Զարմանալի է, թե մարդիկ որչափ համառությամբ են ֆիքսվում անցյալի կամ իրենց չունեցածի վրա: Դա տառապելու գլխավոր նախապայմանն է: Մտքում բազում ու բազում անգամներ քննելով անցյալը, թույլ տված «սխալները», մարդիկ ջլատում, ուժասպառ են անում իրենց՝ հաճախ ֆիզիկապես էլ հվանդանալով: Ինչքան անիմաստ ու անպտուղ բան է անցյալի համար վշտանալը՝ փոխանակ ներկայով զբաղվելու: Ո՞նց կարելի է դարդոտվել մի բանի համար, որ այլևս փոխել չես կարող: Միայն ապագադ կարող ես կառուցել քո պատկերացումների համապատասխան, այն էլ՝ պիտի հստակ գծագիր ունենաս, թե ի՞նչ ես ուզում:
Նույն անմտությունն էլ չունեցածի համար տանջվելն է, մեկ է, ինչքան էլ շատ ունենաս, չունեցածդ ավելին է լինելու:
Ունեցածի համար հասուն տարիքի մարդն ամեն օր գոհություն ու երախտագիտություն պիտի հայտնի Աստծուն. տանիքի, անկողնու, հանապազօրյա հացի, ամեն խաղաղ ապրած օրվա, մերձավորների առողջության, մանր ու մեծ էնքա՜ն բարեհաջողությունների համար:
Ճիշտ են ասում, որ զուտ մարդուց է կախված՝ կյանքն ապրել որպես ամենօրյա հրա՞շք, թե՞ տառապանքների անվերջ շղթա:
Ուրիշը քեզ չի կարող խանգարել, որն ընտրես, այդպես էլ կընթանա քո երկրային ուղին:
Ռուզաննա Պետրոսյան