ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Մեղադրական դատավճռի կայացման դեպքում Միքայել սրբազանը պետք է հայտարարի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին

Մեղադրական դատավճռի կայացման դեպքում Միքայել սրբազանը պետք է հայտարարի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին
03.10.2025 | 15:59

Հոգևորից պետք է անցնել քաղաքական գործունեության

Նիկոլի իշխանությունը (այո՛, ոչ թե դատարանը, այլ իշխանությունը, որովհետև Հայաստանի դատարանները, չնչին բացառությամբ, Նիկոլ հայադավի կամակատարներն են և ոչ թե պետական, այլ Նիկոլի իշխանության մաս են կազմում) պատրաստվում է այսօր ժամը 17:30-ին հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրական դատավճիռը: Մեղադրական կողմը պահանջել է երկուսուկես տարվա ազատազրկում:

Այն, որ դատարանն ինքնուրույն չէ, այլ Նիկոլի իշխանության մաս, բոլորովին չի վերացնում Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի պատասխանատվությունն անօրինական, անարդարացի դատավճիռ կայացնելու դեպքում:

Մի պահ սթափվեք, լրջացեք. դուք պատկերացնո՞ւմ եք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկվածի, կալանավորի կարգավիճակում, հանցանք կատարած ու դատապարտված այլ անձանց հետ միասին… Կարծում եմ, Միքայել սրբազանը մեղադրական դատավճռի հրապարակման դեպքում պետք է անհապաղ հայտարարի, որ առաջադրում է իր թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում, թողնում է իր հոգևոր գործունեությունը, դուրս է գալիս այդ ոլորտից և անցնում քաղաքական գործունեության:

Եվ այդ դեպքում, շատ հնարավոր է, որ նա կստանա հանրային ամենամեծ աջակցությունը: Արդեն նույնիսկ այժմ, հանրային հարցումների համաձայն, նա Հայաստանում իր վարկանիշով երկրորդ տեղում է հայտնի գործարար, քաղբանտարկյալ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման հիմնադիր Սամվել Կարապետյանից հետո: Սակայն մեղադրական դատավճռի հրապարակման դեպքում ու վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու, քաղաքական գործունեության անցնելու մասին սրբազանի հայտարարությունից հետո, եթե վերջինիս կողմից ճիշտ պայքար և աջակիցների կողմից կազմակերպված ու խելացի քարոզարշավ ծավալվի, հնարավոր է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վարկանիշը հայտնվի առաջին հորիզոնականում:

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, սեպտեմբերի 24-ին հրապարակել էր մեղադրական վերդիկտը, որով Միքայել սրբազանը մեղավոր էր ճանաչվել: Սրբազանի խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ՝ իր սահմանափակումներով հանդերձ:

Նույն դատարանը սեպտեմբերի 29- ին ավարտելով Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստը, հեռացել է վերջնական դատական ակտ կայացնելու և հայտարարել է, որ դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3- ին:

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ սրբազանն արտահայտվել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, Գլխավոր դատախազությունը 1 տարի առաջ նրա նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու հանրային քրեական վարույթ չէր նախաձեռնել:

Հետագայում, սակայն, քրեական վարույթի նախաձեռնումը փորձել են հիմնավորել այն պատճառաբանությամբ, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը հետագայում ևս մի քանի անգամ կրկնել է: Մինչդեռ Հայաստանի Քրեական օրենսգրքում չկա որևէ նորմ կամ դրույթ առ այն, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին հրապարակայնորեն արտահայտվելն առաջին դեպքում հանցակազմ չի պարունակում, սակայն հանցակազմը միանգամից հայտնվում է, երբ տվյալ խոսքի հեղինակը նույն միտքը հետագայում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է:

Միքայել Սրբազանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում և իրեն մեղավոր չի ճանաչում, ինչին համակարծիք է նաև տողերիս հեղինակը: Ինչու…

Նախ, երբ խոսքը հեղաշրջման անհրաժեշտության մասին հրապարակայնորեն արտահայտվելուն է վերաբերվում, չպետք է մոռանալ, որ Հայաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Ճիշտ է, նույն հոդվածի համաձայն, «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով», բայց երբ ընտրություններն ազատ չեն և (կամ) կեղծվել են իշխանության կողմից, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը գրպանում է դրել ոչ միայն գործադիր իշխանությունը, իրավապահ համակարգը, ԿԸՀ- ն, այլև ուզուրպացրել է դատական իշխանությունը, մի՞ թե կա իշխանությունը ժողովրդին վերադարձնելու այլ տարբերակ, բացի հեղաշրջումից:

Երկրորդ. եթե հեղաշրջման անհրաժեշտության մասին հրապարակայնորեն արտահայտվելը հանցակազմ է պարունակում, հանցանք է ու դրա համար Միքայել սրբազանը պետք է ազատազրկվի, ապա Նիկոլ հայադավը և իր ոհմակի բազմաթիվ անդամներ ոչ թե կամ ոչ միայն հեղաշրջման անհրաժեշտության մասին արտահայտվելու, այլև այն փաստացի իրականացնելու (https://armlife.am/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%BF%D5%BE%D5%A5%D6%81%D5%B8%D6%80-2018-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/ , https://news.am/arm/news/498380.html ) համար վաղուց պետք է դատված, ազատազրկված լինեին, և դատված ու պատժված կլինեին, եթե Հայաստանի «իրավապահ» համակարգում չառաջնորդվեին երկակի ստանդարտներով (հենց այստեղ մեջբերենք Սահմանադրության նույն հոդվածի վերջին տողը՝ «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»):

Երրորդ. որքան ծանոթ են Միքայել սրբազանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հրապարակված տեղեկություններին, նա արտահայտվել է ոչ թե զինված հեղաշրջման, այլ հեղաշրջման անհրաժեշտության մասին: Իսկ ի՞նչ է նշանակում հեղաշրջում: Ոչ ոք իրավունք չունի այս բառին կամայական մեկնաբանություն, բացատրություն տալու, միակ ընդունելի բացատրությունը Հայաստանի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի Ինստիտուտի կողմից հրատարակված Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի 3- րդ հատորի (Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1974) 334- րդ էջում «հեղաշրջում» բառին տրված բացատրությունն է, այն է՝ «Հասարակական- քաղաքական սիստեմի արմատական փոփոխություն»: Ինչպես ակնհայտ է, տվյալ բառի բացատրությունն իր մեջ չի պարունակում հասարակական- քաղաքական համակարգի արմատական փոփոխության միջոցի (զինված, չզինված) որևէ տեղեկություն:

Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև, որ Նիկոլ հայադավն ինքը 2018թ. կատարվածը համարել ու համարում է «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»: Իսկ ո՞վ է ասում, թե Միքայել սրբազանը, հեղաշրջման անհրաժեշտության վերաբերյալ արտահայտվելով, նույնը նկատի չի ունեցել…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ