղբորը:

...Անցան տարիներ: Նոքարին երբեմն հյուր էին բերում, կարծես նույնն էր, չէր փոխվել, բայց հայերեն խոսում էր արդեն թուրքի նման:

Ամառները, դպրոցական արձակուրդի օրերին, նա գյուղ էր գալիս, մինչև աշուն մնում իր հայ ծնողների հետ և, արդեն առանց լացի ու հուզմունքի, բաժանվում նրանցից:

Հիմա արդեն չեմ հիշում ինչքան շարունակվեց ադրբեջանցի տղայի ու իր հայ ընտանիքի կապը, գյուղն ենք արդեն մոռացել:

Քսաներկու տարի այն չկա, ավելի ճիշտ՝ թուրքի ձեռն է և միայն մեծ փողերի դիմաց թուրքի նկարած և հային վաճառած նկարներում ենք տեսնում ավերակների վերածված մեր տները: Իսկ հայրենակիցներս էլ սփռվեցին աշխարհով մեկ, օտար երկինքների տակ դադար առան, իրենց աստվածատուր աշխատասիրությամբ ու շնորհքով տուն տեղ դրեցին, մեծերին թաղեցին, օտարանուն զավակներ ունեցան և հիմա կյանքից կարծես չեն դժգոհում : Բայց դե հայի բախտ է, մեկ երկու բաժակից հետո սկսում են տխուր երգեր երգել, իրենց հողն ու ջուրը հիշել և գոռգոռալ իրենց լեզուն մոռացող ջահելների վրա;

Նման երկու հայի պատահաբար հանդիպեցի երկու տարի առաջ Երևանում:

Տոնավաճառում բարձր, մեր բարբառով խոսելով հագուստ էին առնում: Հայացքս մի պահ դանդաղեց իրենց կողմը, և դա զգալով նրանցից մեկը նայեց ինձ.

- Զեմլյակ, քեզ վրդեղա՞ն եմ ճընանչում.- հարցրեց:

- Չգիտեմ,- ասի,- մեր լեզվով եք խոսում:

- Կարո՞ղ ա շահումյանցի ես:

- Հա ,դուք է՞լ:

- Հա, ցավդ տանեմ:

Խոսքը խոսք բերեց, պարզվեց մեր հարևան գյուղից են եղել, հիմա Կալինինգրադում են ապրում, գործով են Երևանում: Գնումներ էին արել, աշնանային հով եղանակը տրամադրող էր, և մենք՝ մեր ակունքներին կարոտած մարդու գորովանքով, նստեցինք մոտակա զբոսայգու սրճարանում: Խոսելու ընդհանուր շատ բան ունեինք, հիմնականում, իհարկե կորցրած հայրենիքն էր, ու՞մ են ճանաչում, ո՞վ կա իրենց հետ:

- Գևորին ճնանչու՞մ իր,- հարցրեց զրուցակիցնեիցս մեկը:

- Ո՞ր Գևորին-, հարցրի:

- Լևոնի տղուն: Ոսկի տղա էր, սաղ իրան հարգում ին, հայը, ռուսը, թորքը...

- Թորքը՞, թորքը իրա հետ ին՞չ կապ օներ...

- Դե մեզ մոտ թորքեր էլ շատ կան, հա, նրանցից մեկն էլ իրա ախպեր Ռաֆոն էր:

Ռաֆոն, Ռաֆոն... Նոքարը՝ հիշեցի ես:

- Ախպերացուն էր,- շարունակեց զրուցակիցս.- Թորք էր,ամմա հայից ավելի ջիգյարով: Գաղթից հետո, որ գնացել էինք Կալինինգրադ, մի քանի հայ էինք, հիմնականում շահումյանցիներ: Էդ հետո մեկ մյուսի հետևից եկան, էդքան շատացան: Գևորը հազարափեշա, շնորքով մարդ էր, անմիջապես շրջապատ ստեղծեց, հաջող գործ դրեց, երեխեքին հերթով պսակեց:

- Բա Ռաֆո՞ն.- անհամբեր հարցրի ես:

- Ռաֆոն ի՞նչ, Ռաֆոն հետո եկավ: Մեր գնալուց մի երեք չորս տարի հետո: Ասում են հյուր էր եկել իր ազգակցին ու պատահաբար իմացել Գևորի մասին: Հարցուփորձ էր արել, իմացել, որ իրա ախպերացուն ա: Ինքն էլ էր տեղափոխվել Կալինինգրադ, ընտանիքը չէր հարմարվել, գնացել էր Կրասնոդար, ինքը չէր գնացել, մնացել էր Գևորի կողքը:

Ասում են՝ անպետք տղաներ ուներ, հայի հետ հոր մտերմությունը դուրները չէր գալի:

- Դե ինքն էլ վատառողջ էր էն ծեծից հետո,- շարունակեց մյուս զրուցակիցս:- Ձեր գյուղ էր գնացել, Վերի Շեն: Որ ընտանիքը գնաց, մենակ մնաց, Գևորն ասեց ինչի ես մենակ մնում, ախպերս ես, արի իմ տուն, էս մեծ տունն ու՞մ համար ա: Մի խոսքով, Գևորս նրան տիրություն արեց հարազատ եղբոր պես: Հետո էլ լսեցինք, որ Ռաֆոն Վերին Շեն ա գնացել, Գևորի ծնողների գերեզմանը գտնելու, կարգի բերելու համար: Գնաց ու բոլորիս էլ հետաքրքիր էր, թե նա ինչ լուրերով է հետ գալու մեր գերված հայրենիքից:

Երկար ժամանակ լուր չկար իրենից, մարդը գնաց ու կորավ: Մի տարի հետո միայն մի կերպ իրեն գցեց Կալինինգրադ: Նիհարած, հալից ընկած, հիվանդ: Գնացել էր Գերանբոյ, էնդեղից հասել Վերին Շեն, էլ մնացածը պարզ չի: Ասում են էնտեղ ծեծել են, կիսամեռ փախել ա, ազգականներից մեկը օգնել ա, որ մի կերպ իրեն Կալինինգրադ գցի: Գևորը տեր կանգնեց, իր հարկի տակ պահեց, խնամեց, բայց մեկա՝ երկար չապրեց Ռաֆոն: Գևորն էլ նրան հայերիս գերեզմանում պատվով, թաղեց;

-Գևորն էլ երկու-երեք ամիս առաջ մեռավ, -ավելացրեց առաջին զրուցակիցս:- Տղերքը Ռաֆոյի կողքը թաղեցին...

Մենք երկար զրուցեցինք, շատ մարդկանց հիշեցինք, բայց Նոքարի պատմությունը ինձ ցնցեց:

Մեր գերեզմանոցի վերջին այցելուն որդեգիր թուրքն էր եղել...

12.11.2016թ.

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ