Մի «խելոք» իր տարիքն առած, առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեցող մոր ապաքինումը վստահում է թերի բարձրագույն անասնաբուժական կրթությամբ, ղասաբի ընդգծված հակումներ ունեցող մեկին: Լավ, մի կարգին մարդու բժիշկ չկա՞ր՝ կհարցնեք: Կար, բայց էս խելոքին հավատացրել էին, թե ավանդական բժշկությունը հակացուցված է իր մորը, դե, ինքն էլ ոչ ավանդական անասնաբուժությունն էր ընտրել:
Առաջին վիրահատական միջամտությունից հետո տեսնում է՝ մոր աջ ձեռքը չկա: Ղասաբի ընդգծված հակումներ ունեցողը հանգստացնում է տագնապած որդուն, թե՝ պրոֆիլակտիկ անդամահատություն է արվել, հեռացվել է վտանգավոր բացիլի օջախը, որ չներթափանցի մարմնի այլ հատվածներ: Նույն ղասաբային եզրակացություն-հիմնավորումն է ստանում նաև հաջորդ վիրահատական միջամտություններից հետո, երբ սարսափով տեսնում է, թե ինչպես են կտրվում-մի կողմ նետվում երեկ՝ տկար, բայց միանգամայն կենսունակ մարմնի վերջույթները: «Սարսափելու հարկ չկա,- հանգստացնում է թերի անասնաբուժական կրթություն ունեցողը:- Անպետք մասերը հեռացրել ենք, որ ամբողջը փրկենք: Ողջ մնալու միակ տարբերակը դա է: Երաշխավորում եմ»:
Ալֆրեդ Հիչքոքի սարսափ-ֆիլմից վերցված փշաքաղեցնող դրվագ չէ սա, մեր այսօրվա իրականության գրոտեսկային ալեգորիան է, որդու դերում՝ մենք, մոր դերում՝ մայր հայրենիքը; Ղասաբ-անասնաբույժին հիշատակելու կարիք էլ չկա, բոլորին ծանոթ անդամահատող է: Ալեգորիայի ժանրին էլ դիմեցի միայն նրա համար, որ ընտրություններից 12 օր առաջ գրոտեսկային շարադրանքից բխող ընդամենը մեկ հարց տամ վաղվա ընտրողին.
-Առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեցող հարազատ մորդ ապաքինումը թերի բարձրագույն կրթությամբ անասնաբույժին էլի՞ ես վստահելու:
Լիլի Մարտոյան