Կուսակցությունները ստեղծվում են այս կամ այն գաղափարախոսության հենքին` սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալիստական և այլն: Եվ գաղափարախոսությունն է, որ դառնում է այն քաղաքական «մերանը», որի շուրջ միավորվում են նույն հայացքներ, դիրքորոշումներ ունեցող մարդիկ: Գաղափարախոսությունների կամ «իզմ»-երի հիման վրա են ստեղծվում քաղաքական կուսակցությունների ծրագրերը. դրանք պատկերացում են տալիս ժողովրդին, թե տվյալ ուժը` գալով իշխանության, ի՛նչ նպատակներ է իրագործելու, դեպի ու՛ր է տանելու երկիրը, որո՛նք են լինելու այդ ուղիները:
Չկա «իզմ», չկա երկրի զարգացման հստակ տեսլական:
Եթե կուսակցությունը զուրկ է «իզմ»-երից, եթե նրանում բացակայում են գաղափարները, այն վերածվում է պատահական մարդկանց հավաքատեղիի` կլուբի կամ խմբակի, ուր հավաքված գաղափարազուրկ մարդիկ մեկ խնդիր ունեն լուծելու` իրենց նեղ անձնական հարցերը: Պատկերացրեք, ի՞նչ կկատարվի այն պետության հետ, երբ քաղաքական ինչ-ինչ հանգամանքների բերումով, իշխանության ղեկին է հայտնվում գաղափարազուրկ, մորթապաշտ մարդկանց մի խումբ. դա կլինի կործանարար պետության համար:
Սա՛ է այսօր այն տխուր իրականությունը, որի մեջ գտնվում է Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանը ոգևորությամբ հայտարարում էր, թե իր կուսակցությունը` «Քաղաքացիական պայմանագիրը», զուրկ է «իզմ»-երից.
«Մենք քաղաքացիական կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը»:
Հանձին ՔՊ-ի՝ հայաստանյան քաղաքական դաշտ իջավ մի գաղափարազուրկ խմբակ, որի անդամները մեկմեկու հետ կապված են ոչ թե գաղափարներով, այլ անձնական շահերով ու այդ շահերի վրա ձեռք բերված քաղաքացիական պայմավորվածություններով:
ՔՊ-ն իրականում կուսակցություն չէ, ՔՊ-ն մորթապաշտների խմբակ է, որը ոչ մի առնչություն չունի Հայաստան պետության, հայ ժողովրդի շահերի հետ:
Մերժելով գաղափարախոսությունները՝ Փաշինյանն իրեն ու իր կուսակիցներին դուրս դրեց գաղափարական դաշտից, ավելին` սկսեց պայքարել բոլոր գաղափարների, առավելապես ազգային արժեքների դեմ, դրանք որակելով կարծրատիպեր:
ՈՒ ձեռքերը քշտած անցան գործի` հայտարարելով, թե` «եկել ենք կարծրատիպերը կոտրելու»:
Մի կարևոր հանգամանք. անգաղափար խմբակը` ՔՊ-ն, որպես կարգախոս ընտրեց Թուրքիայի քաղաքական ուժերից մեկի՝ «Բարօրություն» կուսակցության կարգախոսը` «Burada gelecek var». թուրքերենից թարգմանաբար սա նշանակում է` «Ապագա կա»: Եվ ոչ միայն կարգախոսն է թուրքական, այլև թուրքական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը:
Ինչ ստացվեց, «իզմ»-երից զուրկ խմբակը իր գաղափարական դատարկությունը լցրեց թուրքականով: Այսինքն,
հարևան-թշնամի երկիրը դարձավ Հայաստանի իշխանական ղեկը զավթածների գաղափարական ուղղորդողը:
5 տարիների ընթացքում համոզվեցինք, որ ՔՊ-ականների թրքասիրությունը նրանց արտաքին քաղաքական նախընտրությունն է:
Հայտնի է, երբ 2018-ին ՔՊ-ն ընտրում էր իր պատգամավորության թեկնածուներին` կազմակերպված հարցազրույցների ժամանակ առաջնությունը տրվում էր հե՛նց թրքասիրությանը:
Եվ այսօր Թուրքիան Նիկոլի ու իր խմբակի ձեռքով իրականացնում է իր ծրագրերը տարածաշրջանում, որտեղ առաջնայինն Արցախի հանձնումն է Ադրբեջանին: Դրան հաջորդելու է Հայաստանի մասնատումը. գործընթացն արդեն սկսված է:
Փաշինյանի ձեռքով մեր երկիրը դուրս է մղվել արտաքին քաղաքական գործընթացներից, դադարել է լինել գործոն, ու դարձել է գործիք թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքին:
Այսպիսով, 2018-ին հայ ժողովուրդն արտաքին տեխնոլոգիաների հզոր ներազդեցության տակ իր քվեն տվեց թրքասերների, մորթապաշտների խմբակին` իրականացնելով արժեհամակարգային աղետալի փոփոխություն: Հայ ժողովուրդն անգիտակցաբար մերժեց ազգային արժեքային համակարգը` հօգուտ չարժեքների:
Փաշինյանը վարում է մի քաղաքականություն, որի հիմնական ուղղությունն է հայկականի վարկաբեկումը:
ԱԺ ամբինից, Կառավարության նիստերի դահլիճից, թե դրսից և՛ նա, և՛ իր կամակատար ՔՊ-ականները թիրախավորում են հայկական ազգային ինստիտուտները՝ Եկեղեցին, հայկական բանակը, հայեցի կրթությունը, հայկական ազգային ավանդույթները: Սրանք ավերում են այն ամենը` ինչը հայկական է, ազգային է ու բարոյական:
Փաշինյանական վարչախմբի ապազգային լինելն առավելապես դրսևորվում է Հայ եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Փաշինյանի հայտնի ծրագիրն է, ինչի մասին նա բացահայտ հայտարարել է, «ծնկի բերել հայ հոգևորականին»: Հիմա հարց է առաջանում` ովքե՞ր են ՀՀ իշխանության ղեկը զավթածները` Հայ Առաքելական եկեղեցու հետևորդնե՞ր են, թե ինչ-որ աղանդի անդամ, գուցե աթեի՞ստ են, որ նույնն է, թե սատանիստ են:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)