5. Խնայիր մարդկայինը
Այլ ընթացքի մեջ պտտիր ժամանակը, Տիրամա՛յր.
երկիրը խափանվել է
իր առանցքի շուրջ նույն օղակը գծելուց:
Մարդիկ բիրտ են,
մնացած մարդիկ` ավելի բիրտ.
նրանց արանքում աշխարհի լույսն է ավերվում
մոր տեսքով և մանկան,
ինչպես Մարիամ` գրկի մեջ Հիսուս:
Մի՛ նայիր մեր ուղղությամբ
և մի՛ տես մեր նշածը,
քո աչքերը փակիր մեր կոպերի տակ.
մեր հայացքի մեջ
զենքի դիտակից նշմարվող սևահող է
երկիր անունով քաղաքը:
Մի՛ բռնիր մեր ձեռքերը,
քո գրկելու լույսը մեր թևերին տուր.
մեր ափերի մեջ հետհաշվարկ է ժամանակը`
ռումբին մատնած վայրկյանաչափ:
Մի՛ խոսիր մեր խոսքը,
քո լեզուն արյուն դարձրու մեր սրտին.
մեր աղոթքներում
Աստված` մարդու մեջ, և մարդը զոհ է.
սա՛ է հավատը մեր:
Հիսուսին` Ադամից,
Մարիամին` Եվայից,
մարդկայինը խնայիր մարդուց,
Փրկչամայր:
Հուսիկ ԱՐԱ