Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Վիսոցկին և Հայաստանը»

«Վիսոցկին և Հայաստանը»
25.01.2014 | 11:31

Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 76-ամյակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին տեղեկացնում է «Մոսկվայի տան» հանրային կապերի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը: «Վիսոցկին և Հայաստանը» խորագիրը կրող միջոցառման հեղինակները կպատմեն Վիսոցկու և Սերգեյ Փարաջանովի ընկերության մասին, ով ցանկացել է Վիսոցկուն նկարահանել իր ֆիլմերից մեկում: Լևոն Քոչարյանի հետ ընկերության մասին, ում շնորհիվ ձայնագրվել և տարածվել են երիտասարդ Վիսոցկու երգերը: Կներկայացվի նաև երգչի երևանյան շրջագայության, Սևանա լիճ ուղևորության և Հայ առաքելական եկեղեցում Վիսոցկու կնքվելու մասին:

«Մոսկվայի տան» բեմում` երևանյան թատրոնների հայտնի արտիստների կատարմամբ կհնչեն նաև Վիսոցկու երգերը` «Баллада о книжных детях», «Где твои 17 лет», «Я не люблю», «Канатоходец», «07», «Кони привередливые», «Диалог у телевизора», «Жираф большой», «О переселении душ»:
Միջոցառման մուտքն ազատ է:
Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին ծնվել է հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ ՈՒրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։
Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։
Նրա բանաստեղծություններն առաջին անգամ հայ հանրությանն են ներկայացվել «Ավանգարդ» թերթում (Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ ու նախաձեռնությամբ), այնուհետև ողողել են հայաստանյան գրական մամուլը: Հաջորդիվ` Լևոն Բլբուլյանը հայ ընթերցողի դատին է հանձնել Վիսոցկու «Ես, ինչ խոսք, ետ կգամ» գիրքը:
Հիշեցնենք որ «Մոկվայի տանն» է կայացել ռեժիսոր Պյոտր Բուսլովի «Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ցուցադրությանը ներկա էր նաև մեծ արտիստի որդին` Նիկիտա Վիսոցկին, ով նաև Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմի սցենարիստն է և պրոդյուսերներից մեկը: Ֆիլմը միանշանակ չընդունվեց հանդիսատեսի կողմից: «Իմ սերունդը, ցավոք, վերջինն է, որ հիշում է Վիսոցկուն բեմի վրա, տեսել է նրան կյանքում: Փորձել ենք երիտասարդ սերնդին նորովի ներկայացնել այն, ինչը սիրել ենք, ինչը հուզել է մեզ: Կարող են սիրել-չսիրել ֆիլմը, ինձ համար մեկ չէ, բայց ես արել եմ դա և ավելին անել չէի կարող»,-ասաց Նիկիտա Վիսոցկին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ